Հիմա պարզ է՞, ինչու է ալիևը ծաղրում.Արտակ Զաքարյան
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիմա պարզ է՞, ինչու է ալիևը ծաղրում՝ ասելով NƏ OLDU, PAŞİNYAN? (ի՞նչ եղավ, Փաշինյան)։
Թերթելով կապիտուլյանտի ֆեյսբուքյան (պաշտոնական) էջը (մաս 2-րդ)։
2020թ. նոյեմբերի 1, Արցախի դեմ սանձազերծված դավադիր պատերազմի 35-րդ օր։ Մեր զորքերը, արյունալի ու խառնիխուռը մարտերով ամբողջությամբ նահանջել էին Ջեբրայիլի, Ֆիզուլու և Հադրութի շրջաններից, Կուբաթլուի շրջանի մեծ մասից, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների որոշ գյուղերից։ Թշնամին ինքնավստահ ու գրեթե անխոչընդոտ խորանում էր մեր զորքերի թիկունքում՝ քայլելով դեպի Քարինտակ-Շուշի։ Ռազմաճակատում քաոս էր, անկառավարելի ու անհասկանալի քաոս։
Այդ նույն ժամանակ կապիտուլյանտն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանի իշխանություններն այնքան են հաղթական ինֆորմացիայով սնել իրենց հանրությանը, որ նրանք ամեն օր, արդեն երկար ժամանակ սպասում են, որ, վերջ, պատերազմն ավարտվելու է իրենց վերջնական հաղթանակով։ Եվ նրանք սպասում են այդ լուրին: Ես ցանկանում եմ ասել՝ իրենք այդ լուրը չեն ստանալու, այդ լուրը չեն ստանալու»։
Զավե՞շտ, դավաճանությունը քողարկող էժանագին քարոզչական տրյու՞կ, թե՞ ճակատագրի հեգնանք է սա։ Քննությունը կպարզի։
Փաստն այն է, որ այս հոխորտացող գրառումից ուղիղ 7 օր հետո Նիկոլը՝ նույն ալիևի հետ, ստորագրում է կապիտուլյացիոն հայտարարություն և զորքերը դուրս բերում բոլոր մնացյալ տարածքներից։ Իսկ ավելի ուշ հայտարարում, որ Շուշին ադրբեջանցիներինն է, իսկ Տեղ գյուղից այն կողմ՝ ընդհանրապես ադրբեջան է։
Ահա այսպիսի գերագույն գլխավոր չգիտեմ ինչ է մեզ բաժին հասել ամենաճակատագրական պահին։
Հիմա պարզ է՞, թե ինչու՞ է ալիևը կապիտուլյանտին ծաղրում՝ ասելով NƏ OLDU, PAŞİNYAN? (ի՞նչ եղավ, Փաշինյան)»։