17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ վարչապետը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենին

Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Հովիկ  Աբրահամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջին Յոնգ Ցային:

Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) դերակատարումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և կարևորել հետագա փոխգործակցությունը:

Նրա խոսքով՝ համագործակցության անցած 15 տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել են ավելի քան 320 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումային ծրագրեր, գերազանցապես ֆինանսական շուկաների, արդյունաբերության և հանքարդյունահանման ոլորտներում: ”Մեր երկիրը վերջին տարիներին գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ ինստիտուցիոնալ և կարգավորման դաշտի լրջագույն բարեփոխումներ է իրականացրել, այդ թվում` ՄՖԿ-ի գործուն աջակցությամբ”,-նշել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ տեսչական համակարգի բարեփոխումները ՀՀ կառավարության քաղաքականության օրակարգի առանց­քային ուղղություններից են, և կառավարությունը հավատարիմ է մնալու իր որդեգրած հանձնառություններին: Նա կարևոր է համարել, որ ՄՖԿ-ն ավելացրել է իր մասնակցությունը Համաշխարհային բանկի հետ Հայաստանի գործընկերության ներկա ռազմավարության շրջանակում:

Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենը, կարևորելով փոխգործակցությունը Հայաստանի հետ, գոհունակությամբ արձանագրել է իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և նշել, որ շարունակելու են աջակցել և ծրագրեր իրականացնել հանքարդյու­­նա­բերության, ագրոբիզնեսի, էներգետիկայի և այլ ոլորտներում, մեծացնել  ներդրումային պորտֆելը տնտեսության իրական հատվածում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցությանն առնչվող այլ հարցերի ևս:

Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել նաև Ամերիկայի ազգային կոմիտեի (ANCA)  ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ