Միգուցե մեկի տունը ջրի տակ է մնում… Սեւանից ջուր վերցնելու կարիք չկա
“Ամեն մի բույս ունի ոռոգման իր քանակը, հիմա շատ կասկածելի է, որ նոր նորմատիվներ են մշակել` փոխելով տրադիցիոն նորմատիվները:
Այսօր հենց կարտոֆիլի ոռոգման համար մոտ վեց հազար դրամ ավել են մուծում գյուղացիները”,-այսօր “Հենարան” մամուլի ակումբում հայտարարեց “Հայաստանի ագրարագյուղացիական միավորում” ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը` անդրադառնալով ոռոգման ջրի թանկացման խնդիրին:
Նրա խոսքով, գյուղանախարարությունը երաշտ է հայտարարել, բայց Հայաստանում երաշտ հասկացությունը հարաբերական է: “Երաշտը վերաբերվում է միայն չոռոգվող հողերին, իսկ մեզ մոտ Արարատյան դաշտավայրում համարյա հարյուր տոկոսը ոռոգելի է: Թե էդ որտեղից գտան երաշտը, էս տարվա նման ձյուն ոչ մի տարի չենք ունեցել, ես շատ եմ զարմանում Վլադիմիր Մովսիսյանի վրա, որը այսօր լռում է: Այսօրվա դրությամբ Սեւանից ջուր վերցնելու կարիք չկա”,-ասել է Հրաչ Բերբերյանը:
Հարցին, թե այս դեպքում ինչով կարող է պայմանավորված լինել Սեւանից հավելյալ ջուր վերցնելու անհրաժեշտությունը, Հրաչ Բերբերյանը պատասխանել է .”Միգուցե էնտեղ ընդհանուր շահեր կան` մեկի տունը ջրի տակ է մնում, չգիտեմ”:
Հիշեցնենք, որ օրենսդրական վերջին փոփոխությունների արդյունքում Սեւանա լճից 40 հազար հա հողատարածքի ոռոգման նպատակով Սեւանա լճից հավելյալ 150 խմ ջուր պետք է վերցվի: