13 Օգոստոսի, Saturday, 2022
KFC

Առանց «ախրաննիկների» նույնիսկ զուգարան չգնացող «Իմ քայլն» ու Նիկոլ Փաշինյանը աննախադեպ «բարձունք» գրավեցին հայոց պատմության մեջ․ Փաստ

timthumb (2)

«Հարեւան Պողոսի» ինտելեկտի ուղղությամբ հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է տեղի ունեցել։ Ի՞նչ է պատահել։ Նախ՝ փետրվարի 7-ին խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության անդամների եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վերջինիս առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, եւ որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ Դրան հաջորդում է քայլածների իշխանության կարկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե իրենց վարչապետն այսօր ունի ամենաբարձր քաղաքական վարկանիշը։ Զուգահեռ իրականությունում նույն օրը հայտնի դարձավ, որ պետական որոշ կառույցներում դարձյալ միլիոնավոր դոլարների պարգեւավճարներ են ստացել։ Նախ՝ մի պարզ բան արձանագրենք։

Այս իշխանությունը հայոց պատմության մեջ առաջին հերթին կմնա որպես Հայաստանն ու Արցախը պատերազմի տարած ու այդ պատերազմում պարտված իշխանություն, հազարավոր զոհերի ու հսկայական տարածքային կորուստների պատճառ դարձած իշխանություն, ապա եւ՝ կհիշվի որպես նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի եւ պատերազմի ժամանակ անամոթաբար պարգեւավճար դուրս գրած ու ստացած իշխանություն: Ու այս ֆոնին է, որ նույն Ալեն Սիմոնյանն ասում է, թե իրենք մեղավոր են, որ որոշ մարդկանց Բենթլիներն ու դղյակները չհասցրին ԱԹՍ դարձնել։ Նկատո՞ւմ եք քաղաքական պատասխանատվության եւ բարոյականության ազատ անկումը։ Բենթլիներն ու դղյակները, ենթադրենք, չհասցրեցիք, հավատում ենք, բա տասնյակ միլիոնավոր դոլարների պարգեւատրումները դարձնեիք: 

Դրանք ուղղեիք ԱԹՍ-երի ձեռք բերմանը: Ինչեւէ, առաջ անցնենք։ Ի՞նչ տեղի ունեցավ փետրվարի 7-ին։ Իշխանությունը հրապարակեց մի տեքստ, որը մարտահրավեր է քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին ու հասարակությանն առհասարակ։ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու, ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը լիցքաթափելու փոխարեն, սովորության համաձայն, լարում է իրավիճակը՝ պրոցեսները քաղաքական հարթությունից դուրս բերելու վտանգներով եւ ռիսկերով։ Քաղաքական ձեռագիր է, ինչ արած։ Ու դժբախտությունն այն է, որ իրավիճակի լրջությունն ու հետեւանքները չեն հասկանում «ուսապարկերի խմբակցություն» ծաղրանունը ստացած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։

Նրանք, փրփուրը բերաններին, ԱԺ միջանցքներում ստում են, երբ ասում են, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Նիկոլի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, ստում են, երբ ասում են, թե հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, ու որ իրենց վարչապետն ամենաբարձ ռեյտինգն ունի: Ու այստեղ միանգամից հիշում ես մի քանի օր առաջ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցելությունը, երբ նույն մարդը Նիկոլին բարեւում եւ գովում էր սկզբում բակում, հետո շաուրմայանոցում, հետո էլի բակում, երբ պատահական բարեւող անցորդ է ձեւանում ոստիկանության բաժնի՝ քաղաքացիական հագուստով պետը, այնինչ այդ պահին նա պիտի լիներ համազգեստով ու ծառայության մեջ, քանի որ այդպիսին է կարգը։

Այսպես են երեւի ալենսիմոնյանները որոշել, որ արտահերթ ընտրությունների հասարակական պահաջ չկա, եւ որ Նիկոլի վարկանիշը պատմական ռեկորդ է սահմանել։ Երեւի «հակառեկորդ» պիտի ասեին: Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ ստելը, պոռոտախոսելն ու դատարկախոսելն այս քաղաքական ուժի կրեդոն է։ Սա եւս արձանագրենք ու անցնենք առաջ: Շոուի համար մետրոյով ու հեծանիվով երկու անգամ աշխատանքի գնացած, բայց իրականում տաք «պադավատներից» չիջնող, այլեւս առանց «ախրաննիկների» նույնիսկ զուգարան չգնացող «Իմ քայլն» ու Նիկոլ Փաշինյանն արդեն այնքան են կտրվել իրականությունից ու հասարակությունից, որ մարդկանց ատելությունը, արհամարհանքն ու հակակրանքն իրենց նկատմամբ չեն տեսնում, կամ ձեւացնում են, թե չեն տեսնում:

Ուղղակի զարմանում ես՝ լավ, մարդամեջ դուրս չեք գալիս, բայց գոնե ձեր սիրած Ֆեյսբուքում էլ չեք տեսնո՞ւմ ձեր հասցեին հայհոյանքի, անեծքի ու քննադատության գերդոզավորված չափաբաժինը։ Իհարկե, տեսնում եք, բայց հանուն մեկ օր ավելի իշխանության մնալու շարունակում եք քաղաքական բարոյականության ազատ անկումը։ Ամփոփենք։

«Իմ քայլի» ամենադուխով պատգամավորը թող դուրս գա փողոց ու պատահական անցորդին ասի, որ իրենց իշխանությունը համաճարակի ու պատերազմի ժամանակ տասնյակ միլիոնավոր դոլարներ է բաժանել որպես պարգեւավճար, ասի, որ այլեւս տնտեսությունը խոր թաղել է, որ պետական պարտքը դարձել է 9 միլիարդ, որ չի կարողանում ՀՀ սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը պաշտպանել, որ կազմաքանդել է բանակը, դե, Արցախի, պատերազմի արդյունքների մասին էլ չխոսենք: Ու նման բաներ ասելուց հետո հարցնի ՀՀ քաղաքացուն, թե ի՞նչ կարծիք ունի իր թիմի եւ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի մասին: Ի դեպ, խորհուրդ է տրվում ՀՀ քաղաքացու հետ դիալոգի մեջ մտնել բացառապես պաշտպանիչ հանդերձանքով։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ