ԱԺ-ում 1 ամսում 400.000 դոլարի չափով պարգևավճար են ստացել․ yerkir.am
Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան՝ Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր տեղեկացրել է, որ պատգամավորներն ու աշխատակազմը 2020 թ. սեպտեմբերին եւս ստացել են պարգեւատրում՝ ամսական պաշտոնային դրույքի 75 տոկոսի չափով:
Փաստորեն, COVID-19 համավարակի շարունակվող հետեւանքների, տվյալ պահին արձանագրված շուրջ 6 տոկոս տնտեսական անկման եւ խորացող սոցիալական ճգնաժամի պայմաններում, ինչպես նաեւ պատերազմական առաջին օրերին ԱԺ 131 պատգամավորները նախորդ տարվա սեպտեմբերին ստացել են՝
– շուրջ 65 միլիոն դրամ պարգեւատրում,
– 87 միլիոն դրամ աշխատավարձ,
– միասին՝ 152 միլիոն դրամի չափով վարձատրություն:
Մեկ պատգամավորի հաշվով վարձատրությունը սեպտեմբերին կազմել է 1 միլիոն 160 հազար դրամ, որը շուրջ 37 անգամ գերազանցում է անապահով մեկ ընտանիքին տրամադրվող ամսական նպաստի միջին չափը:
ԱԺ աշխատակազմի 603 աշխատողների պարգեւատրումը սեպտեմբերին կազմել է շուրջ 127 միլիոն, աշխատավարձը՝ 169 միլիոն, իսկ ամբողջական վարձատրությունը՝ 296 միլիոն դրամ:
Այսպիսով՝ 2020 թ. սեպտեմբերին ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը ստացել են 192 միլիոն դրամի չափով (շուրջ 400.000 դոլար) պարգեւատրում: