Փաշինյանը թաքցնում է կարեւոր տեղեկությունը պետական գաղտնիքի անվան տակ․ Ժողովուրդ
Մինչ ռուսական կողմը երեկ ամեն կերպ կշտամբում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Իսկանդեր»-ին վերաբերող հայտարարությունների համար, պարզվում է՝ վարչապետի աշխատակազմը փորձում է պետական գաղտնիքի անվան տակ պատերազմին վերաբերող այլ հանգամանքներ թաքցնել:
Նախ՝ ամեն ինչի մասին սկզբից. 23-ի երեկոյան՝ «Առաջին լրատվական»-ի եթերում հրապարակված հարցազրույցի ժամանակ, Փաշինյանը, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր»-ը ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը». «Թող հարց տա՝ ինչու «Իսկանդերը» չի պայթել, կամ ինչու է այն պայթել, օրինակ, 10% -ով»։ Եվ, ահա, այս հայտարարությանն անդրադարձ եղավ ամենատարբեր մակարդակով։
«Հայտարարելով ռուսական «Իսկանդեր»-ների անաշխատունակության մասին՝ Փաշինյանը պետք է, ինչպես ասում են, «պատասխան տա ասածի համար»» ,- ասել է «Իսկանդեր»-ի մշակողներից ինժեներ-կոնստրուկտոր Վլադիմիր Կովալյովը։
Նա հավելել է, որ ինքը տասնյակ անգամներ վկա է եղել համալիրի փորձարկմանը եւ ոչ մի դեպք չի հիշում, որ մարտագլխիկը չպայթի։ Իսկ որպեսզի նման բան պատահի, պետք է կա՛մ առհասարակ մարտագլխիկը հանել հրթիռի վրայից, կա՛մ համալիրի սպասարկումը վստահել դիլետանտներին։ Եվ այստեղ դեռ պետք է պարզել՝ արդյոք թերուսները չեն սպասարկել «Իսկանդեր»-ներով կրակելուց առաջ։
Իսկ հիմա անդրադառնանք մեկ այլ հետաքրքիր հանգամանքի. այդ հարցազրույցում եղան հայտարարություններ, որոնք ուղիղ պատասխան էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Փաշինյանը փորձում է արդարացնել վերջինիս հարցադրումը, թե ինչու «Իսկանդեր»-ը չի կիրառել, սակայն փորձում է խնամքով թաքցնել նրա մեկ այլ հարցադրումը, թե ինչու է պատերազմի օրերին 600 դոլարով զրահաբաճկոն ձեռք բերվել:
Բանն այն է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ, խոսելով «թալանի եւ լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով հերքել կամ հաստատել Սերժ Սարգսյանի հայտարարությունը։
Ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Նշված հարցադրումների կապակցությամբ հայտնում ենք, որ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, այդ կատեգորիայի ծառայությունների եւ ապրանքների գնումները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»:
Այսինքն՝ պետական գաղտնիքի անվան տակ փորձում են գերթանկարժեք գնով զրահաբաճկոններ գնելու աղմուկը մարել եւ, ըստ էության, կարեւոր տեղեկություն թաքցնել:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։