Հայաստանցին աղքատ չի ու երջանիկ է. սոցիոլոգ
Ծխախոտի համար օրական 2 դոլար ծախսողը համարվում է աղքատ, 1 դոլար ծախսողը՝ ընչազուրկ: ՄԱԿ-ի այս տվյալները մեջբերեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ նշելով, որ Հայաստանում աղքատների մեծ մասը հարցումների ժամանակ իրեն աղքատ չի համարում: “Հայաստանում իրեն աղքատ է համարում հարցվածների 19.4 տոկոսն, այն դեպքում, երբ իրական աղքատության մեջ ապրում է շուրջ 42 տոկոսը: Հայաստանում յուրաքանչյուր 7-րդ ընտանիք ամեն օր սոված է պառկում քնելու: Ինչ վերաբերում է համեստ ապրողներին, ապա Հայաստանում նրանց իրական թիվը մոտ 40 տոկոս է, մինչդեռ իրեն համեստ ապրող համարում է հարցվածների 70 տոկոսը: Իսկ ահա 13 տոկոս կազմող հարուստ-ունեւոր խավն աշխատում է թաքցնել իր կարողությունը, եւ այդ խավի միայն 2.2 տոկոսն է խոստովանում, որ հարուստ է: Օլիգարխները կազմում են ընդհանուր բնակչության միայն 0.2 տոկոսը”,-ասաց նա:
Աշխարհում ամենամեծ ՀՆԱ-ն բաժին է հասնում Մոնակոյին եւ Լիխտենշտեյնին՝ մեկ շնչի հաշվով 187 հազար դոլար: “Չնայած Հայաստանում մեկ մարդուն բաժին ընկնող ՀՆԱ-ն մի քանի անգամ ցածր է, սակայն դա չի խանգարում, որ աշխարհի երջանիկ երկրների թվում Հայաստանը զբաղեցնի վարկանիշային ցուցակի 53-րդ տեղը, այն դեպքում, երբ ԱՄՆ հանգրվանել է ցուցակի 105-րդ հորիզոնականում, իսկ ահա Ռուսաստանը վարկանիշային ցուցակում 122-րդն է”,-եզրափակեց սոցիոլոգը: