20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի, տրվել է պետական ընթրիք

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի այսօր երեկոյան տրվել է պետական ընթրիք:

Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-հունական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին եւ դրանց զարգացման հեռանկարին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ

Մեծարգո պարո՛ն Նախագահ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել բարեկամ Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը: Հայաստանը, անշուշտ, նոր բացահայտում չէ պարոն Նախագահի համար: Նա դեռեւս 2007 թվականին է այցելել Հայաստան, եւ այսօրինակ փոխայցերը, մեր խորին համոզմամբ, լավագույն վկայությունն են մեր ժողովուրդների` երկու հնագույն քաղաքակրթությունների ներկայացուցիչների դարավոր բարեկամության:

Ժողովրդավարություն, արվեստ, գիտություն, փիլիսոփայություն` մարդկային մտքի մեծագույն նվաճումների պատմությունը հաճախ նույնանում է հույն ժողովրդի պատմության հետ: Դարեր առաջ նրա ստեղծած արժեքները մինչեւ այսօր շարունակում են մնալ ժամանակակից քաղաքակրթության հոգեւոր եւ մշակութային համակարգի հիմքում: Համամարդկային այս արժեքների եւ գաղափարների կրողն ու կիսողն է նաեւ հայ ժողովուրդը, որն իր դարավոր պատմության եւ ստեղծագործ գոյության ընթացքում մշտապես հարստացրել է եւ իր ուրույն ներդրումն է ունեցել արժեհամակարգային այս շղթայում: Հելլենիզմից մինչեւ քրիստոնեության ընդունում, Բյուզանդական կայսրությունից մինչեւ ոչ վաղ անցյալի պատմության ողբերգական էջերը հայ եւ հույն ժողովուրդները քայլել են կողք կողքի` նեցուկ լինելով միմյանց դժվար պահերին:

Ոմանք ասում են, որ իրական բարեկամները երեւում են դժբախտության պահին, իսկ ոմանք էլ իրական բարեկամ են համարում նրան, ով ունակ է անկեղծորեն կիսել դիմացինի ուրախությունն ու հաջողությունները: Թե բարեկամության այս երկու սահմանումից, որին նախապատվություն կտաք, հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք, ձեր ընտրությունն է: Բայց ես վստահաբար կարող եմ ասել՝ հայ-հունական բարեկամությունն իր իսկությունն ապացուցել է երկու դեպքում էլ:

Հարգարժա՛ն հյուրեր,

Սովորական բառերը թերեւս ի զորու չեն նկարագրել, թե ինչ փորձությունների միջով է անցել հայ ժողովուրդն Օսմանյան կայսրության տիրապետության օրոք: Սակայն հույն ժողովուրդը գոնե դա շատ լավ գիտի. մեզ վիճակված է եղել կիսել պատմության այդ դառը եւ դաժան էջը: Շնորհակալ ենք հույն ժողովրդին, որ առաջիններից ապաստան տվեց Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին` դառնալով դժբախտության մեջ մեր ամենամեծ բարեկամներից մեկը: Այսօր այդ գաղթականների սերունդներն ապրում եւ ստեղծագործում են նաեւ Հունաստանում` ամրապնդելով մեր բարեկամությունը:

Հայ-հունական բարեկամությունը նաեւ ուրախության եւ հաջողությունների պատմություն է: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր միջպետական հարաբերությունների ուղին եղել է համագործակցության եւ փոխաջակցության ուղի, ինչն իր արտացոլումն է գտել երկկողմ շփումների բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, ինչպես նաեւ միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված: Հայ եւ հույն զինվորականները բարձր փոխըմբռնման մթնոլորտում ծառայել են կողք կողքի հանուն մեր ընդհանուր՝ եվրոպական տարածաշրջանի անվտանգության եւ ապահովության:

Հայաստանը մեծապես կարեւորում է իր արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը, եւ այս առումով նույնպես Հունաստանը մեզ համար եղել եւ շարունակում է մնալ շատ կարեւոր գործընկեր: Հունաստանն այն երկիրն է, որ կանգնած է եվրոպական ինքնության ձեւավորման ակունքներում, որի հիմքում ընկած քրիստոնեությունը Հայաստանն աշխարհում առաջինն է ընդունել որպես պետական կրոն՝ մեկընդմիշտ սահմանելով իր զարգացման հետագա ուղին:

Հարգելի՛ ներկաներ,

Կարծում եմ՝ երկու կարծիք չի կարող լինել. մեզ բախտ է վիճակվել ապրել չափազանց բարդ ժամանակաշրջանում` լի մարտահրավերներով եւ փորձություններով: Թեեւ հանգամանքները տարբեր են եւ մշտափոխ, բայց յուրաքանչյուր պետության կենսունակության բանաձեւը մեկն է` ապահովել իր բնակչության ֆիզիկական եւ տնտեսական անվտանգությունը եւ պահպանել ժամանակի փորձությունն անցած հարաբերությունների ողջ շքեղությունը բարեկամների հետ` ջանալով, որ կարճաժամկետ շահերը չանդրադառնան դրանց վրա:

Ինչպես ասել է մեծագույն հույն մտածողներից մեկը՝ Արիստոտելը. «Բարեկամությունը մեկ ոգի է, որ բնակվում է երկու մարմնում»: Ու եթե ժողովուրդների ոգին նրանց դավանած գաղափարներն ու արժեքներն են, վստահաբար կարելի է ասել, որ հայ եւ հույն ժողովուրդները, բնակվելով տարբեր պետություններում, կիսում են այդ միասնական ոգին:

Ցանկանում եմ բաժակ բարձրացնել` ի պատիվ Հունաստանի Նախագահ պարոն Պապուլիասի, ի բարօրություն Հունաստանի եւ հույն ժողովրդի եւ ի փառս հայ-հունական հարատեւ բարեկամության: Եվ ինչպես հույներն են ասում՝ յասաս (հունարեն կենաց):

***

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար` Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասն իր բաժակաճառում նշել է, որ մշակութային մերձավորությունը եւ ամուր պատմական բարեկամական կապերը միավորում են հույներին եւ հայերին: Դարերի ընթացքում անցնելով փորձությունների միջով՝ այդ կապերը, Հունաստանի Նախագահի խոսքով, ամրապնդվել են, ինչն էլ երկու ժողովուրդների մտերմության հիմքն է դարձել:

Իր խոսքում Նախագահ Պապուլիասն անդրադարձել է Պոնթոսի հույների տառապալից անցյալին, այդ համատեքստում հիշատակելով Հայոց ցեղասպանությունը: «Մենք հպարտ ենք, որ Հունաստանն այն քիչ երկրներից էր, որ ապաստան տվեց ջարդերի զոհ դարձած հայերին, բայց նաեւ առաջիններից մեկն էր, որ ճանաչեց հայ ժողովրդի ցեղասպանությունը: Վերջերս Հունաստանի խորհրդարանը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենք ընդունեց»,-ընդգծել է Կարոլոս Պապուլիասը:

Նախագահը խոսել է Հունաստանում հայկական համայնքի եւ Հայաստանում հունական համայնքի մասին, նշելով, որ երկու համայնքներն էլ հանդիսանում են ամուր օղակներ Հունաստանի եւ Հայաստանի միջեւ եւ նպաստում երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

«Այսօրվա մեր բանակցությունները եւս մեկ անգամ վերահաստատում են մեր երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր եւ արդյունավետ մակարդակը, որոնց բնորոշ է փոխադարձ հարգանքի եւ վստահության մթնոլորտը:

Պարո՛ն Նախագահ,

Ինչպես ես այսօր հնարավորություն ունեցա Ձեզ տեղեկացնելու, մեր տնտեսական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի: Իմ երկրում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, որոնք փաստացի դրական ազդեցություն ունեն գործարար միջավայրի վրա եւ ի հայտ են բերում համագործակցության լուրջ հնարավորություններ:

Ուզում եմ հավատալ, որ մեր առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացումը դրական հեռանկարներ ունի, ինչի մասին վկայում է Հայաստանից եւ Հունաստանից գործարարների մասնակցությունը գործարար համաժողովին:

Կրթության ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են արագ, ինչը երեւում է մեր երկրների բարձրագույն կրթական հաստատությունների համագործակցությունից, ինչպես նաեւ հայ ուսանողներին Հունաստանի կրթական հաստատություններում սովորելու համար տրվող կրթաթոշակներից:

Ես շատ ուրախ եմ, որ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում եւ Երեւանի պետական համալսարանում գործում են հունարեն լեզվի դասավանդման բաժիններ:

Միեւնույն ժամանակ, կարեւորում ենք, որ Ձեր երկրի զինված ուժերում ծառայում են հունական ռազմական հաստատություններն ավարտած սպաներ:

Պարո՛ն Նախագահ,

Դուք գիտեք, որ հույները եւ Հունաստանը կապված են Կովկասի հետ դարերից եկող պատմական կապերով: Ամեն կերպ աջակցում ենք տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ամրապնդմանը՝ հավատալով, որ այն կնպաստի տարածաշրջանային համագործակցությանն ու տնտեսական աճին:

Իր արտաքին քաղաքականությունում Հունաստանը միշտ ուղղորդվում է տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու սկզբունքով՝ միջազգային օրենքի հիման վրա եւ, անշուշտ, դա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Համարում ենք, որ խնդիրը լուծելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն ամենանպատակահարմարն է: Մեծ հետաքրքրությամբ հետեւում ենք վերջերս տեղի ունեցող զարգացումներին: Ցանկանում ենք, որ հակամարտությունն արագ լուծում ստանա, որը կլինի կենսունակ, իրական եւ գործնական՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վրա եւ կբխի կողմերի իրավական շահերից ու պահանջներից:

Հունաստանը, որպես Եվրոպական միության անդամ, հաստատակամորեն սատարում է Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Հայաստանը մի երկիր է, որն ունի մշակութային եվրոպական պատմական արմատներ եւ ավանդույթներ:

Հունաստանը միշտ հատուկ ուշադրություն է դարձրել իր հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալուն, ինչպես նաեւ Բալկանյան տարածաշրջանին, որտեղ նա գտնվում է:

Ինչպես ես այսօր նշեցի մեր հանդիպման ժամանակ՝ Արեւմտյան Բալկանների անդամակցությունը Եվրոպական միությանը՝ հունական արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակն է: Այդ տեսլականն իրականացնելու համար անհրաժեշտ է բարիդրացիական հարաբերություներ հաստատել տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,-ասել է Հունաստանի Նախագահը՝ այդ համատեքստում խոսելով Թուրքիայի հետ իր երկրի հարաբերությունների մասին: Նա անդրադարձել է նաեւ Կիպրոսի հիմնախնդրին, ներկայացրել իր երկրի դիրքորոշումը:

«Պարո՛ն Նախագահ,

Ես վստահ եմ, որ մեր երկու երկրները օգուտ կքաղեն այսօրվա հանդիպման ջերմ մթնոլորտից՝ ավելի խորացնելով եւ ամրապնդելով մեր համագործակցությունը:

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ բաժակ եմ բարձրացնում՝ մաղթելով Ձեզ եւ Ձեր մտերիմներին առողջություն, հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ առաջընթաց բոլոր ոլորտներում»,-իր բաժակաճառում ասել է Կարոլոս Պապուլիասը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ