Կոռուպցիայի ընկալման առումով Հայաստանում դեռևս էական փոփոխություն չի արձանագրվել
Կոռուպցիայի դեմ պայքարը միայն պետական մարմինների գործառույթ չէ, անհրաժեշտ է, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարի պահանջարկ ստեղծվի նաև հանրության շրջանում: Կոռուպցիայի ընկալման առումով Հայաստանում դեռևս էական փոփոխություն չի արձանագրվել, թեև էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ չնչին առաջընթաց կա, սակայն դա դեռ բավարար արդյունք չէ:
Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ հրավիրված ասուլիսին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և “Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի” գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն անդրադարձան, ինչպես Հայաստանում առկա կոռուպցիոն երևույթներին և դրանց դեմ իրականացվող պայքարի արդյունավետությանը, այնպես էլ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրի նոր հայեցակարգին:
Հայաստանում արդեն կոռուպցիայի դեմ պայքարի երրորդ ռազմավարական ծարգիրն է իրականացվում: Առաջին հակակոռուպցիոն քաղաքականությունն իրականացվել է 2003-2007 թվականների համար մշակված ռազմավարական ծարգրով: Ծրագրի ավարտից հետո, ըստ հրապարակված տեղեկությունների, էական փոփոխություններ չեն եղել, Հայաստանը շարունակել է դասվել կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրների շարքին։
2009-2012 թվականների հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման արդյունքում՝ կոռուպցիայի ընդհանուր մակարդակի գնահատման ցուցանիշներով Հայաստանն առավել բարենպաստ դիրքերում էր ԱՊՀ երկրների շարքում, սակայն էապես զիջում էր Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրների կոռուպցիայի ընդհանուր մակարդակի համապատասխան ցուցանիշներին։
ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի փոխանցմամբ նոր ռազմավարական ծրագիրը մշակելիս հաշվի են առել նախկին փորձը, եղած բացթողումներն ու թերությունները: “Իհարկե մենք հաշվի ենք առել նախորդ ռազմավարության խնդիրները և այն ցուցանիշները, որոնք գրանցվել են նախորդ տարիներին”: Սուրեն Քրմոյանի խոսքով ցուցանիշների բարելավում է գրանցվել, ինչը վկայում է, որ ճիշտ ուղղությամբ են գնում, միևնույն ժամանակ փոխնախարարը նշեց, որ նախորդ ռազմավարությունը “բավականաչափ մեծ էր և հավակնոտ, ընդգրկում էր պետական կառավարման բոլոր ոլորտները, ինչի արդյունքում հնարավորություն չկար կենտրոնանալու թիրախային , ռիսկային ոլորտների վրա”:
Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշներով Հայաստանում էական փոփոխություն չի արձանագրվել, իհարկե էլեկտրոնայաին կառավարման համակարգի ներդրման շնորհիվ, վիճակի փոքր ինչ լավացում եղել է, բայց կոռուպցիոն դրսևորումների կանխարգելման խնդիր է մասամբ լուծել: Հայաստանում նախորդ երկու ռազմավարական ծրագրով շեշտը դրվել է կանխարգելման խնդրի վրա, որն ըստ Վարուժան Հոկտանյանի բավարար չէ: Անհրաժեշտ է, որպեսզի լուծվի կոռուպցիոն դրսևորումների պատժելիության խնդրին: Բանախոսները համակարծիք էին, որ մեր երկրում բավականին մեծ է հանրության հանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ: Ինչը մեծապես պայմանավորված է նրանով, որ լիարժեք չեն գործում կանխարգելման և պատժման մեխանիզմները:
Սուրեն Քրմոյանի խոսքով նոր ծրագրով 4 հիմնական թիրախային ոլորտներ է ընտրվել՝ կրթություն, առողջապահություն, հարկային մարմիններ և ոստիկանություն: Այս ծրագրով ավելի մեծ է հնարավորությունը թիրախային պայքար ծավալելու կոռուպցիոն դրսևորումների դեմ: Մշակված ռազմավարական փաստաթուղթը միտված է բարձրացնելու հասարակության վստահությունը հանրային կառավարման համակարգի նկատմամբ, ձևավորելու բարեխիղճ և պատասխանատու հանրային ծառայություն, ինչպես նաև ապահովել կառավարման թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը: Փոխնախարարի կարծիքով այս ծրագրով ավելի մեծ կլինի արդյունավետությունն ապահովելու հնարավորությունը:
Վարուժան Հոկտանյանի խոսքով ռազմավարական նախորդ ծրագրերի թերությունն այն էր, որ չստեղծվեց այնպիսի ինստիտուցիոնալ լիարժեք համակարգ, որը կարողանար փոխել իրավիճակը: Եվ եթե նոր ծրագրով չլուծվի այդ խնդիրը, ապա “Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի” գործադիր տնօրենը կասկած հայտնեց, որ նոր ռազմավարությունը արդյունավետ կիրագործվի: