Մենք ձեզ ընտրել ենք, ձեզ էլ քննադատելու ենք. Սահակյանը` ՄԻՊ-ին
‘’Դուրս եկավ, որ մենք ձեզ պետք է պաշտպանենք, բայց դոքւ եք Մարդու իրավունքների պաշտպանը, դուրս եկավ, որ ձեզ որոշակի անձերից, մարմիններից պետք է պաշտպանենք: Մենք ձեզ ընտրել ենք, ձեզ էլ քննադատելու ենք, ի՞նչի մասին է խոսքը’’,-այսօր Ազգային ժողովում ՄԻՊ-ի զեկույցի ներկայացումից ու Գլխավոր դատախազության վերաբերյալ հայտարարություններից հետո ասաց Պետա-իրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նա նշեց, որ Կարեն Անդրեասյանը դատախազության մասով հայտնել էր, որ ոստիկանության բաժիններում արձանագրված բռնության 263 դեպքերից 12-ով է քրեական գործ հարուցվել: ‘’Սա բերում եք որպես վիճակագրական տվյալներ, զավեշտալի անվանեցիք այս տվյալները: Ենթադրենք այդ գործերով հիմքերը ամուր չեն եղել, այդ պատճառով էլ չեն հարուցվել քրեական գործեր’’,-շեշտեց պատգամավորը:
Կարեն Անդրեասյանն արձագանքեց. ‘’Կառույցը, որ պետք է պաշտպանի ինձ, դա Ազգային ժողովն է, եթե սխալ եմ հասկացել, ժամանակը կուղղի իմ սխալը’’: ՄԻՊ-ը շեշտեց, որ դատախազության դեպքում քաղաքացիները դժգոհում են համատարած ապօրինություների վերաբերյալ, բայց դրանք անարժանահավատ են որակվում ասյտեղ: ‘’Իմ այստեղի խոսքը եթե ձեզ արժանահավատ չի թվում, բայց գոնե 500 էջից մի քանիսը արժանահավատ է թվում, դրա մասին խոսենք’’,-ասաց օմբուդսմենը, ապա հայտարարեց.
‘’Ես չեմ վախեցել քննադատվելուց, նույնիսկ շատ հաճելի է, բայց լավ կլինի, որ ինձ քննադատելու հետ միասին մեկ-մեկ էլ քննադատեք այն մարմիններին, որոնք ծնում եմ մարդու իարվունքների միջավայրում խնդիրներ, ես դրանք չեմ ծնում, ես դրանք պաշտպանում եմ’:
Հովհաննես Սահակյանն արձագանքեց, որ երբ Գլխավոր դատախազը կգա, իրենք կհնչեցնեն այդ հարցերը: Իսկ որակումների հետ կապված պատգամավորը նշեց, որ ՄԻՊ-ը դրանք տալու քրեադատավարական ու սահմանադրական իրավունքը չունի: ‘’Դուք ընդամնեը կարող եք վեր հանել տվյալ խախտված իրավունքը’’:
ՄԻՊ-ը պատասխանեց, որ այդ ՀՀԿ-ական պատգամավորի պատկերացումները վերջին ատյանի դատական ճշմարտություն չեն, և ՄԻՊ-ն իրավունք ունի ավարտված գործերով որոշակի գնահատականներ հնչեցնել, ու այդտեղ որոկավորումներն անխուսափելի են: ‘’Ցուցումներ ՄԻՊ-ին մի տվեք, գիտեմ, որ ոչ մի պետական կառույց չի փորձում լռեցնել ինձ, բայց ցուցումներ մի տվեք, ես էլ հարգում եմ բոլոր պատգամավորների քննադատությունները’’,-եզրափակեց նա: