Ես գյուղի բնակիչներին ասել եմ, որ շաբաթվա կեսը պետք է լինեմ այդ գյուղերում՝ իրենց հետ. Առուշ Առուշանյան
Ես այս ողջ պրոցեսին անլուրջ եմ նայում, պրոցեսը դրդող մարդկանց էլ եմ անլուրջ նայում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործերին։ Նշենք, որ այս պահին դատարանում ընթանում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանմա միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը։
«Հետեւաբար այս արարքները մեկնաբանելը, կարծում եմ՝ անլուրջ է։ Երեւի թե մեր կալանավորումն ինչ-որ ենթատեքստ ունի, երեւի նոր տարածքներ կան, որոնք պետք է հանձնվեն թշնամուն։ Այսօր՝ առավոտյան ես ստացա պատասխանը, որ, այո, դա հենց այդպես էր։ Ամեն քայլի պետք է գնանք, որպեսզի մեր պատմական հողերը, այն ինչը մերն է, գոնե այս փուլում մնա մեզ։ Մենք շատ ավելի բարենպաստ հողեր էինք պատերազմի ընթացքում կարողացել պահել, եւ մարդիկ ուղղակի նվիրեցին։ Ես խոսում եմ միայն Գորիսի մասին, որտեղ Խնձորեսկը, Որոտանը, Շուռնուխը մի քանի մետրի վրա են թշնամուց։ Օրինակ՝ Շուռնուխն ու Որոտանը ոչ թե մի քանի մետրի վրա են, այլ պետք է նրանց տները պետք է կպած լինի թշնամուն, որն ամենավտանգավորն է»,- նշեց նա։
Գորիսի քաղաքապետն ասաց, որ սպասելու է դատարանի օբյեկտիվ որոշմանը, որպեսզի Փարամազյանի հետ գնան Սյունիք։
«Վիրտուալ տիրույթում հանդիպեցի, որ երբ մենք այնտեղ չենք եղել, մեր համագյուղացիներից մի կին բանակցում է թուրքի հետ. սա աբսուրդի ժանրից է։ Մենք հետ կգնանք եւ կհասկանանք՝ այնտեղ ինչ է կատարվում, որովհետեւ առավոտյան արդեն զանգ կար, որ մեր պատմական հողերը, որոնք երբեւէ թշնամու ձեռքում չեն եղել, մնում են թշնամուն։ Այսինքն՝ թշնամին է որոշում՝ որն է իրենը։ Նա կանխավ տեղյակ է եղել այս ամենի մասին, ինչն այսօր կատարվում է եւ պատահական չէր մեր ձերբակալությունները, պատահական չէր այս կռվող տղերքին խրամատից հանելը»,- ասաց Առուշանյանը։
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է նոր իշխանության դեպքում բանակցային գործընթացով որոշ տարածքներ հետ վերցնելը, Գորիսի քաղաքապետն ասաց. «Կարծում եմ՝ այն իշխանությունը, որը իրական լեգիտիմություն կունենա, մեր քաղաքացիները սրտանց կամենալով, հասկանալով, նայելով մարդկանց անցած ուղուն… Եթե ունենանք նման իշխանությունները, կարծում եմ՝ այդ բանակցային փուլերի ընթացքում գուցե հնարավոր լինի։ Մեր իշխանություններն օր առաջ պետք է զինվեն, եւ մեր խնդիրը լուծեն»։
Լրագրողը Գորիսի քաղաքապետին պատմեց, որ Շուռնուխում իրավիճակը լարված է, գյուղապետը դատարկում տունը, բնակիչների մոտ տագնապ է, քանի որ մի քանի մետր հեռավորության վրա հակառակորդն է, Առուշանյանն ասաց. «Ես գյուղի բնակիչներին ասել եմ, որ շաբաթվա կեսը պետք է լինեմ այդ գյուղերում՝ իրենց հետ։ Նամուսի հարց է, որ այդտեղից ոչ մեկը չպետք է բացակայի, պետք է ապրեն, որ նախկինում ինչ ունեինք, Աստծո կամոք, գնանք այն դիրքերը, որտեղից հետ ենք եկել»։