23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԱԾ պահեստազորային գնդապետների և գեներալների կոչ–հայտարարությունը

Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ծավալվող իրադարձությունները վկայում են, որ իրավիճակը կայունանալու, կարգավորվելու փոխարեն ավելի է սրվում,  Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված արտաքին և ներքին  անվտանգության  սպառնալիքներն ուժգին և ակներև են դառնում:

Զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական վիճակը, մարտունակությունը, հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման գործընթացն ու պաշտպանությունը, Արցախի Հանրապետությունում հակառակորդի հետ դեռևս տեղ-տեղ բռնկվող բախումները, երկրի կառավարման համակարգի կարևորագույն ոլորտներում դրսևորվող անգործությունն ու անկազմակերպվածությունը,  ոչ մասնագիտական մոտեցումները, ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ բռնաճնշման փորձերը, նրանց կողմից  բարձրաձայնված իրական մտահոգություններն անտեսելու, լռեցնելու քաղաքականությունը, ազգային անվտանգության համակարգը ներքաղաքական  պարզաբանումների մեջ ներքաշելու փաստը, արտաքին դիվանագիտության ոլորտում պասիվ, անարդյունավետ գործողությունները, նախաձեռնողականության իսպառ բացակայությունը, իրադարձությունների վրա ազդելու փոխարեն սոսկ արձագանքողի դերի ստանձնումը, պատերազմի հետևանքների վերացումը զուտ Ռուսաստանի ղեկավարության վրա թողնելու անհասկանալի մոտեցումը վկայում են այն մասին, որ ստեղծված իրավիճակի արդյունքում պետության անվտանգային ողջ համակարգը խոցելի է դարձել և վտանգված է:

Նույնիսկ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավար անձանց ագրեսիվ հայտարարությունները կարող են իրականություն դառնալ, ինչի արդյունքում պատերազմական գործողությունները կծավալվեն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հանգեցնելով աղետալի հետևանքների ողջ տարածաշրջանում:

Միևնույն ժամանակ մամուլով պարբերաբար տարածվում են խիստ կարևորություն ներկայացնող տեղեկություններ, որոնք ուղիղ կապ ունեն պատերազմի սանձազերծման և դրա արդյունքում մեր ունեցած տարածքային ու մարդկային կորուստների իրական պատճառների  հետ, սակայն նմանատիպ հրապարակումների հեղինակները կամ դրանց հետ անմիջական առնչություն ունեցող անձինք խուսափում են հանրությանն ամբողջ ծավալով և լիարժեք պարզաբանումներ տալուց՝ բազմաթիվ հարցեր թողնելով անպատասխան: Մասնավորապես, մտահոգիչ է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եղած կապի արդյունքում միլիարդավոր դոլարների դիմաց Արցախի տարածքների հանձնման  շուրջ սակարկությունների վերաբերյալ սպրդած տեղեկատվությունը:

Ստեղծված իրավիճակում մենք՝ ներքոստորոգրյալներս, երկրում տիրող իրավիճակը  կայունացնելու համար կոչ ենք անում.

1. Իրավապահ մարմիններին չներքաշել ներքաղաքական ինտրիգների մեջ, վերածելով բռնաճնշումներ իրականացնող գործիքի:

1. Դուրս գալ շոկային վիճակից, դրսևորել պրոֆեսիոնալիզմ և կոնկրետ  գործողություններով լուծել զինված ուժերում ու կառավարման համակարգում առկա վերը նշված խնդիրները:

3. Սեղմ ժամկետներում թափանցիկ, հանրությանը մատչելի եղանակներով մանրակրկիտ ուսումնասիրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կապի, նրանց միջև հնարավոր գործարքի վերաբերյալ եղած տեղեկությունները:

4. Հանրության բևեռացումը վերացնելու, ազգային համերաշխություն ձևավորելու նպատակով սեղմ ժամկետներում գնալ իշխանափոխության:

Եթե ՀՀ իշխանությունները սույն կոչը թողնեն անհետևանք, ապա մեր կողմից կձևավորվի փաստահավաք խումբ՝ փորձառու քննիչների, դատախազների, օպերատիվ աշխատակիցների, փաստաբանների և այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ, և առկա բոլոր միջոցներով կստուգվեն Հայաստանի և Արցախի դեմ  հնարավոր դավադիր գործարքի ու դրա հետևանքով պատերազմում դիտավորությամբ պարտվելու վերաբերյալ տեղեկությունները: Բացի այդ, կոչով կդիմենք ՀՀ ԱԱԾ և իրավապահ համակարգի մեր մյուս գործընկերներին՝ որոշելու ստեղծված իրավիճակում իրենց ծառայողական պարտականությունների հետագա իրականացումը շարունակելու նպատակահարմարությունը:

Հայտարարությունը բաց է, և դրան կարող են միանալ իրավապահ մարմինների, պաշտպանության նախարարության, սահմանապահ զորքերի նախկին և ներկա աշխատակիցները:

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ՊԺԿ պահեստազորի գնդապետ Միքայել Համբարձումյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ պահեստազորի գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ պահեստազորի գեներալմայոր Գարեգին Մխիթարյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գեներալմայոր Զավեն Նանյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Գրիգոր Անտոնյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Էդուարդ Ղումաշյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Արտյոմ Գրիգորյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Վարդան Գալստյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Կարեն Հակոբյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Սամվել Բաղդասարյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Սամվել Սարգսյան

 17.12.2020

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ