23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե գամ իշխանության, գերիների հարցը մի քանի օրում կլուծվի՝ անձնական կապերի միջոցով. Վանեցյան

Առհասարակ շատ լուրջ դերակատարում են ունենում անձնական կապերը տարբեր մարդկանց հետ: Թե Ռուսաստանում, և թե այլ երկրներում ես ունեմ նորմալ հարաբերություններ և համոզված եմ, որ կկարողանամ լուծել գերիների վերադարձի հետ կապված հարցերը:

Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Անձնական կապերը փորձել եմ օգտագործել պատերազմի ողջ ընթացքում տարբեր հարցերով, և իմ ընկերներն ինձ ասում են՝ շատ ներողություն, պարոն Վանեցյան, Դուք որպես ի՞նչ եք հանդես գալիս: Դուք ՀՀ պաշտոնական ներկայացուցի՞չ եք:  Ձեր բարձրացրած հարցերը կրում են միջպետական բնույթ»,- ասաց ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը:

Նա ասաց, որ իր ասածը չի վերաբերում բացարձակ իշխանություն ունենալուն, բայց ինքն ինչ-որ կերպ պետք է ներգրավված լինի երկրի կառավարմանը, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ինքը որևէ ներգրավվածություն չի կարող ունենալ:

Ես ձեզ պաշտոնապես խոսք եմ տալիս, որ իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց:

Հարցին, թե եթե հիմա Փաշինյանի կառավարությունից զանգեն ու նրան առաջարկեն որևէ պաշտոն զբաղեցնել, միայն թե գերիների վերադարձի հարցը լուծվի, կհամաձայնի՞ արդյոք, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ իր երկրի համար պատրաստ է անել ամեն ինչ, բայց այսօր արդեն այդ վիճակը չէ, որ ինքը միայնակ որոշումներ կայացնի:

«Ինձ հետ այսօր շատ մարդիկ կան: Ես ամբողջովին ներգրավված եմ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ, և այս հոծ բազմությունը, որ այսօր այստեղ հավաքված է, ինձնից չի պահանջում, որ մենք գնանք ու այս կառավարությանը մաս կազմենք: Մեզնից կա հստակ պահանջ՝ փոխել վարչապետին, կառավարությանը, ձևավորել ազգային կառավարություն, որն ի վիճակի է լուծել մեր երկրի հարցերը»,- նշեց Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը զինված հեղաշրջման փորձ չի արել ու քաղաքական հայտարարություններ՝  նույնպես:

«Սա ռազմական հեղաշրջման փորձ չէ, այլ մարդկանց սթափության կոչելու ևս մեկ ահազանգ: 2019թ. սեպտեմբերի 16-ին, երբ ես ներկայացրեցի հրաժարականի դիմում, ես գլոբալ առումով նույն բաներն էի ասում, ինչ ասվել է ԶՈՒ ԳՇ կողմից»,- նկատեց Արթուր Վանեցյանը:

 

Ըստ նրա՝ եթե Գլխավոր շտաբը փորձ անի ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, դա կլինի ռազմական հեղաշրջման փորձ, ինչը չի բխում մեր երկրի շահերից:

«Բայց եկեք ականջալուր լինենք Զինված ուժերի արած հայտարարություններին և հասկանանք, որ վտանգված է մեր երկրի ապագան»,- ասաց Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ Սահմանադրության մեջ անգամ Գլխավոր շտաբին տրված են ապաքաղաքական լինելու երաշխիքներ:

Արթուր Վանեցյանի դիտարկմամբ՝ իրենք ունեն գործողությունների հստակ պլան:

«Ամեն ինչ կախված է ժողովրդից, եթե մինչև 18:00-ն այստեղ հավաքվի կրիտիկական զանգված…»,- թեական պատասխան տվեց Արթուր Վանեցյանը:

Նա նաև խիստ դատապարտեց լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու ցանկացած փորձ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ