Երկրորդ ”մարտի մե՞կ” եք ուզում. վարչապետը զայրացավ
”12 միլիարդ բեռի մասին ներկայացրեցիք, հիմա դրսում բազմաթիվ մարդիկ կանգնած են ու չեն ուզւոմ, որ դուք այդ բեռը ձեզ վրա վերցնեք, իսկ նոր տնտեսական քաղաքականությունը, տեսանք, ինչի բերեց` Գյումրի, Երևան, հազարավոր մարդիկ, խնդիրներ, ու ասում են` չենք ուզում այս օրենքով աշխատել, միթե դժվար է դա պատկերացնել”,-այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը` խոսելով ”Շրջանառության հարկի” մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից, որոնց դեմ պայքարում են առևտրականները:
Նա նշեց, որ այսօր անձրևի տակ կանգնած վաճառականները դժգոհում են, իսկ կառավարությունն ասում է` չենք փոխելու և վերջ: Նա հարցրեց` օրենքը մնալու է ուժի մեջ, թե ինչ-որ բաներ փոխվելու են` հանուն դրսում հավաքված քաղաքացիների: ”Ձեր բարեփոխումը դառնում է չարեփոխում: Եթե դա հասկանալի չէ, ժողովրդի բողոքը մեծանալու է, ու հասնելու է անցանկալի հետևանքների”:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. ”Ձեր կեցվածքն ինձ համար անհասկանալի է: Այդ խոսալու ոճը դուք փողո՞ցից եք բերել այս դահլիճ, երբ ես ԱԺ նախագահ էի, նման ոճ չկար”,-ասաց նա` հավելելով, որ նախքան օրենքի ընդունումը բազմաթիվ քննարկումներ են արվել, մարդկանց բացատրել են ու առանց քննարկման չի ընդունվել այս օրենքը:
”Հիմա այդ ոճը պահանջատիրական, մեզ փողոցով վախեցնելու այս դահլիճում ընդունելի չէ, կարող եք տանել, որտեղ ձեզ հարմար է, այնտեղ քննարկեք”: Վարչապետը նշեց, որ դժգոհողներին ճիշտ չեն բացատրում օրենքում կատարված փոփոխությունը, և դա միտումնավոր է արվում ոմանց կողմից:
”Գիտենք` ովքեր են ստվերում աշխատում, և սա մեկ քայլ է, որ փակենք այդ ճանապարհը: Մենք սկսելու ենք խոշորներից, չգիտեմ` ում հնարածն է, որ մենք գնալու ենք, թուրը քաշելու ենք, գցենք փոքրերի վրա, ոչ, հակառակը, նման բա չի լինելու”,-նկատեց նա:
ԲՀԿ պատգամավորն արձագանքեց, որ իր գործընկերների մոտ չի թողել տպավորություն, որ չունի ոչ նորմալ պատգամավորական պահվածք,և օգտվելով իր պատգամավորական իրավունքից` փորձում է ճշտել հասարակությանը հուզող հարցի պատասխանը:
Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. ”Ուժի մեջ թողողը դուք եք”: Բաբայանն էլ ասաց, որ եթե իրենք լինեին, փոփոխություն կկատարվեր:
”Դուք չեք էլ լինի, և այդ ոճը, ես ասել եմ նաև իմ կարծիքը ձեր ֆեյսբուքյան էջի ստատուսների մասին, եղեք անաչառ: Այնպիսի ճամբար եք ընտրել, որ դուք այս ժողովրդի մասին մտածող եք, իսկ կառավարությունը` ոչ: Սխալվում եք` մենք ենք մտածում, դուք չեք: Միտինգ անելով, հավաքներ անելով երկրի հարց չեք լուծում: Ժողովուրդը մեզ ընտրել է, որ մենք գործ անենք այս երկրի համար:
Հիմա դուք ուզո՞ւմ եք գործ անեք, թե՞ ոչ, խոսքս ուղղում եմ նաև քառյակին: Մենք բազմաթիվ փաթեթներ ենք բերում ԱԺ, դուք ցանկություն չեք հայտնում քննարկելու: Բա ձեր ցանկությունն ի՞նչն է, ի՞նչ եք ուզում, որ էս երկրում իշխանափոխություն ու հեղափոխություն լինի՞, չի լինելու, երկրորդ մարտի մեկ եք ուզո՞մ այս երկրում տեղի ունենա”:
Վարչապետն ընդգծեց` իրենք քառյակից չեն խուսափում, համատեղ աշխատանք են առաջարկում: ”Ձեր նպատակն ինձ համար անհասկանալի է, խոսում եք արտագաղթից, աղքատությունից, բա եկեք, միասին աշխատենք, միգուցե խելոք գաղափարներ տաք, մեկ ամսում էս երկիրը կառավարեք, դզեք, տնտեսությունը զարգացնեք: Ես առաջարկում եմ կախարդական փայտիկը փոխանցեք մեզ, մենք այս երկիրը տանենք առաջ: Մեր միասնական որոշումների արդյունքում կունենանք հաջողություն”,-ասաց նա:
Ապա, երբ նիստն ավարտվեց՝ վարչապետը նետեց.
”Ինչ ես ասում, կամ ինչ ես արել մինչև հիմա, որ մի հատ էլ խոսում ես արա, չի կարելի սուտ խոսալ ”: