26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խայտառակ զբոսանք՝ կառավարության մի շենքից մյուսը․ Հրապարակ

Ժամանակին քաղաքացիների մեջ ազատ շրջող եւ հեծանիվով աշխատանքի գնացող Նիկոլ Փաշինյանը, ում ականջն արդեն սովորել է «Նիկոլ, դավաճան» վանկարկումներին, երեկ որոշել էր կառավարության կենտրոնական մասնաշենքից 3-րդ մասնաշենք հասնել ոտքով՝ այցելելու շրջակա միջավայրի նախարարություն։ Նրա՝ ընդամենը մի քանի մետր տեւող զբոսանքը, սակայն, ուղեկցվեց բավականին դրամատիկ պահերով։

Ժողովրդի վարչապետի անվտանգությունն ապահովելու համար կառավարության մասնաշենքերի մոտ ոստիկանական բազմահազարանոց զորք էր բերվել, որոնք շղթայել էին ամբողջ տարածքը՝ խոչընդոտելով անգամ այդ տարածքով աշխատանքի գնացող քաղաքացիների մուտքը։ Իշխանությունն այսպիսի հուժկու պատրաստություն էր տեսել, քանի որ Հայրենիքի փրկության շարժման անդամները նախօրեին հայտարարել էին, որ հաջորդ օրը պետք է գային եւ փորձեին խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի շարժը կառավարության մի շենքից մյուսը։ Փաշինյանն էլ, վախեցած դրանից, փաստորեն, հրահանգել էր ոստիկանական գրեթե ամբողջ ներուժը մոբիլիզացնել մեկ վայրում, որ ինքն անխոչընդոտ անցնի տարածքով։

Բայց միայն ոստիկանները չէին հսկում տարածքը։ Կառավարության հարակից պուրակում նաեւ բազմաթիվ ԱԱԾ-ականներ կային, իսկ շենքերի տանիքներին էլ դիպուկահարներ էին տեղակայվել։ Ու թեեւ Փաշինյանը ոտքով, իհարկե, բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ, մոտեցավ շենքին, փողոցում, այդուհանդերձ, մեկ զրահապատ Mercedes էր կայանված՝ ուղեկցող ամենագնացներով։ Սա արել էին հավանաբար այն նպատակով, որ եթե հանկարծ, ինչ-որ մի հրաշքով Փաշինյանի վրա հարձակում տեղի ունենար, նրան հասցնեին արագ նստեցնել զրահապատ մեքենան ու փախցնել տարածքից։ 

Կարճ ասած, անգամ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կզարմանար՝ իր տեղաշարժի ժամանակ այսպիսի «ժողովրդավար» դրսեւորման ականատես լինելով։ Իշխանությունները, ի դեպ, Նիկոլ Փաշինանյին պաշտպանում էին ընդամենը մեկ-երկու տասնյակ քաղաքացիներից, որոնց մեջ էին նաեւ ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները։ Եվ երբ նա թիկնապահների ուղեկցությամբ, գլուխը հիմնականում կախ՝ քայլում էր դեպի կառավարության 3-րդ մասնաշենք, շենքի կողքը՝ մետրոյի հատվածում հավաքված քաղաքացիները սկսեցին բղավել․ «Հողատու, թուրքի շուն», «Նիկո՛լ, դավաճան, թուրքի կոշիկ լիզող»։ Այս ամենը, բնականաբար, որեւէ ազդեցություն չթողեց նրա վրա, նա հանդարտ քայլքով մտավ շենք ու այնտեղ մնաց ավելի քան երկու ժամ։ Դուրս գալիս դարձյալ նույն պատմությունն էր՝ «հողատու, թուրքի շուն, դավաճան» եւ այլն։

Այդ 2 ժամվա ընթացքում ցուցարարների շարքերը բավականին նոսրացան։ Ոստիկանները բռնի ուժով սկսեցին բերման ենթարկել անհնազանդ քաղաքացիներին, այդ թվում՝ ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդներին, ընդամենը այն պատճառով, որ համարձակվել էին Նիկոլ Փաշինյանի հետեւից ինչ-որ բաներ բղավել։ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, մինչեւ բերման ենթարկվելը, հասցրեց հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջ կյանքում այսպես «սողունի նման սողալով է տեղաշարժվելու քաղաքում»։ Զուգահեռ հիշեցրեց նաեւ, որ նրա պաշտոնավարմանն ընդամենը հաշված օրեր են մնացել։ 

Ոստիկաններն սկսեցին կամաց-կամաց առաջ գալ՝ հետ մղելով մետրոյի կայարանի մոտ կանգնած քաղաքացիներին։ Որքան ոստիկաններն առաջ էին գալիս, այնքան Հայաստանի ժողովրդավարությունը հետքայլ էր կատարում, քանզի նրանք այնպես էին անում, որ Հայաստանի հպարտ քաղաքացիների սրտի խոսքը որեւէ կերպ լսելի չլիներ ժողվարչապետի ականջին։ Քաշքշոցի ու բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները հասցրին գետնին տապալել նաեւ մեր գործընկեր օպերատորներից մեկին։ 

Բերման ենթարկելու եւ ոստիկանների հետ բախումների իրավիճակներ եղան նաեւ մի քանի մետր ներքեւ՝ Մելիք Ադամյան փողոցի հատվածում, որտեղ գտնվում է ինչպես կառավարության կենտրոնական մասնաշենքը, այնպես էլ ՀՀԿ գրասենյակը։ Այստեղ եւս ոստիկանական հաստ պատնեշներ էին գոյացել, նրանք ամբողջովին փակել էին ՀՀԿ գրասենյակի մուտքը եւ թույլ չէին տալիս անգամ ՀՀԿ-ականներին, որոնց թվում նաեւ Էդուարդ Շարմազանովն էր, մուտք գործել իրենց աշխատավայր։ Այդ ընթացքում լուրեր տարածվեցին, որ ոստիկաններն ընկել են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետեւից, հարվածներ հասցրել նրան։ Ոստիկանների կիրառած ուժի հետեւանքով Սաղաթելյանը վնասվածք էր ստացել, կադրերում տեսանք, որ նրա դեմքից արյուն էր հոսում։ 

Այդ ամբողջ ընթացքում ոստիկաններն այդպես էլ որեւէ հոդաբաշխ բացատրություն մեզ չտրամադրեցին, թե ում անվտանգությունն են այսպես մեծ ուժերով ապահովում, թեպետ պարզ էր, թե ում, ինչ հիմքով են խոչընդոտում լրագրողների, նաեւ հասարակ քաղաքացիների ազատ տեղաշարժը եւ այլն։ Ի դեպ, մեր հարցին՝ ում անվտանգությունն եք ապահովում, ոստիկաններից մեկն այդպես էլ պատասխանեց․ «Մեզնից լավ գիտեք»։ Զգացվում էր՝ իրենք էլ են հոգնել այս իրավիճակից, թեպետ նրանցից ոմանք առանձնահատուկ ջերմեռանդությամբ էին կատարում քաղաքացիների վրա հարձակման հրահանգն ու ուժ կիրառում նրանց վրա։ Եվ սա առաջացնում էր հավաքվածների զայրույթը, ովքեր ոստիկաններին մեղադրում էին «դավաճանի հրահանգները կատարելու մեջ»։

Ամոթալի տեսարաններով ներկայացումն ավարտվեց ժամը 1-ի կողմերը։ Երկրի թիվ մեկ պահպանյալը բազմաթիվ հայհոյանքների ու սուլոցների ներքո վերադարձավ իր կաբինետ, ոստիկանության եւ ԱԱԾ-ի զորքերը ցրվեցին, ոստիկաններին բերած տասնյակ ավտոբուսները, խցանումներ առաջացնելով, հեռացան, եւ քաղաքը մտավ իր բնականոն հունի մեջ։Լ

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ