23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ի իրավասությունները շահարկողներին հորդորում եմ ուսումնասիրել Սահմանադրությունը, «ՄԻՊ-ի մասին» օրենքը. Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության հետ կապված շահարկումները՝ հարկ է համարում հատուկ պարզաբանում անել:

Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության հետ կապված շահարկումները՝ հարկ ենք համարում հատուկ պարզաբանում անել՝

1) Եթե ինչ-որ մեկը, ով չունի որևէ պաշտոն կամ օժտված չէ պետաիշխանական լիազորություններով ու այդ անձը սպառնում է մեկ այլ կոնկրետ պաշտոնատար կամ ոչ պաշտոնատար անձի կամ բռնություն է գործադրում նրա նկատմամբ, ապա սպառնալիք տվողին կամ բռնություն գործադրողին քրեական կամ այլ տեսակի պատասխանատվության ենթարկելը, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, նրան ձերբակալելը կամ կալանավորելը կամ քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու նպատակով նրանց արարքներին իրավական որակումներ տալը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ:

Նշվածի համար ինչպես մեր, այնպես էլ ցանկացած այլ պետությունում գոյություն ունեն իրավապահ մարմիններ ու դատարաններ: Այսինքն՝ այդ հարցերը գտնվում են, օրինակ, Ոստիկանության, քննչական մարմինների կամ Դատախազության կամ դատարանի իրավասության ներքո:

Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող կատարել նրանց գործը:

Այլ հարց է, թե Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության հարցերը շահարկողներն այդ մարմիններին ինչու չեն դիմում կամ այդ մարմիններն ինչով են զբաղված, եթե առաջ են եկել նրանց իրավասության առնչվող հիմքեր:

Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունն առաջ է գալիս այն ժամանակ, երբ, օրինակ, կոնկրետ դեպքով (ասենք, ինչ-որ մեկը հրապարակային կամ ոչ հրապարակային սպառնացել է մեկ այլ անձի կամ բռնություն է գործադրել) քաղաքացի-քաղաքացի հարաբերությունները տեղափոխվում են պետություն-քաղաքացի կամ քաղաքացի-պետություն հարթություն, օրինակ՝ քաղաքացին դժգոհում է, որ իրավապահ մարմինները պատշաճ չեն քննում իրեն տրված սպառնալիքներին վերաբերող գործը կամ թույլ են տալիս խախտումներ կամ առհասարակ հրաժարվում են քննությունից։

2) Քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթն է նաև երկրում մարդու իրավունքների համակարգի կատարելագործմանը, համերաշխության մթնոլորտին նպաստելը, մարդու իրավունքների համար բոլոր խնդրահարույց հարցերին Պաշտպանն անդրադառնում է նաև համակարգային, ինստիտուցիոնալ մակարդակում` առանց մասնավոր անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակի համար նրանց կոնկրետ արարքներին իրավական գնահատականներ տալու ու դա արվում է միշտ՝ բացառելու համար իրավունքի որևէ հնարավոր խախտում: Օրինակ՝ այս հայտարարությամբ առկա է մանրամասն անդրադարձ վիրավորանքներին ու ատելությանը երեկվա զանգվածային միջոցառումներին ընդառաջ:

Ուստի, հորդորում ենք մանրամասն ուսումնասիրել իրավապահ մարմիններին ու դատարաններին վերաբերող իրավական կանոնները, մեր երկրի Սահմանադրությունը, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրականօրենքը և Հայաստանի միջազգային պայմանագրերը:

Հ.Գ. Շահարկումների մյուս մասին առավել մանրամասն կանդրադառնանք օրվա ընթացքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ