29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հայաստանը կարիք ունի անվտանգային խնդիրները լուծող, արտաքին և ներքին զարգացման օրակարգ իրականացնող, ժողովրդին միավորող և ՀԱՂԹԱՆԱԿ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ»․ Գարեգին Մելքոնյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ,  Նիդեռլանդներում ՀՀ նախկին  արտակարգ և լիազոր  դեսպան Գարեգին Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչո՞ւ այսպես եղավ, ո՞րն է հնարավոր «հետո»-ն

Դեռևս նախորդ տարվանից (երբ դեռ չկար նույնիսկ համաճարակը) արդեն իսկ զգալիորեն տեսանելի էր, որ իշխող քաղաքական թիմի և գործող կառավարության հիմնական օրակարգը երկրում բարեփոխումները և զարգացումը չէին, ժողովրդին տրված խոստումները կատարելը չէին, այլ հիմնականում ներքաղաքական գործընթացները, ֆինանսական-գույքային վերաբաշխումը, դատական համակարգի վերաձևումը (իբր անկախացնելու նպատակով) և զանազան այլ գործընթացներ։

Իշխող թիմը հասարակության ուշադրությունը անընդհատ նպատակադրված շեղում էր արհեստական թեմաների վրա՝ պոպուլիստական հռետորաբանությամբ և կեղծ օրակարգերով զբաղեցնելով հանրային դիսկուրսը։ Դեռևս այս տարվա ամռանը առիթ ունեցել եմ սրա մասին նշելու, որ իշխող քաղաքական ուժի կողմից հրամցվող օրակարգում զարգացմանն ուղղված գործընթաց չկա, ինչը հարցեր է առաջացնում և վտանգավոր է։

2018-ի իշխանափախությունից հետո երկրի կառավարման պետական համակարգում կատարվեցին քայլեր, որոնք շատ մեծ վնաս հասցրեցին երկրին՝ անտրամաբանական կառուցվածքային փոփոխություններ, գրեթե բոլոր բարձր ղեկավար պաշտոններում  անփորձ և տվյալ պաշտոններին չհամապատասխանող մարդկանց նշանակումներ, պետական համակարգում միջին օղակի մասնագիտական ներուժի քայքայում և այլն։ Այս քայլերն արվում էին նույնիսկ անվտանգային մարմիններում։

Ընդհանրապես, երկրում ընթացող գործընթացները ոչ բխում էին առկա խնդիրներից, ոչ էլ նույնիսկ իշխող թիմի տրված խոստումներից։ Այս իրավիճակը կարելի է երկար նկարագրել/պատկերել։

Պատահակա՞ն էր արդյոք նման գործընթացը։ Անփորձությո՞ւնն էր արդյոք դրա միակ բացատրությունը։ Այս և բազմաթիվ այլ հարցեր դեռևս կարիք ունեն պարզաբանման։

Իրականում այս պատերազմում մեր պարտության հիմքը դրվեց դեռևս հենց այս քայլերով։

Համաճարակը խտացրեց գույները, արագացրեց գործընթացները և յուրահատուկ «սթրեսս-թեստ» դարձավ պետական համակարգի գործառնականության համար։ Պատկերը արդեն իսկ պարզ էր, երկիրն ուներ կառավարման խորը խնդիր։

Այս ընթացքում իշխող թիմը «տարօրինակ» զուգադիպությամբ իրականացնում էր շատերի համար անհասկանալի արտաքին քաղաքականություն։ Արցախի հիմնախնդրի մասով, փաստորեն, գեներացվեց փակուղային իրավիճակ (իրարամերժ հայտարարություններ, երկար տարիներ բանակցված փաթեթի մերժում և այլն), վատացվեց արտաքին հարաբերությունները՝ գրեթե «ում հետ ոնց կստացվի» մոտեցմամբ։

Բազմաթիվ էին ահազանգումները, որ այդպես չի կարելի, այդպես վտանգավոր է։ Արտաքին և ներքին քաղաքականության հարցերում շատ դեպքերում հանցավորության հասնող գործունեության կամ անգործության մասին զգուշացումները կամ անտեսվում էին, կամ պատասխանվում վիրտուալ կեղծարարությամբ (ֆեյքերով) և ներքաղաքական ճնշումներով։

Սակայն նույնիսկ ունենալով շատ վերլուծաբանների զգուշացումները և, ինչպես հետո պարզվեց, նաև պաշտոնական տեղեկատվություն՝ հասունացող պատերազմի մասին, իշխող թիմը վտանգներն ու համաճարակը թողած՝ նույնիսկ մինչև վերջին օրերը զբաղված էր կրկին կեղծ օրակարգով և ժողովրդի ուշադրությունը շեղելով՝ Սահմանադրական դատարանի «հարցով»։

Այս պարագայում արդեն իսկ բացատրելի է, որ թշնամին պետք է օգտվեր պահից, համախմբեր ուժերը և հարձակվեր։ Պատերազմ սկսելու որոշումը մեկ օրում չի ընդունվում։ Պատերազմ սկսողը դրանից առաջ գնահատում է դիմացինի վիճակը։ Այո, երկրում պառակտված հասարակությունը և թուլացած պետական համակարգը դրդում է թշնամուն գործել։

Պատերազմը սկսելուց հետո հնարավոր ելքը խոհեմությունն էր ու խելացի լուծմամբ հնարավորինս շուտ ռազմական գործողությունների դադարեցումը, որի հարցում կրկին զարմանալի զուգադիպությամբ հանդիպեցինք մեր երկրի և ժողովրդի համար սխալ որոշումների։

Արդյունքում՝ ողբերգություն՝ հազարավոր մարդկային կյանքեր և խիստ խոցված Արցախ, կորցված տարածքներ, էապես սրված անվտանգային հարցեր և… այդ ամենով հանդերձ՝ Արցախի չկարգավորված կարգավիճակ։

Շատերը այս ամենի բացատրությունը հաճախ կապում են մեկ մարդու՝ գործող վարչապետի անձով և մոտեցումներով։ Անշուշտ, խնդիրներն այդտեղ շատ-շատ են, և հիմնական պատասխանատուն հենց ինքն է։

Սակայն արդյո՞ք այս ամենի բացատրությունը միայն այդ մեկ անձի սխալ կառավարումն է։ Արդյո՞ք այդ մի անձը միայնակ, զուտ բացթողումների պատճառով և առանց ծրագրի կարողացավ ընդամենը 2.5 տարում պառակտել մեր ժողովրդին, երկիրը կանգնեցնել պատերազմի և կառավարման համակարգի այս աստիճան ձախողման պրոբլեմների առջև։ Փաստն այն է, որ Հայաստանում այս ընթացքում չի իրականացվել զարգացման ծրագիր. մեր երկիրը զբաղված էր շատ բաներով, բայց ոչ իր իսկ զարգացման հարցերով։

Իշխողը վաղուց պետք է հեռացած լիներ, հիմա՝ առավել ևս։ Ժողովուրդը չի կարող ունենալ պարտության հետ ասոցիացվող առաջնորդ։ Հասարակության և ժողովրդի անընդհատ պառակտում հրահրողը Հայաստանում չի կարող ապահովել զարգացում։

Մեր երկրի համար այս անհաջողությունների շղթան պետք է կանգնեցվի՛։ Հայաստանը նման ձևով չի կարող շարունակել, մեր ժողովուրդը չպետք է լինի այսքան պառակտված։

Հայաստանը կարիք ունի ազգային արժեքների վրա հիմնված, երկրի և ժողովրդի շահերից բխող ՏԵԽՆՈԿՐԱՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, օ՛ր առաջ։

Հայաստանը կարիք ունի անվտանգային խնդիրները լուծող, արտաքին և ներքին զարգացման օրակարգ իրականացնող, ժողովրդին միավորող և ՀԱՂԹԱՆԱԿ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ