Արայիկ Հարությունյանը հաստատել է հումանիտար հրադադարի պայմանները պահպանելու պատրաստակամությունը

Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ողջունում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը հաստատում է հոկտեմբերի 10-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի իրականացման վերաբերյալ կողմերի հանձնառությունները։
Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները, որն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, 08:00-ին»,- գրել է Հարությունյանը: