ՄԽ համանախագահներն ու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը ունեն մեր լիակատար աջակցությունը
ԵՄ-ն նախ եւ առաջ արժեքների հանրություն է: Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպոյը, ով տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ՝ հուլիսի 3-ին ժամանեց Երեւան: “Հայաստանը մի գործընկեր է, որը ցանկանում է որդեգրել այդ արժեքները”,-շեշտեց նա ու հավելեց, որ ասոցացման բանակցությունները, որոնց շուրջ աշխատանք է տարվում, այս նպատակն են հետապնդում:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներրին` Ռոմպոյը խոսեց արեւելյան գործընկերության օգուտների մասին տարածաշրջանի համար եւ կրկին նշեց, որ դրանք հնարավոր չէ քաղել , եթե չլինի տարածաշրջանային կայունություն եւ խաղաղություն, եթե շարունակական լինի հակամարտության սպառնալիքը:
“ԵՄ-ն կշարունակի պնդել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը զարկ տան իրենց ջանքերին` ընդհանուր համաձայնության գալու ուղղությամբ: Այսպես կոչված մադրիդյան սկզբունքները շարունակում են արժեքավոր հիմք ծառայել խաղաղություն հաստատելու համար` համաձայն այն հանձնառությունների, որ ստանձնել են 2 երկրների նախագահները ՄԽ համանախագահների առջեւ:
Մենք կշարունակենք հայցել ազատ մատույցները առանց որեւէ նախապայմանի դեպի Լեռնային Ղարաբաղ եւ շրջապատող տարածքներ ԵՄ ներկայացուցիչների համար”,- ասաց Ռոմպոյը, ով մեծ մտահոգությամբ տեղեկացավ Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպերին:
“Այս ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել եւ հնարավոր չէ որեւէ բան անել` միեւնույն ժամանակ հարկ է հրապարակավ խոսել սրանց մասին, որպեսզի չզարգանան եւ չստանան բացասական եւ անցանկալի զարգացումներ: ՄԽ համանախագահներն ու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը ունեն մեր լիակատար աջակցությունը:
Մենք կուզենայինք լրացուցիչ աջակցություն տրամադրել վստահության կայացմանն ուղղված միջոցառումենրի տեսքով: Եվ երբ որ հաստատվի խաղաղություն, կօգնենք վերականգնման աշխատանքում”:
Ռոմպոյը շեշետեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իմաստով ԵՄ հավակնությունները կարդարացվեն միայն խաղաղության եւ կայունության հիման վրա: “Իրավիճակը տարածաշրջանում շատ լուրջ մարտահրավեր է ներկայացնում, Ղարաբաղի հակամարտության կարգավորումը այս երկրի եւ այս տարածաշրջանի ներուժը կյանքի կոչելու հիմնական նախապայմաններից է:
Որպեսզի այս դռները բացվեն, շատ բան կախված է ոչ միայն քաղաքական գործիչների, այլեւ քաղաքացիների կամքից, որ համատեղ պետք է դժվար որոշումենր կայացնեն”,- նշեց նա եւ հավելեց, որ Եվրոպայի կայացումը ծնվեց այն գաղափարից, որ Եվրոպան իր պատմության գերին այլեւս չի լինի եւ նախկին թշնամիներ լինելով` համատեղ ապագա կստեղծենք:
Ռոմպոյը նշեց, որ Հայաստանը մտադիր է խորացնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ եւ դա ողջունելի է: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը շատ ամուր հիմքեր ունի: Նա շեշտեց, որ այս մասին է վկայում եվրոպական հարեւանության քաղաքականությունը:
Նա ընդգծեց, որ ԵՄ-ն առաջնորդվում է “ավելին ավելիի” դիմաց սկզբունքով: Նա դրական գնահատեց, որ ասոցացման համաձայանգրի եւ ազատ ու խորը համապարփակ առեւտրի շուրջ բանակացությունները առաջ են ընթանում: