25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համակարգային փոփոխության հետ պետք է հեռացվեն նաեւ այս իշխանությունները․ Իրավունք

Ավելի քան երկու տարի Հայաստանի կառավարության արկածախնդիր քաղաքականության պատճառով տնտեսական աճի տեմպը շարունակաբար ընկնում էր: Դա զգում էին բոլոր տնտեսվարողները, բայց իշխանությանը որոշ ժամանակ հաջողվում էր դա թաքցնել կամ ավելի մեղմ ցույց տալ Վիճակագրական կոմիտեի թվային աճպարարությունների շնորհիվ: Այսօր, սակայն, այլեւս ակնհայտ է, որ տնտեսությունը ծանրագույն վիճակում է: Ի՞նչ սպասել առաջիկայում․ iravunk.com-ի զրուցակիցն է ՀՅԴ ֆինանսների եւ էկոնոմիկայի հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը։

ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ ԱՄԲՈՂՋ ՀԱՄԱԿԱՐԳԸ

– Իսկապես Հայաստանի Հանրապետության տնտեսությունը անկում է ապրում: Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակումների, անկում է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում: Շուրջ 11.4 տոկոս անկում է գրանցել առեւտրաշրջանառության մեջ, ընդ որում` անկում կա թե՛ մանրածախ (15 տոկոս), թե՛ մեծածախ (7.1 տոկոս) առեւտրում: Մանրածախ առեւտրում զգալի չափով նվազում է գրանցվել առավել փոքր առեւտրի օբյեկտներում՝ կրպակներում, որտեղ անկումը կազմում է շուրջ 22.1 տոկոս:

Մի կարեւոր հանգամանք եւս, շուրջ 20.8 տոկոս անկում է գրանցել սպառողական ապրանքների շուկաներում: Սա նշանակում է, որ մեր քաղաքացիները գումարներ չունեն, որպեսզի անհրաժեշտ նվազագույն գնումներն անեն: ՀՀ տնտեսությանը ուժգին հարվածներ հասցրեց կորոնավիրուսը, որն էլ պատճառ դարձավ որոշակի տնտեսական գործունեության տեսակներում մի շարք սահմանափակումներ մտցնելու համար՝ հանրային սննդի օբյեկտներ, ծառայություններ, տուրիզմ եւ այլն: Տնտեսական այս վիճակի գլխավոր մեղավորները այս ապաշնորհ իշխանություններն են, որոնք բացի ցուցադրական միջոցառումներից, հստակ գործողություններ չարեցին:

Կիրառվեցին երեք տասնյակ սոցիալական եւ տնտեսական աջակցության միջոցառումներ, որոնք, ըստ էության, հասցեական չէին, ֆինանսական հոսքերը անցնում էին բանկերով, մինչդեռ պետք էր ուղիղ աջակցության գործիքներ կիրառվեին: Այս ամենին զուգահեռ պահպանվեց պարտադիր կուտակային համակարգի տխրահռչակ համակարգը՝ տարեկան մոտ 75.0 մլրդ դրամով ծանրանալով պետության վրա:

Պահպանվեց համահարթ եկամտային հարկի համակարգը՝ սոցիալական բեւեռացման իր հետեւանքներով հանդերձ: Այս ամենին հաջորդում եւ դեռեւս շարունակվելու է Արցախյան պատերազմի պարտության հետեւանքով առաջացող նոր կացությունը՝ բազմաթիվ տարհանված ընտանիքներ, ունեցվածքից զրկված մարդիկ, դավադրաբար թշնամուն հանձնված մշակելի հողատարածքներ, արտադրական եւ ոչ արտադրական հիմնական ու շրջանառու միջոցներ, որը ստեղծել է մի նոր իրավիճակ: Ինչեւէ, տնտեսական առումով ունենք մի վիճակ, որն այլեւս բարեփոխման հնարավորություն չունի: Պետք է փոխել ամբողջ համակարգը՝ հրաժարվելով նեոլիբերալ քաղաքական կուրսից:

Ժամանակն է, որ տնտեսության զարգացման հիմքում դրվի երեք կարեւոր սկզբունք՝ կայուն զարգացման, սոցիալական արդարության եւ ներառականության, առաջանցիկ տնտեսական աճի սկզբունքները: Նշածս երեք կետերը ունեն բացվածքներ, կատարված են հստակ ոլորտներին վերաբերող մատնանշումները: Գործող իշխանությունները ունակ չեն իրականացնելու նման քաղաքականություն: Սա նշանակում է, որ համակարգային փոփոխության հետ մեկտեղ պետք է հեռացվեն նաեւ այս իշխանությունները:

ՆԱԽ ՊԵՏՔ Է ԱՐԹՆԱՆԱԼ ԵՎ ԱՐԹՆԱՑՆԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

– Ակնհայտ է, որ եթե տնտեսական կացությունը չբավարարվի, դրամը շարունակելու է արժեզրկվել, որը հղի է ծանրագույն հետեւանքներով: Ո՞րն է ստեղծված իրավիճակից փրկությունը:

– Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նախ պետք է արթնանալ եւ արթնացնել հայ ժողովրդին: Հայաստանը պետք է ուշքի գա: Արցախյան պատերազմի աղետալի հետեւանքները դեռեւս գնահատման կարիք ունեն: Փաստացի, չկան ամբողջությամբ իր գործառույթներն իրականացնող պետական մարմիններ: Սա նշանակում է, որ քաղաքական փոփոխությունները հրատապ անհրաժեշտություն են: Դրամի արժեզրկումը մի շարք գործողությունների հետեւանք է՝ մարդիկ անցնում են ավելի խնայող ռեժիմի, բանկերից հանում են իրենց ավանդները, զգալի կրճատվել են տրանսֆերները, խախտվել եւ շարունակում է խախտված մնալ արտահանում-ներմուծում հարաբերակցությունը:

Սա նշանակում է, որ անելիք շատ կա, պետք է գործել օպերատիվ կարգով: Նախ` սկզբի համար պետք է հոգալ տարհանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները, առջեւում ձմեռ է: Վիճակն էլ ավելի լուրջ է, պետք է շատ արագացնել պատերազմի հետեւանքների հաղթահարման աշխատանքները, հետ վերադարձնել գերեւարված մեր քաղաքացիներին, վերադարձնել զոհվածների մարմինները, ուշքի բերել հասարակությանը, ստեղծել նախադրյալներ՝ վիճակի կայունացման համար, մշակել ծրագրեր, ներգրավել պրոֆեսիոնալ կադրեր, հաշվարկել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները եւ գործել ի շահ պետության ու հայ ժողովրդի: Այդ ամենը, պրակտիկորեն բացառում եմ, որ կարող է անել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ