Փորձում են մի քանի գործեր միավորել մեկ վարույթում, որ Առուշանյանին ծանր հոդվածների մեղադրանքով կալանավորեն. Պաշտպան
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հարցաքննությունն ավարտվել է, նա ցուցմունք չի տվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի պաշտպաններից Արմեն Մելքոնյանը։
«Մի քանի բառ ենք ասել՝ հավաքն անօրինական չի եղել, եւ այսպես հապճեպ գործողություններ կատարելու փոխարեն ուղղակի փորձեք հիմա պարզել՝ արդյոք օրինական հիմքերի վրա էր այդ հավաքը։ Առուստամյանը որեւէ կուսակցության չի պատկանում, իր կուսակցությունը ժողովուրդն է»,- նշեց պաշտպանը։
Նա հայտնեց, որ պաշտպանական թիմն արդեն իսկ Առուշանյանի ձերբակալման որոշումը բողոքարկել է դատարան. «Սպասում ենք դատարանի արձագանքին։ Հուսանք, որ դատարանը շուտ կարձագանքի եւ այս ապօրինություններին վերջ կդրվի»։
Արմեն Մելքոնյանն ընդգծեց, որ նրա ձերբակալումն ապօրինի է եւ պարունակում է քաղաքական գործընթաց. «Չի կարող որեւիցե մեկն այդ արարքում օրինական հավաք կազմակերպելու համար մարդուն կալանավորել։ Սա ապօրինի գործողություններ են։ Ենթադրում եմ՝ քաղաքական գործընթաց է։ Ուզում եմ ասել, որ իր փաստաբանական թիմի ղեկավարն եմ, բայց Առուշանյանը նաեւ հանդիսացել է իմ հրամանատարը։ Շուրջ 2 ամիս նրա հետ խրամատում եմ կռվել։ Գիտեմ, թե անձն ով է, նրա բյուրեղյա մաքրությունը գիտեմ։ Այսօրվա իշխանություններին կոչ եմ անում՝ խելքներդ գլուխներդ հավաքեք»։
Նա նշեց, որ պաշտպանները լիահույս են՝ դատարանն արդարացի որոշում կկայացնի։
Մելքոնյանը հայտնեց՝ քիչ առաջ տեղեկություն է ստացել այն մասին, որ բացի հիշյալ քրեական գործից, ինչ-որ քրեական գործեր կան, որոնք միավորվում են մեկ վարույթում, որպեսզի Առուշանյանին կարողանան ծանր հոդվածներով կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան. «Հասկանում եմ՝ ինչ են փորձում կատարել. միավորում են մեկ վարույթում, եւ դրանով չի բացառվում, որ ժամերի ընթացքում Առուշանյանին նոր մեղադրանքներ առաջադրվի արդեն ծանր հոդվածներով փորձեն միջնորդություն ներկայացնել դատարան, որպեսզի խափանման միջոց կալանավորում կիրառվի»։
Հարցին՝ ի՞նչ քրեական գործերի մասին է խոսքը, պաշտպանն ասաց. «Մոտ 6 ամիս առաջ մի քրեական գործով որպես նրա փաստաբան Առուշանյանի հետ մասնակցել եմ։ Այդ գործն եմ ենթադրում, որ հնարավոր է, բայց ասացին՝ մի քանի գործեր են։ Խոսքը մի անձի մասին է, որն Առուշանյանի ընտանիքին պատկանող ընկերությունից 33 միլիոն դրամ գումար է հափշտակել, որից հետո իբր թե Առուշանյանը, որը նաեւ իր ազգականն է, ապտակել է»։
Հարցին՝ ինչպե՞ս է Առուշանյանը բնորոշում այս քրեական գործը, Մելքոնյանն ասաց. «Ծիծաղում է սրանց վրա։ Առուշանյանը հայի էն տեսակն է, որին ուղղակի պահել ու պահպանել էէ պետք»։
Մելքոնյանն ասաց նաեւ, որ քրեական գործը հարուցելու եւ Առուշանյանին ձերբակալման որոշում է կայացրել տեղամասային տեսուչը։
«Նրան տանից ապօրինի բերման են ենթարկել առավոտյան 4։30-ի սահմաններում, 6։30-ին ձերբակալվել է, մինչեւ 14։30 մենք որեւէ տեղեկություն Առուշանյանի վերաբերյալ չունեինք։ ՀՀ տարբեր իրավապահ մարմիններից փորձում էինք ճշտել՝ որտեղ է Առուշանյանը, բայց այդ ընթացքում մեր ջանքերն ապարդյուն էին. չգիտեինք՝ որ կարգավիճակով, որ քրեական գործով եւ ինչ արարքի համար»,- ասաց պաշտպանը եւ հավելեց, որ այդ մասով պաշտպանական թիմը Ոստիկանություն հաղորդում է ներկայացրել։