Մարզահամերգային համալիրի անունը չի փոխվել
ԱԺ-հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց Կարեն Դիեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին առնչվող գործընթացներից: Նա նկատեց, թե չնայած նախորդ նիստին կառավարությունից հավատացրեցին, որ չի փոխվի համալիրի ոչ կարգավիճակը, ոչ էլ անունը, սակայն մամուլում հրապարակումներ եղան, որ նախ անունն է փոխվել՝ դառնալով Ծիծեռնակաբերդի անվան մարզահամերգային համալիր և նաև զորամաս է ձևակերպվելու:
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ինքն առիթ ունեցել է հաստատելու, որ ոչ անունը և ոչ էլ գործառույթը չի փոխվելու: ‘’Մեկ անգամ ևս հաստատում եմ, կարծում եմ, շփոթն առաջացել է, երբ կազմակերպության նախկին խոսնակն ասուլիս է հրավիրել և զինվորական զգեստով հայտարարել իրականությունը չհամապատասխանող փաստեր’’,-ասաց նա և նշեց, որ կառավարության պահանջը հետևյալն է, որ ֆիրմային անունը պետք է պարունակի այն, ինչ 1999թ-ից հաստատվել է նախագահի կողմից: