՛՛Դաշնակցության՛՛ համար զարմանալի չէր
”Բայց ի՞նչն էր այստեղ զարմանալի, ես ուղղակի զարմանում եմ ձեր զարմանալու վրա՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք անակնկալ չէր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պատրաստակամությունն առաջադրվելու նախագահի թեկնածու։
Դիտարկմանը, որ եթե 2018-ին է լինելու ընտրությունները, ինչու է հիմա խոսվում նախագահի իր հավակնությունների մասին, պատասխանեց. ՛՛Դե երևի նկատի ունեն, որ այս տարվա մեջ հասնելու են իշխանափոխության։ Ես ենթադրում եմ, որ այդ ծրագիրը կա՛՛: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն իշխանափոխությանը ցանկացած պահի կողմ է, բայց կարևոր է իրենց համար, թե ինչ բովանադակությամբ ու ինչ ծրագիր է առաջարկվում:
՛՛Մենք ասել ենք, որ լուրջ խնդիր ունենք, և դրա համար համակարգային փոփոխություններ պետք է իրականացվեն հիմա, ոչ թե նախագահական ընտրություններից հետո, մենք ասում էինք , որ նախագահի պաշտոնն այդ լիազորություններով վերացվի հիմա, ոչ թե ընտրությունից հետո, որովհետև ով որ գալիս է, նստում է այդ աթոռին, բացարձակապես չի մտածում այդ համակարգը փոխելու մասին:
Այս փորձառությունից ելնելով է, որ մենք հավատավոր պաշտպանն ենք մնում խորհրդարանական համակարգին անցնելուն, իհարկե, այն բովանադակությամբ, որ մենք ենք պատկերացնում, որպեսզի ազատվենք այս վիճակից, որպեսզի ժողովուրդն իր հույսը չկապի այս կամ այն փրկիչ անձի հետ, որ չի լինում այդպես. բոլոր երեք նախագահներից էլ ժողովուրդը դժգոհ է եղել, չորրորդից էլ դժգոհ լինելու՛՛:
ՀՅԴ պատգամավորը շեշտեց՝ անհապաղ իշխանափոխությունը վաղուց եղել է ՀԱԿ-ի մոտեցումը, մինչդեռ ՀՅԴ-ն ասել է ամբողջական իշխանափոխություն։ ՛՛Հիմա իրենք մեր բառն օգտագործում են, սակայն իմաստն ամբողջությամբ փոխելով։ Մենք ամբողջական իշխանափոխությունը հասկանում ենք ոչ թե վարչախմբի հեռացում, այլ համակարգի փոփոխություն, իրենք ինչ են հասկանում՝ առանց համակարգի փոփոխության իշխանափոխություն ասելով, անհասկանալի է, սա նշանակում է ուղղակի մարդափոխություն, այդ մարդափոխությանն, այո, մենք դեմ ենք՛՛:
Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ անհապաղ իշխանափոխությունը մեծ վտանգ ունի. ՛՛Սա բերելո՞ւ է արյունահեղության, թե՞ ոչ, և երբ որ դա տեղի է ունելալու, զոհվողներն ովքե՞ր են լինելու՝ առաջնորդների՞ց, թե՞ հասարակ ժողովորդից, որովհետև ով որ եկավ անհապաղ իշխանափոխության ծրագրով և հավաստիացրեց ժողովրդին, որ բացի իրենից ոչ մի զոհ չի պահանջվելու, բայց պահանջվեց զոհ, մյուսն էլ եկավ, ասաց՝ ես ինքնազոհողության եմ գնալու, և ժողովուրդը դրան էլ հավատալով՝ եկավ հրապարակ ու չստացվեց, այսինքն՝ ժողովրդին մի գաղափարով էլեկտարկանացնել , լիցքավորել ու այդ ծրագիրը չիրականացնել՝ հերթական հիասթափությունը պետք է առաջացնի, կամ պետք է բերի արյունահեղության: Երկուն էլ մեզ համար անընդունելի են՛՛,-եզրափակեց նա։