ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնոր Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը տարածել է պարզաբանում իր ԱԱԾ հրավիրվելու լուրերի մասին։ Հիշեցնենք, որ ԱԱԾ մամուլի կենտրոնից Panorama.am-ի հետ զրույցում պաշտոնապես հերքեցին Սրբազանին ծառայություն հրավիրելու մասին լուրերը։
168.am-ը հրապարակել է Սրբազանի պարզաբանումը, որտեղ ասված է.
«Երեկ հայտնվեցի ինձ համար անսովոր իրավիճակում՝ համացանցային տիրույթում ակամա արժանանալով հանրային չվաստակած ուշադրության՝ կապված ինձ ԱԱԾ հրավիրած լինելու տեղեկատվության հրապարակումների հետ:
Նկատի առնելով, որ այս ընթացքում ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր, որոնց մի մասին չեմ կարողացել արձագանքել, նպատակահարմար եմ տեսնում ընդհանրացված ներկայացնել հետևյալը:
Նախ խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց զորակցությունն են փոխանցել ինձ և տեղեկացնել, որ որևէ անհանգստության պատճառ չկա: Ես գտնվում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և շարունակում եմ իմ ծառայությունը:
Հրապարակված տեղեկատվության հետ առնչված ցանկանում եմ հայտնել, որ օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հավելյալ մանրամասների չեմ ցանկանա անդրադառնալ: Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ ներկայացուցիչներն իրենք կարող են այդ մասին խոսել: ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ:
Ինչ վերաբերում է իմ դիրքորոշումներին ու համոզումներին, առնչված վարչապետի հրաժարականի հետ, դրանք մնում են նույնը:
Շարունակելու եմ ծառայել իմ Եկեղեցուն ու իմ ժողովրդին՝ ապավինելով Աստծու օրհնությանն ու զորակցությանը:
Թող Տերը օրհնի մեր երկիրը և մեր ժողովրդին:
ԱՐՇԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ»։