Երբ Փաշինյանը հասկացավ, որ չի կարողանալու հաղթել ու չի ուզում առանց մարտերի հանձնել հողերը, պետք է հրաժարական տար. Արթուր Վանեցյան
Երբ Փաշինյանը ստանձնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը, պետք է քաջ գիտակցեր, որ Հայաստանում ամենամեծ չլուծված խնդիրներից մեկն Արցախյան հակամարտության հարցն է, որի լուծումը պետք է տրվեր, «Ազատության» հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա ընդգծեց, որ անձամբ մի քանի անգամ վարչապետին ասել է, որ եթե Արցախյան համակարտության հարցի վերաբերյալ չկան բանակցություններ, կոնկրետ աշխատանք՝ այլընտրանքը պատերազմն է: Մինչդեռ, ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ մենք պատրաստ չէինք պատերազմելու, որովհետև ի սկզբանե տեղեկություններ կային, որ Թուրքիան էլ է ներգրավվելու:
«Ասել եմ և ոչ միայն իրեն, այլև Ազգային անվտանգության խորհրդի նիստերին: Փաշինյանը ներքին լսարանի համար խոսում էր տարբեր բաների մասին, պոպուլիստական հայտարարություններ էր անում՝ «Արցախը Հայաստանն է և վերջ», «Ես բանակցությունները սկսում եմ իմ կետից», «որևէ զիջման չեմ գնալու» և այլ: Ունեցանք պատերազմ և չկարողացանք հաղթել», – արձանագրեց Արթուր Վանեցյանը:
Ըստ նրա՝ երբ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ պատերազմ է սկսվել և ինքը չի կարողանալու հաղթել ու չի ուզում առանց մարտերի հանձնել հողերը, իր մեջ պետք է քաջություն գտներ, ի սկզբանե հայտարարեր իր հրաժարականի մասին.
«Կլիներ քաղաքական փոփոխություն, ինչը կստիպեր միջազգային գործընկերներին կանգնեցնել այս պատերազմը: Նա չարեց»:
Նա նկատեց, որ տարբեր ժամանակներում առաջարկներ են եղել ՌԴ նախագահից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից՝ Փաշինյանը բոլորը մերժել է: