27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չեմ ուզում թվերն ասել, թե որքան մարդ է միացել զորքին, 18 տարեկաններին թողել եք մենակ». Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերից առաջ ներկայացրել էր սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 8-ը ժողովրդին ուղղված իր կոչերից հատվածներ, որը, նրա խոսքով՝ նպատակ ունի, որպեսզի չփնտրեն դավաճանների ու հող ծախողների։

«Հիմա ես կասեմ՝ դավաճանները, հող ծախողներն ովքեր են։ Իսկ առաջին անգամ ես ահազանգել եմ հոկտեմբերի 3-ին, երբ թշնամին գրավել էր Թալիշն ու Մատաղիսը՝ վտանգված էր մեր ամբողջ հյուսիսային հատվածը, երբ «Եղնիկներ» կոչված տեղամասը բոլորդ գիտեք, մեր զորքի մի մասը խուճապահար փախնում էր, չունեինք մարդկային ռեսուրսներ, որպեսզի կարողանայինք գոնե առաջնագծում գտնվող տղաների թիկունքը պահելու։ Այդ ժամանակ ես կոչ եմ արել և ասել եմ, որ գնում եմ առաջնագիծ, այդ օրը ինձ համար պարզ էր խուճապահարությունը, ոչ թե զինվորի ու բանակի, այլ առաջնագծի կամավորների, տարբեր ջոկատների։ Այդ օրը, երբ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնայինք, ՀՀ-ից եկած ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները և Արցախից, հրաժարվել են գնալ «Եղնիկներ»։ Խնդրել եմ, ասել եմ, որ ձեր առջևից ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան, չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ։ Իհարկե, դրա մասին այսօր ստիպված եմ արտահայտել, կհարցնեք ՀՀ ազգային անվտանգության ծառայության ամենաէլիտար ստորաբաժանումներին, ինչպես են մերժել խնդրանքս, աղաչել ու պաղատել եմ։ Կհարցնեք, թե ինչ պատասխան են տվել երկրի նախագահին»,- շեշտեց նա։

 

Ըստ Արայիկ Հարությունյանի, իրեն միացել է քիչ թվով զորք, որի շնորհիվ այսօր «Եղնիկներ» տեղամասն ամբողջությամբ գտնվում է  հայկական զինուժի վերահսկողության տակ։

Նա նաև շեշտեց, որ ամեն անգամ ասել է, որ մարդկային ռեսուրսի անհրաժեշտություն կա։

«Ի դեպ, վերջերս ռուս վերլուծաբաններից մեկն այսպիսի միտք էր արտահայտել, որ, եթե ուզում եք հաղթել Արցախում, պետք է մոբիլիզացնենք 80-100 հազար մարդուժ, եթե չէ, ապա պարտվելու ենք։ Չեմ ուզում թվերն ասել, թե որքան մարդ է միացել զորքին, 18 տարեկաններին թողել եք մենակ։ Այո, կամավորական ջոկատներ կային, մի մասը մինչև վերջին պահը բարեխղճորեն կատարել է իր խնդիրը, մի մասը մի օր էլ չի մնացել։ Պահեստազորից համալրված ստորաբաժանումներ եկել են, մի մասը՝ մի քանի ժամով, մի մասը՝ մի քանի օրով։ Կոնկրետ դեպք նշեմ, մեր գնդապետ Սահակյանը, որը պետք է ուղեկցեր երկու ստորաբաժանում Հայաստանից եկած, զեկուցել է, որ հրաժարվում են Շուշիի կարևոր օպերացիային մասնակցել, չհասած դիրքեր՝ հրաժարվել են։ Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր երեխաներին, մեր բալիկներին, բոլորս միասին ենք դավաճանել, դավաճան չփնտրեք։ Այն կանայք, որոնք սկսել են վայրահաչել իմ հասցեին և մնացած այլ ղեկավարների նկատմամբ, բացի զոհվածների հարազատներից, նրանք իրավունք ունեն բոլորիս անվանել դավաճան, ձեր ամուսինների ու տղաների տեղն են ման գալիս, որտեղ են եղել»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը։

Նա նաև հավելեց, որ այն քաղաքական գործիչները, որոնք դավաճաններ են փնտրում, մեկ առ մեկ թող ներկայացնեն իրենց տղաների, եղբայրների, իրենց մասնակցությունը, նկարվելը նկատի չունի։

«Որտեղ եք եղել, ում հարցնում ենք, եղել են Օմարում։ Այո, Օմարում շատ ծանր ճակատամարտ ենք ունեցել մի քանի օր, շնորհիվ զինվորականների՝ կարողացել ենք վերականգնել դիրքերը։ Սելֆի անելով ազգին խաբել եք, հիմնական դավաճանը մենք բոլորս ենք, որ զինվորին թողել ենք մենակ»,- ընդգծեց Արցախի Հանրապետության նախագահը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ