Ի՞նչ է նկատի ունեցել վարչապետը՝ նոր մարտի 1 ասելով /վիդեո/
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնաբանեց իր արտահայտությունը, երբ Ազգային ժողովում, դիմելով ոչ իշխանական ուժերին, ասել էր՝ “Ի՞նչ եք ուզում. նոր մարտի 1 եք ուզու՞մ”: Վարչապետի խոսքով` ինքը ցանականում է, որ ոչ իշխանական ուժերն իրենց հանրահավաքներն անցկացնեն քաղաքակիրթ ձեւով եւ զերծ մնան հայհոյանքներից եւ վիրավորական արտահայտություններից:
“Ուղղակի ես մտահոգված եմ, թե նրանք ինչպես են անցկացնում իրենց հանրահավաքները: Իմ ցանկությունն է, որպեսզի նրանք զերծ մնան հայհոյանքներից եւ վիրավորական բառապաշարից եւ գնան նորմալ, քաղաքակիրթ եղանակով իրենց խնդիրները լուծեն, հանրահավաք անեն: Սա է եղել իմ մտահոգությունը: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում երկրորդ մարտի 1 տեղի չունենա, ուղղակի այդ տոնը, այդ վերաբերմունքը նրանց կողմից անընդունելի է”,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Ազգային ժողովի նախկին նախագահի խոսքով, պատգամավորներին ժողովուրդը ընտրել է, որ մատից փուշ հանեն, ոչ թե ընտրություններից երեք տարի առաջ սկսեն քաղաքական շահեր առաջ տանել:
“Կառավարության դիրքորոշումն է՝ բոլոր քաղաքական ուժերի հետ աշխատել միասին՝ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները միասին լուծելու համար: Սա է նպատակը”,- ասաց Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքին, Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ դա իրենց կուսակցության խնդիրն է, եւ ինքն այդտեղ ասելիք չունի:
Մանրամասներն ու այլ հարցերի պատասխաններ` տեսանյութում: