Աղբի տեսակավորման մշակույթ էլ չունենք
“Աշխարհի տարբեր երեկրներում աղբը վերամշակում են եւ օգտագործում կենցաղում: Ես ուրախ եմ, որ մեզ մոտ մի քանի քաղաքներում արդեն իսկ նախաձեռնություն կա աղբը տեսակավորելու եւ մարդիկ կամաց-կամաց հետեւում են այդ կանոններին: Սակայն մեզանում պետք է ձեւավորել այդ մշակույթը, եւ դրանում առաջին հերթին մեծ ազդեցություն կարող են ունենալ հեռուստատեսությունները”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Հանուն կայուն մարդկային զարգացման” ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նրա խոսքով, եվրոպական երկրներում գրեթե աղբավայրեր չկան, եւ բնակիչները աղբը դուրս են հանում արդեն տեսակավորած: Հայաստանում սակայն, աղբի ոլորտում ընդհատակյա բիզնեսները չեն թողնում, որ աղբի տեսակավորումը քաղաքակիրթ ճանապարհով գնա: Բնապահպանը խնդրեց ուշադրություն դարձնել պոլէթիլենային տոպրակներին:
“Պոլէթիլեններից կարող են ոչնչանալ կենդանիներ դրանք կուլ տալու պատճառով, իսկ ծխացող աղբավայրերը վտանգավոր թույներ են առաջացնում շրջակա բնության համար: Մենք, այդ ամենը հասկանալով պետք է անպայման դրանք նվազեցնելու ուղղությամբ որոշակի միջոցառումներ ձեռնարկենք”,-ասաց նա:
Աղբի վերամշակմամբ զբաղվող Cleanland ընկերության հանրային կապերի տնօրեն Աստղիկ Ավետիսյանն էլ ասաց, որ 2009թ-ից աշխատում են Հայաստանում եւ նպատակ ունեն նվազեցնել պոլիմերների քանակը: “Մենք՝ հայերս, սիրում ենք մեր տունը մաքուր պահել, իսկ մեր տանից դուրս ամեն ինչ կեղտոտ թողնել:
Պետք է հասնել նրան, որ մարդիկ տանը տեսակավորեն աղբը: Մեր ընկերությունը բացառիկ իրավունք ունի աղբը տեսակավորելու, բայց մենք չենք կարող աշխատանք տանել, քանի դեռ ստվերային ընկերությունները չհասկանան, որ չի կարելի հավաքել աղբը եւ հակասանիտարական վիճակում արտադրել որեւէ բան”,-ասաց նա: