18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինձ ճիշտ եմ պահել. Ջիվան Գասպարյան. Ժամանակ

Ներկայացնում ենք ՛՛Ժամանակի՛՛ հարցազրույցից հատված ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ:

 Պարոն Գասպարյան, շատերը դժգոհում են մեր երկրում վարվող մշակութային քաղաքականությունից: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը, հատկապես, որ Դուք միշտ զուսպ եք արտահայտվել:

– Նախ իմ կարծիքով՝ մշակութի նախարարությանը պետք է շատ իրավունքներ տալ, հսկողություն լինի արվեստի նկատմամբ, որ արվեստը չփլվի, չքանդվի: Գրողների միություն ունենք, Կոմպոզիտորների միություն ունենք, մշակույթի նախարարություն ունենք՝ այս երեքը պիտի լավ հարաբերությունների մեջ լինեն իրար հետ, գեղխորհուրդներ պիտի լինեն: Հիմա բոլորը դարձել են կոմպոզիտոր, բոլորը խոսքեր են գրում, գրող են դարձել, բայց Կոմպոզիտորների միությունը կարծեմ ոչինչ չի անում, գրողներն ու կոմպոզիտորները պարապ նստած են: Նախ այդ երաժշտությունները որ գրում են, հոլովակները որ նկարում են, մեկը կա՞, որ ասի՝ սխա՞լ է, ճի՞շտ է:

Հեռուստաալիքներով ինչ ասես՝ ցույց են տալիս, բոլորը նայում են, ես կարծում եմ՝ դա սխալ է: Երբ կլիպ են նկարում կամ երգ են գրում, պիտի անպայման գեղարվեստական խորհուրդ լինի, հասկացող, գիտակ մարդիկ լինեն, որ ասեն. ՛՛Այս երգը չի կարելի, այս երգը կարելի է, այս խոսքերը այս երգի մեջ չեն կարող լինել՛՛:

– Բայդ դա գրաքննություն չի՞ դիտարկվի:

– Ես չգիտեմ, թե ինչ է ՛՛գրաքննությունը՛՛, բայց կարծում եմ, որ մենք ունենք լավ բանաստեղծներ, լավ կոմպոզիտորներ: Իհարկե, կարող է մի հասարակ մարդ մի լավ բան գրի, բայց դա պիտի նայվի՝ արդյոք ճի՞շտ է, թե՞ սխալ, որովհետև մեր այսօրվա սերունդը ինչ լսում է, կարծում է՝ դա ճիշտ է: Հիմա ֆիլմեր են ցույց տալիս՝ անընդհատ նույն թեմայով: Զարմանում եմ, ժողովրդի 30 տոկոսը դա նայի, թե չէ՝ մնացած 70 տոկոսը չի նայում: Միայն սպանություններ, խփել-ջարդել, ամուսինը 5 կին ունի, կինը 5 սիրած ունի և այլն:

– Այսինքն՝ մշակութային ճիշտ ռազմավարությո՞ւն պետք է ընտրել:

– Պետք է մշակույթի նախարարությանը, Գրողների միությանը և Կոմպոզիտորների միությանը տան իրավունք՝ տեր լինելու արվեստին: Ժողովուրդն ասում է. ՛՛Տղին հեր ա պետք, մալին տեր ա պետք՛՛: Դրա համար ճիշտ ուղղության վրա պիտի դրվի արվեստը: Ես, օրինակ, երեխաներիս ու հարսիս հետ հայկական ֆիլմ եմ նայում, մեջը նենց այլանդակություններ են ցույց տալիս, որ չգիտենք՝ երեսներս որ կողմը թեքենք: Չափազանցությունները շատ են, կարելի է ամեն ինչը գեղեցիկ ու ճաշակով անել: Էլի թող այդ միտքը լինի, բայց ոչ թե տեսնեն, թե գործողությունները ոնց են կատարվում, ոնց են… մի խոսքով: Դա է իմ կարծիքն արվեստի մասին:

Իսկ ընդհանրապես՝ մենք երբևէ այսքան լավ երգիչներ չենք ունեցել մեր ողջ պատմության մեջ, որքան այսօր: Բայց մի բան կա, որ ինձ դուր չի գալիս. լավ ձայներ են, հրաշալի տեսքով, ամեն ինչը տեղը-տեղին, բայց, չգիտես ինչու, բացի հայերենից՝ ինչ ասես երգում են: Դա է ցավը, իսկ ես իմ ունեցած բոլոր հաջողություններին հասել եմ, աշխարհահռչակ մարդ եմ դարձել միայն հայկական գեղեցիկ երգերով: Մենք այնքան լավ երգեր ունենք: Տեսնում ես՝ լավ երգիչներ, գեղեցիկ հագնված, բայց հայերեն չեն երգում: Հետո մեր աղջիկները բեմի վրա մի քիչ չափազանցված են, չեն հասկանում, որ հայ են, մտածում են՝ ամերիկացի են կամ սևամորթներից են:

Հիմա այդ արվեստը կամաց-կամաց անցնում է գետնի տակ, ու գիտեք՝ ինչի՞ց է. երբ դու ուզում ես խաշ ուտել, չես կարողանում խաշ առնել, թանկ է, ստիպված գնում ոսկորներն ես առնում սարքում ու հյուրերիդ խաշի տեղ հրամցնում: Հիմա, ցավոք, չկա էդ տաղանդը, որակը, մարդիկ, որոնք եղել են ժամանակին: Դրա համար են ասում՝ լավ արտիստները ծնվում են 100 տարին մեկ: Պետք է այդ մարդկանց լավ նայել: Ես չեմ ասում, որ պետք է միշտ մնալ նույն մակարդակի վրա:

Ես այսօր ռոք էլ եմ նվագում, ջազ էլ եմ նվագում, աշխարհի ամենալավ սիմֆոնիկ նվագախմբերի հետ, Անգլիայի թագուհու պալատում միայն 4 անգամ իր նվագախմբի հետ ելույթ եմ ունեցել, Քենեդու հետ եմ հանդիպել 1956 թվականին՝ Վան Քլիբերնի ամառանոցում, հանդիպումներ եմ ունեցել Փիթեր Գեբրիելի, Զուկերոյի, Լայնել Ռիչիի հետ և այլն: Ընդհանուր թվով 20 հազար համերգ եմ նվագել, 2 հազարից ավելի ձայնագրություններ ունեմ, 40-ից ավելի ֆիլմերում եմ նվագել, վերջին ամերիկյան ֆիլմն էլ դեռ չի ավարտվել, կոչվում է ՛՛Աշխարհի վերջը՛՛:

– Պարոն Գասպարյան, Դուք խոսում եք Ձեր դրսի հաջողությունների մասին: Իսկ ներսում՝ Հայաստանում, ինչպիսի՞ն է գնահատականը իշխանությունների կողմից: Գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներից սկսած՝ իշխանությունների կողքին եք եղել: Ձեր արվեստը եղել է ժողովրդինը, իսկ Դուք եղել եք իշխանությունների կողքին: Հիմա որտե՞ղ եք:

– Ինձ այնքան էլ դուր չի գալիս ՛՛իշխանությունների կողքին՛՛ խոսքը, բայց մենք աշխատում էինք պետական խմբերում և աշխատավարձ էինք ստանում: Այսինքն՝ ես կարող էի գնալ ամեն տեղ նվագել, բայց ոչ՝ արտասահմանում: Իրենք պիտի ինձ կանչեին: Ես շատ եմ շրջագայել, 40-50 թվականներից շրջագայում եմ, շուրջ 64 տարի: Այսքան տարիների ընթացքում ես ոչ մի անգամ ֆոնոգրամա չեմ օգտագործել, կենդանի նվագում եմ մինչև այսօր: Ինձ հարգել են, որովհետև ինձ ճիշտ եմ պահել, ուրիշների գործերին չեմ խառնվել՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ