Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը նոր աղետ է բերում մեր երկրին եւ մեր հասարակությանը տանում է անհուսության․ Հրապարակ
Լարվածությունը երկրում չի թուլանում։ Անգամ դաժան ցրտերը չեն խանգարում մարդկանց՝ պայքարը փողոցում շարունակելու։ Երկրում կուտակված դժգոհությունը, իհարկե, միայն փողոց ելած մարդկանց քանակով չի որոշվում, եւ առհասարակ՝ փողոցային պայքարը չէ դժգոհության միակ ցուցիչը։ Դժգոհությունը կուտակվում է ամենուրեք, եւ մարդիկ դա չեն թաքցնում։ Խոսում են այդ մասին, բողոքում են։ Նրանց մի մասը, անշուշտ, չի կարողանում հստակ ձեւակերպել իր դժգոհությունն ու դրա հասցեատերերին։ Մի մասն էլ քարոզչական մանիպուլյացիաների եւ պսեւդովերլուծությունների ազդեցության տակ է եւ չի գիտակցում, թե որտեղից են գալիս մեր այսօրվա դժվարությունները, ովքեր են մեղավոր, եւ ինչ անել, որպեսզի իրավիճակը փոխվի։
Երեկ Հանրապետության հրապարակում հավաքված մարդիկ հստակ գիտակցում էին իրենց դժգոհության պատճառներն ու մեղավորներին, նրանք իշխանափոխություն են պահանջում եւ համոզված են, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը նոր աղետ է բերում մեր երկրին եւ մեր հասարակությանը տանում է անհուսության, անորոշության։ Բայց իշխանությունն ու իր սատելիտները կարծում են, որ ոչինչ չի կատարվել՝ ոչ մի սարսափելի բան, ոչ մի անդառնալի կորուստ։
Այ, մի քիչ էլ կանցնի՝ մեծ դժգոհությունները կմարեն, արմատականները կհայտնվեն բանտերում, որդեկորույս ընտանիքներին փոխհատուցումներ կտան, հաշմանդամներին կբուժեն, հիվանդանոցներում գտնվողներից մի քանիսի գլուխը կշոյեն, մի քանի խորհրդակցություն կանեն, մի քանի զգայացունց ուղերձ ու հայտարարություն կտարածեն, մի քանի եվրոպական երկրից եկած հյուր կընդունեն, գերիների մի մասն էլ այդ ընթացքում կվերադառնա եւ վերջ։ Ամեն ինչ կընկնի իր սովորական հունի մեջ, եւ իրենք կսկսեն ապրել, ասենք, 2019 թվականի կյանքով։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա հաամորւմ։