26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աղոթք Հայոց ազգի եւ եկեղեցիների համար

ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑԻ
ԱՂՈԹՔ ՀԱՅՈՑ ԱԶԳԻ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 
Եվ արդ, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, Հիսո՛ւս Քրիստոս, ես՝ ամենասխալ և բազում չարիքներով և անօրենությամբ լցված Քո ծառան, արդեն գետնին խոնարհված, կորագլուխ և մեծ ողբով սրտի խորքից հառաչում եմ իմ Ամենագթած Աստծո մոտ և աղաչում:
Մեր ողորմելի և անտիրացյալ ազգի համար աղաղակում եմ Քեզ, ո˜վ ողոմելիների՛ Ողորմած, անտիրացյալների՛ Տեր, անճարների՛ Ճար, անօգնականների՛ Օգնական, անհույսների՛ Հույս և Ապավեն, վշտացածների Հանգիստ և Մխիրթարություն:
 
Կանչում եմ Քեզ մեծ թախանձանքով, բա՛ց, Տե՛ր, Քո աչքերը և տե՛ս մեր ողորմելիությունը, տե՛ս, թե ինչպես է Քո փոքրիկ հոտը ցրվել և տարագրվել ողջ երկրով մեկ և մատնվել օտար տերերի և թշնամիների ձեռքը՝ զրկված իրենց հայրենիքից և սեփական բնակավայրից: Նրանք նման են ծովի ալիքների վրա տատանվող, ղեկաբեկ նավի՝ առանց ղեկավարի, և նման են անապատում մոլորյալ ոչխարի՝ առանց հովվի:
 
Եվ չունեն Մովսես, որ առաջնորդի, չունեն Հեսու, որ թշնամու դեմ կանգնի, չունեն Դավիթ, որ Քեզ հաճելի պատարագներ մատուցի և Քո բարկության սուրը հետ դարձնի: Եվ չունեն մարգարե, թագավոր, իշխան և առաջնորդ և ինչ-որ օգնություն ինչ-որ մի տեղից:
Մեր իշխաններն ու ազնվականները, զրկվելով իշխանությունից և ունեցվածքից և ընկնելով ուրիշների իշխանության տակ, ծառայում են ողորմելաբար: Մեր հասարակ ժողովուրդը, գտնվելով այլազգիների ծանր լծի ու հարկի տակ, հազիվ են հայթայթում իրենց կենաց ապրուստը, և նրանց սերմանածն ու վաստակները ուրիշներն են ուտում և վայելում:
 
Վայելչագեղ եկեղեցիները և պայծառաշեն վանքերը, որոնք կառուցվեցին Քո անվամբ և ի հիշատակ Քո սիրելի սրբերի, Սուրբ Հոգուդ օծմամբ կնքվեցին և ամենահաղթ Խաչիդ նշանով պսակվեցին, որոնցում պատարագվում է Գառդ Աստծո՝ ի փրկություն աշխարհի, որոնցում կատարվում էին Քո Սրբագործ և հոգեկեցույց խորհուրդները, որոնցից Քեզ էին վերառաքվում օրհնության և փառաբանության ձայներ, հոգևոր բուրմունքներ, հաճելի նվերներ և հաշտարար աղոթքներ, որոնց մեծ մասը ամայացել է և ապականվել, գողերի ու գազանների օթևան դարձել:
 
Հիրավի, թշնամին ձեռք գցեց Քո սիրելիներին: Հեթանոսները մտան Քո ժառանգության մեջ և պղծեցին Քո Սուրբ տաճարները: Նրանց սրահներն ու սրբությունները ապականվեցին: Նրանց ճանապարհները սգով լցվեցին, նրանց տարեկան տոների երթևեկը դադարեց: Նրանցում լռեցին օրհնությունների և փառաբանությունների ձայները, գազաններն ու հափշտակողներն են ելումուտ անում նրանցում:
Քո սրբերի սքանչելի շիրիմներն ու բժշկարար նշխարները, որոնք նրանցում են, անսուրբ և պիղծ ոտքի կոխան եղան: Նրանց քահանաներն ու պաշտոնյաները, հալածվելով և փախչելով այս ու այն տեղ, շատերը գերվեցին, սպանվեցին ու կորան: Ուստի մենք՝ մնացածներս, եղանք դրացիների նախատինքը և մեր թշնամիների ծաղրը:
 
Արդ, այս ամենը եկավ և գալիս է մեզ վրա մեր մեղքերի պատճառով, քանզի մենք մեղանչեցինք, անօրինացանք և ապստամբեցինք Քո դեմ, դրա պատճառով Դու թույլ տվեցիր, որ այս բոլոր չարիքները գան մեզ վրա և տիրեն մեզ, մատնեն թշնամիների ձեռքը, ինչպես ահա տառապում ենք այսօր ամբողջ երկրում մեր մեղքերի պատճառով: Ուրեմն՝ մեր Աստծուն՝ արդարություն, իսկ մեր երեսներին՝ ամոթ:
Արդ այժմ, ո՞ւմ դիմենք, ո˜վ Աստված մեր, և ո՞ւմ պատմենք մեր ցավերը, եթե ոչ Բարկացածիդ, որ ինչպես արդարությամբ խրատեցիր և հարվածեցիր մեզ, այնպես էլ Դու կարող ես նաև ողորմությամբդ վերստին բժշկել և մխիթարել, որի համար ահա ընկնում եմ Անոխակալ Աստծուդ առաջ և անառակի նման գոչում. «Մեղանչեցինք երկնքի և Քո առաջ, մեղանչեցինք մեզ Ստեղծողիդ առաջ, մեղանչեցինք մեր Բարերարի և Աստծո առաջ»:
 
Աղաչում եմ Քեզ, Անոխակա՛լ Աստված, դարձի՛ր Քո բարկությունից և անցկացրո՛ւ մեզանից Քո ցասումը, մի՛ հիշիր մեր առաջին մեղքերը, թող շտապի մեզ մոտ Քո ողորմությունը, քանզի շատ աղքատացանք: Զարթնի՛ր, Տե՛ր, զարթնի՛ր, վե՛ր կաց և մեզ իսպառ մի՛ մերժիր: Մի՛ մոռացիր մեր աղքատությունն ու նեղությունները:
 
Վե՛ր կաց, Տե՛ր, օգնի՛ր մեզ և փրկի՛ր մեզ հանուն Քո անվան, որով կոչվել ենք մենք: Իսպառ մեզ մի՛ մատնիր՝ հանուն Քո անվան, մի՛ ցրիր Քո ուխտը և մի՛ հեռացրու մեզանից Քո ողորմությունները, որովհետև Դու ես միայն մեր Տերն ու Թագավորը, Դու ես միայն մեր Փրկիչը և Օգնականը, Դու ես միայն մեր Ապավենը և Հույսը: Որովհետև Քեզանից բացի, ոչ ոքի չգիտենք և Քո անունն ենք կանչում հանապազ: Տե՛ս մեր ազգի տառապանքները, հասի՛ր օգնության և այցելի՛ր:
 
Եվ ինչպես գթում էիր հին ժողովրդին՝ հանուն Քո ծառաների՝ Աբրահամի, Իսահակի, Հակոբի և Դավթի, գթա՛ և այժմ նոր ժողովրդիդ և փոքր հոտիդ՝ հանուն Քո Անարատ Ծնողի՝ Սրբուհի Աստվածածնի և Քո Սուրբ Հովհաննես Կարապետի և Մկրտչի, Քո Սուրբ Ստեփանոս Նախավկայի, սուրբ առաքյալների և մարգարեների և մեր սուրբ առաքյալների և հատուկ լուսավորիչների՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի, Քո Սուրբ Գրիգոր բազմաչարչար վկայի և նրա որդիների և թոռների՝ Քո ընտրյալ ծառաների և Սուրբ Հռիփսիմյանց և Գայանյանց հաղթող վկաների և բարեխոսությամբ սուրբ հայրապետների, վարդապետների, ճգնավորների, մարտիրոսների, կույսերի և Քո բոլոր սրբերի՝ հին և նոր, հայտնի և անհայտ: Այլև բարեխոսությամբ Քո սուրբ երկնավորների՝ Գաբրիելի և Միքայելի և բոլոր անմարմինների դասերի:
 
Որովհետև եթե մեր բազում մեղքերի և անօրենությունների պատճառով առժամանակ թողեցիր մեզ, Քո Երեսը դարձրիր մեզանից և տրտմեցրիր, հանուն Քո Պատվական Արյան և հանուն Քո սիրելիների արդարության դարձի՛ր դեպի մեզ և Քո մեծ ողորմությամբ ողորմի՛ր մեզ, երևեցրո՛ւ մեզ Քո Երեսը և ուրախացրո՛ւ մեզ, ինչպես ասացիր Եսայու միջոցով: Լսեցրո՛ւ մեզ այն երանավետ ձայնը, թե՝ լուսավորվի՛ր, եկեղեցի՛դ Հայաստանյայց, և ուրա՛խ եղիր, որովհետև հասել է Քո լույսը:
 
Ահավասիկ Ես դարձնում եմ դեպի Քեզ խաղաղությունը գետի պես, և քո մանուկներին հեռաստանից իրենց ուսերի վրա բարձրացրած կբերեն: Հիրավի, Այդ Ամենակարող Աստվածն է մնացել մեր ողորմության ապաստանը: Ուրմեն՝ հաշտվի՛ր Քո մնացած ժողովրդի հետ: Փրկի՛ր մեզ մեծ հրաշքներով, ժողովի՛ր մեզ Քո սիրո գոգում և մխիթարի՛ր ի փառս Քո Սուրբ անվան, որով կոչված ենք մենք:
Այլև աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, մեր անշքացած և ամայացած վանքերի ու եկեղեցիների համար: Լսի՛ր մեզ, որ ահա ինքներս նեղված աղաղակում ենք Քեզ:
 
Մի՛ հիշիր մեր մեղքերը, որով բարկացրինք Քեզ, այլ հիշի՛ր Քո Սրբերին, որոնց անվամբ կառուցվեցին մեր եկեղեցիները, նրանց սուրբ և մաքուր նշխարները, որոնք ամփոփված են նրանցում, և սրբությունները, որոնք կոչված են Քո անվամբ: Եվ ոչ թե իմ արդարության համար եմ այս աղերսը դնում Քո առաջ, այլ Քո մեծ գթության համար և Քո սիրելի սրբերի սիրո համար և սրբությունների համար:
 
Ուրեմն՝ աղաչում եմ Քեզ, Ողորմա՛ծ Աստված, Գթա՛ծ Աստված, հանուն Քո անհուն ողորմության, ի սեր Քո սուրբ եկեղեցիների և սրբությունների, բարեխոսությամբ Քեզ հաճելի դարձած Քո սրբերի և միջնորդությամբ նրանց չարչարանքների պատվական արյան, մաքուր նշխարների և շիրիմների, ողորմի՛ր և այցելի՛ր: Ինչպես տառապեցրիր Քո բարկությամբ, այնպես էլ բժշկի՛ր և մխիթարի՛ր Քո ողորմությամբ, որ ինչպես մեր աչքերը տեսան նրանց ամայությունն ու ապականությունը մեր մեղքերի պատճառով, տո՛ւր մեզ վերստին տեսնել նրանց վերանորոգությունը և պայծառությունը՝ հանուն Քո սիրելի սրբերի:
 
Եվ ինչպես ընդհատվեցին և լռեցին նրանցում օրհնությունների և փառաբանությունների ձայները, արա՛ այնպես, որ նորից զորանան ու բարձրանան ի փառս Քո անվան, որ բոլորն իմանան, որ Քո անվամբ ենք կոչված մենք և նրանք, որը մենք տեսնելով փառք և գոհություն երկինք վերառաքենք Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ