Հանդիպել է
Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսին։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց Եվրոպայի խորհրդի եւ, մասնավորապես, մարդու իրավունքների հանձնակատարի դերը՝ ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության գործում։
“Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարեւորում ենք ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ՝ միջազգային այլ ատյանների հետ համագործակցությունը: Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի բոլոր հիմնական փաստաթղթերը եւ համապատասխան բարեփոխումներ է իրականացրել այդ ուղղությամբ”, – ասաց նախարար Նալբանդյանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիլս Մյուժնիկսը նշեց, որ Երեւան է ժամանել բավականին հագեցած աշխատանքային օրակարգով՝ նպատակ ունենալով առավել խորացնել Հայաստանի տարբեր կառույցների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հաստատված արյունավետ համագործակցությունը։
Նախարար Նալբանդյանը եւ հանձնակատար Մյուժնիկսը դրական գնահատեցին Հայաստան – Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրագործման ընթացքը։
Կարեւորվեց ՀՀ կառավարության կողմից առաջիկա երեք տարիների համար հաստատված “Հայաստանի` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի” իրականացումը։
Նախարար Նալբանդյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի, տարրական մարդասիրական նորմերի կոպիտ խախտումների վրա, ինչի հետեւանքով Ադրբեջանի տարածքում հայտնված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում:
Հյուրի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։