«Իմ քայլը» իրականությունից կտրվել է, իրենց թվում է՝ իշխանությունը վարչապետի ձեռքին է, բայց այդպես չէ․ Արա Զոհրաբյան
Ուսումնասիրությունների արդյունքում մենք կարծում ենք, որ վարչապետի արարքում առերեւույթ առկա են դավաճանության հանցակազմի տարրեր։ Այս մասին այսօր՝ դեկտմեմբերի 22-ին Փաստաբանների պալատի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Մենք այստեղից երթով կշարժվենք Ազգային ժողով, որին կներկայացնենք երկու փաստաթուղթ, որոնցից մեկը հորդոր է այն պատգամավորներին, որոնք փաստաբանի կարգավիճակ են ունեցել եւ այն կասեցրել են պայմանավորված՝ պատգամավորի կարգավիճակով, դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից եւ գործել որպես անկախ պատգամավոր։ Մյուս պահանջն ուղղված է ԱԺ նախագահին, որով պահանջում ենք վերացնել ռազմական դրությունը եւ նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Այնուհետեւ Ազգային ժողովից երթով գնալու ենք գլխավոր դատախազություն, որտեղ հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք։ Ուսումնասիրությունների արդյունքում մենք կարծում ենք, որ վարչապետի արարքում առերեւույթ առկա են դավաճանության հանցակազմի տարրեր»,- ասաց Զոհրաբյանը։
Հարցին, թե եռակողմ հայտարարությունից հետո մեկ ամսից ավելի է անցել, եւ շատ իմքայլականներ դուրս չեն եկել խմբակցությունից, դա ինչո՞վ է պայմանավորում, Զոհրաբյանն ասաց․ «Կարծում եմ, որ «Իմ քայլի» պատգամավորները խմբակցությունից դուրս չեն գալիս, որովհետեւ իրենք իրենց շրջապատի մեջ մեկը մյուսին սիրտ տալով, իրականությունից կտրվել են եւ իրենց թվում է, որ իշխանությունը վարչապետի ձեռքին է, բայց ես կարծում եմ, որ այդպես չէ, վարչապետն այս պահին իշխանություն չունի, ժողովուրդը նրան չի վստահում եւ չի ընդունում, այո, կան խմբեր, որոնք շարունակում են նրան հարել, բայց կարծում եմ, երբ պատգամավորները տեսնեն, որ ամբողջ մասնագիտական հանրույթը կամ քաղաքացիական այլ խմբեր մերժում են վարչապետին, իրենք էլ խելքի կգան ու կանցնեն ժողովրդի կողմը»։
Փաստաբանների պալատի նախագահն հավելեց, որ կամավորական հիմունքներով փաստաբաններն այսօր չեն մասնակցելու դատական նիստերին եւ քննչական գործողություններին, այդ կերպ միանալով ընդդիմության հայտարարարծ գործադուլին։