“Ես հո տուպոյ չեմ, ձեռիս ժամացույցը 6 հազար դոլար ա,…”. Ժամանակ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է Սարգիս Համբարձումյանի եւ Էդուարդ Դավթյանի գործի դատական քննությունը: Գործի մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը:
Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա Սարգիսը նախնական համաձայնության է եկել ընկերոջ՝ 22-ամյա Էդուարդ Դավթյանի հետ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ:
2013 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Երեւանի Փարպեցի փողոցի 14 շենքի մոտ դիմակներով ու դանակներով նրանք հարձակվել են Գարաբետ Մազլումյանի վրա, նրա կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել, դանակներով հարվածել են Մազլումյանի ձեռքի մատներին, ոտքին, նրա առողջությանը պատճառել են թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Համբարձումյանն ու Դավթյանը տուժողից հափշտակել են 48 հազար 200 դրամ արժողությամբ դրամապանակը՝ 48 հազար դրամ կանխիկ գումարով ու տարբեր պլաստիկ քարտերով:
Սարգիս Համբարձումյանին եւ Էդուարդ Դավթյանին մեղադրանք է առաջադրված ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով:
Արդեն հարցաքննվել են տուժողը, վկաները, ցուցմունք տալու հերթը ամբաստանյալներինն է:
Դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալ Սարգիս Համբարձումյանը:
Նա հայտնեց, որ դեպքը, այո, տեղի է ունեցել, սակայն իրենց նպատակը ավազակային հարձակումն ու հափշտակություն կատարելը չի եղել:
Ինքը ցանկացել է պարզապես վախեցնել Գարաբետ Մազլումյանին: Դրա համար ուներ իր պատճառները:
Գարաբետ Մազլումյանը սննդի օբյեկտ ունի Երեւանում: Այդ օբյեկտում է աշխատել Սարգսի ընկերուհին՝ Ռեժինան, ում հետ Սարգիսը ծանոթ էր երեք շաբաթ: Նրանք արդեն միասին էին ապրում, Սարգիսը, իր ասելով՝ ընկերուհուն տանում-բերում էր աշխատանքի, մի երկու անգամ էլ անձամբ հաց է կերել նրանց օբյեկտում:
Ռեժինան Սարգսին ծանոթացրել է Գարաբետի հետ, ասել է, որ Սարգիսն իր ընկերն է:
Հետո Ռեժինան Սարգսին”բողոքվել է”, թե օբյեկտի տերը շատ խիստ է վարվում իր հետ, շատ պահանջկոտ է: Եվ Սարգիսն ընկերոջը՝ Էդուարդին ասել է՝ հետս արի, գնանք Գարաբետին վախեցնենք:
Դիմակներով են եղել, որ Գարաբետն իրենց չճանաչի, դանակներ են վերցրել, որ Գարբետը վախենա, հասկանա, որ Ռեժինան անտեր աղջիկ չի, գլխին տեր ունի՝ իր մասին մտածող ու հարցեր կարգավորող:
“Ուզել եմ ասեմ՝ մի վարվի էդ աղջկա հետ էդ ձեւի… Դանակը բաց է եղել ձեռքիս, տուժողը ձեռքը գցել է դանակին, դրա համար է վնասել իր ձեռքը, ես նրան չեմ ուզեցել խփեմ… Էդ պահին հարեւանները գոռացին, էս կողմ, էն կողմ, բռթբռթոց էղավ, մենք սկսեցինք փախնել… բայց միլիցա կար, մեզ տեսել էր … փախչելիս Էդուարդը սոթ տվեց, ընկավ, էդ ձեւի բռնվեցինք… Մենք գողության նպատակ չենք ունեցել: Ինչ-որ 100, 200, թեկուզ 1000 դոլարի համար չէի գնա նման բանի… Ընդունում եմ, ճիշտ չստացվավ, էդ ձեւով չպետք ա գնայի, ուրիշ ձեւով պիտի դիմեի… Մասկաներն էղել են նրա համար, որ չճանաչեր, իզուր չբարդանար ամեն բան…”:
Դիմակներով են գնացել, որ տուժողը հանկարծ չճանաչի, “մեծ պատմություն չստացվի, կարող էինք նաեւ բռնվել…Ջղայնացած եմ եղել… Ես, ներեցեք արտահայտությանս համար, տուպոյ չէի, որ սաղի ներկայությամբ դանակով գնայի ու խփեի… Էդ էն հարցը չէր, որ ինչ-որ աղջկա համար ես դանակով մարդուն խփեի…”,-ասել է Սարգիսը:
Դեպքից հետո Սարգսի ընկերուհի Ռեժինան այդ օբյեկտում էլ չի աշխատել: Սարգիսն ասաց, թե այդ մասին էլ էր մտածել, ինքը աղջկան կարող էր այլ տեղ աշխատանքի տեղավորել. “Ես իրան անտեր չէի թողնի”: Բայց… “Տենց ստացվավ”,- կատարվածի մասին հիմա արդեն ասում է կալանքի տակ գտնվող ու ծանր հանցագործության համար մեղադրվող Սարգիսը:
Սարգիսն ընդգծեց նաեւ, որ տուժողի հարյուր դոլարի համար նրա դրամապանակը չէր հափշտակի: Ճիշտ է, չգիտեր, թե դրամապանակում ինչքան գումար կար, բայց… “ձեռիս ժամացույցը 6 հազար դոլար արժեր, ավտո ունենք, տուն ունենք, խի՞ պտի 100 դոլարի համար դրամապանակ տանեի…”:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: