Իսկապես մարտակա՞ն է
”Գիտեք ժամանակն առաջ է գնում, նպատակները շարունակում են մնալ նույնը, քաղաքական դաշտում ոչ մի հավերժ բան չկա, բայց իմ նվիրվածությունը մեր 2008թ-ից ի վեր շարժմանը մնում է նույն չափով, և Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ համար շարունակում է մնալ համար մեկ հեղինակություն, դա կարող եմ վստահաբար ասել’’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Հարցին, թե Կոնգրեսը համակարծի՞ք է այդ հարցում, հնարավո՞ր է ՀԱԿԿ-ն այլ առաջնորդի խնդիր դնի կամ էլ փոխզիջումների գնա, նա պատասխանեց. ‘’Նման բան տեսանելի չի, առավել ևս որ Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվ քաղաքականության մեջ է’’:
Դիտարկմանը, որ արդեն իսկ Գագիկ Ծառուկյանի նախագահության թեման Հայաստանում շատ ակտիվորեն շրջանառվում է ,նա արձագանքեց. ‘’Ես այդ մասին չեմ ուզում կարծիք հայտնել, որովհետև դա համատեղ որոշում կլինի։ Եթե մենք խնդիր ենք դրել արտահերթ ընտրություններ և փորձելու ենք հնարավորություն չտալ ՀՀԿ-ին վերարտադրվելու, ես կարծում եմ` կլինի միասնական թեկնածու, և ով էլ լինի, բնականաբար, նպատակը մեկն է լինելու՝ առողջացնել երկրում իրավիաճակը և մենք կողմ ենք լինելու միասնական թեկնածուին: Եթե մեծերը կարողանում են պայմանավորվել, մենք բոլորս ամեն դեպքում պետք է օժանդակենք, որ այդ միասնական թեկնածուի հաղթանակը տեսանելի և գրանցված լինի:
Նպատակը մեկն է ՝ առողջացնել երկրում մթնոլորտը, տնտեսական խնդիրները թեթևացնել , արտագաղթը կանխել։ Ժամանակից առաջ չընկնենք, դեռ չենք հասել արտահերթին, նոր թեկնածուները կլինեն, կքննարկվեն և կլինի վերջնական մոտեցում’’:
Լ. Սարգսյանն ընդգծեց` ՀԱԿ-ը միշտ դրել է իշխանափոխության խնդիր և հիմա էլ չի խորշում բարձարձայնել: ‘’Բայց եթե հարթակում երեք քաղաքական ուժեր են, նրանք պետք է կարողանան միասնական օրակարգով հանդես գալ։ Եթե ՀԱԿ-ը հնչեցնում է, ‘’Ժառանգությունը’’ հնչեցնում է, իսկ երրորդ կողմը` դեռ ոչ, դա դեռ չի նշանակում հարթակում նա այդ մասին չի բարձրաձայնի’’։
Իսկ հնարավոր գործարքները բացառո՞ւմ է. ‘’Ով պետք է գնար, կգնար մինչև հիմա: Ես չեմ կարծում, որ իշխանությունը կարող է առաջարկել մի այնպիսի բան, որը ‘’Բարգավաճը’’ չունի, որովհետև այն, ինչը որ կարող է առաջարկել, նախկինում ‘’Բարգավաճն’’ ունեցել է։
Չեմ կարծում, որ ԲՀԿ ղեկավարի խնդիրն ինչ-որ բան անելն է այս էտապում։ Ես կարծում եմ` նպատակները ազնիվ են, տրամադրություններն էլ՝ մարտական և հույս ունեմ, որ հոկտեմբերի 10-ին շատ բաներ կհստակեցվեն հենց հարթակում’’: