Մասնակցել է վարչապետը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել “Մերիդիան” ցուցահանդեսային կենտրոնում “Հայաստանը՝ ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն” ներդրումային համաժողովի բացմանը: Այն կազմակերպվել է “Երեւան շոու-2014” ոսկերչական միջազգային 4-րդ ցուցահանդեսի շրջանակում՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ “Հայ ոսկերիչների համաշխարհային միության” համատեղ ջանքերով:
ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին ու հյուրերին՝ վարչապետը նշել է, որ այն կնպաստի Հայաստանի ոսկեգործության ոլորտի զարգացմանը եւ ներդրումների ներգրավմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ոսկեգործությունը Հայաստանում զարգացած է եղել դեռեւս վաղ անցյալում, եւ հայ ոսկերիչների աշխատանքները հայտնի են եղել ամբողջ աշխարհում:
“Հայաստանի կառավարությունը կարեւորում եւ հատուկ ուշադրություն է դարձնում ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտների զարգացմանը: ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում մշակվել եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից հաստատվել են ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտների ռազմավարությունները եւ դրանց իրականացումն ապահովող գործողությունների ծրագիրը, որի նպատակն է Հայաստանը դարձնել գլոբալ հայկական ոսկեգործության հանգույց:
Ոսկեգործության ոլորտի զարգացման համար այսօր նոր խթան կհանդիսանա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, ինչը տեղական ընկերություններին լուրջ հնարավորություններ կընձեռի շուկաների ընդլայնման եւ որակյալ հումքի ձեռքբերման հարցում”, – ընդգծել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը կարեւորել է “Մերիդիան” ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծումը՝ նշելով, որ ոսկեգործության զարգացման համար ձեւավորվել է բարենպաստ հարկային եւ մաքսային դաշտ, եւ պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության միջոցով այսօր էլ քայլեր են ձեռնարկվում ոլորտի արտադրանքը միջազգային շուկայում պատշաճ ներկայացնելու ուղղությամբ: Հանրապետության վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով ոլորտը բարձրացնել այնպիսի մակարդակի, որ բոլորը շարունակեն հիանալ հայ ոսկերչական արվեստով: