՛՛Յունիգրաֆ իքս՛՛-ի պատասխանը կենդանասերներին
Վերջերս որոշ հասարակական կազմակերպություններ վերսկսել են թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՛՛Յունիգրաֆ իքս՛՛ ընկերության վերաբերյալ ստահոդ լուրերի տարածումը՝ փորձելով մոլորության մեջ գցել հանրությանը։
՛՛Յունիգրաֆ իքսը՛՛ հարկ է համարում նշել, որ կատարում է իր պայմանագրային պարտավորությունները՝ թափառող կենդանիների դեմ պայքարելով բացառապես քնեցման և ստերիլիզացման մեթոդներով։ Այդ մեթոդները կիրառվում են ոչ միայն Երևանում, այլև ամբողջ աշխարհում։ Թափառող կենդանիների դեմ պայքարը քաղաքացիների օրինական պահանջն է, ինչն էլ և իրականացվում է։
Կենդանասերների կողմից վերջին օրերին տարածվող նկարների մեծ մասը բացարձակապես կապ չունի ՛՛Յունիգրաֆ իքսի՛՛ հետ։ ՛՛Յունիգրաֆ իքսը՛՛ բազմիցս է բացահայտել, որ կենդանասեր ներկայացող անձանց ու կազմակերպությունների կողմից հրապարակված և ՛՛Յունիգրաֆ իքսին՛՛ վերագրված նկարները հայկական իրականության հետ որևէ առնչություն չունեն և ներբեռնած են համացանցից։ Սա հերթական դեպքն է։
Հայաստանում կենդանասերները վիճարկում են Երևանում թափառող շների թվի հարցը։ Բերում են Մոսկվայի օրինակը՝ նշելով իբր թե ՌԴ մայրաքաղաքում կա ընդամենը 20-30 հազար շուն, մինչդեռ Երևանում՝ 40 հազար։ Կենդանասերների այս տվյալները ոչ տրամաբանական են։ Մասնավորապես, համացանցում նշվում է, որ Մոսկվայում թափառող կենդանիների խնդիրը շատ սուր է։
Մոսկվայի իշխանություններն այս խնդրի լուծման համար տարեկան առանձնացնում են մոտ 1 միլիարդ ռուբլի (11,5 միլիարդ դրամ)։ Ստացվում է, որ Մոսկվան թափառող կենդանիների խնդրի լուծման համար 55 անգամ ավելի գումար է հատկացնում ավելի քիչ շան համար, քան Երևանում (2014-ին՝ 200 մլն դրամ)։
Եվս մեկ օրինակ. շները Մոսկվայում տարեկան կծում են մոտ 30 հազար բնակչի։ Ստացվում է, որ Մոսկվայում գոյություն ունեցող 20 հազար շունը կծում է 30 հազար քաղաքացու։ Ընդ որում, նաև ՛՛Յունիգրաֆ իքսի՛՛ աշխատանքի շնորհիվ է, որ Երևանում նվազել են շներից մարդկանց կծելու դեպքերը։ 2011-ին Երևանում գրանցվել է 496 կծելու դեպք, 2012-ին՝ մոտ 150 դեպք։
Ինչ վերաբերում է Երևանում 40 հազար շուն լինել-չլինելուն, ինչը նույնպես շահարկվում է կենդանասերների կողմից։ 40 հազար թափառող կենդանի Երևանում կա ոչ թե այս պահի, վայրկյանի դրությամբ, ինչպես ներկայացնում են կենդանասերները, այլ ամբողջ տարվա կտրվածքով։ Գիտենք, որ կենդանիները բազմանում են երկրաչափական պրոգրեսիայով, և թափառող կենդանիների մեծ հոսք կա մարզերից։
՛՛Յունիգրաֆ իքսին՛՛ մեղադրում են նաև, որ 2006 թվականից շահում է թափառող կենդանիների դեմ պայքարի մրցույթը։ ՛՛Յունիգրաֆ իքսը՛՛ ոչ մի մեղք չունի, որ այդ մրցույթին այլ կազմակերպություն չի դիմում, և իր առաջարկած պայմանները բավարարում են մրցույթի պահանջներին։ Ընդ որում, 2006-2008թթ. ՛՛Յունիգրաֆ իքսը՛՛ կատարել է միայն ստերիլիզացման աշխատանքներ, թափառող կենդանիների վնասազերծում իրականացրել է այլ ընկերություն։
Կենդանասերների բարձրացրած աղմուկն արհեստածին է ու չունի հասարակական հնչեղություն։ Մեկ շաբաթ առաջ քաղաքապետարանի մոտ բողոքում էր կենդանասեր ներկայացող ընդամենը 10-15 մարդ։ Փոխարենը մենք ունենք հազարավոր մարդիկ, ովքեր պահանջում են իրենց ազատել թափառող կենդանիներից։ Մենք կատարում ենք հասարակական այդ պահանջը՝ ապահովելով մարդկանց անվտանգությունը։
Կից ներկայացվում են նկարներ՝ ՛՛Յունիգրաֆ իքսի՛՛ կլինիկայից։