«Մեր սուգը սկսվեց պատերազմի 3-րդ օրը, երբ բոլորս հասկացանք՝ մառախուղի ներքո ուղղակի դավադրություն է կատարվում». Լիլիթ Գալստյան
Ազատության հրապարակում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքը, որին հաջորդելու է երթը՝ դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի։ Հանրահավաքին ներկա են «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ներկայացուցիչներ և այլք։
ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը խոսքն ուղղելով հանրահավաքի մասնակիցներին՝ ասաց, որ հայ ժողովրդի ողբերգությունն ըստ էության սկսվել է 2,5 տարի առաջ, երբ հնարավորություն ստեղծվեց, որպեսզի իշխանություն ստանձնի մեկը, որն իր ողջ արժեքային համակարգով եկել էր քայքայելու ՀՀ պետականությունը։
«Մեր սուգը սկսվեց պատերազմի 3-րդ օրը, երբ բոլորս հասկացանք՝ ծխի, մառախուղի ներքո ուղղակի դավադրություն է կատարվում, երբ սեփական աթոռը պաշտպանելու համար, երկրի թիվ մեկ դավաճանը զոհասեղանին է դնում մեր զավակներին, ընտրանուն»,- ասաց Լիլիթ Գալստյանը։