22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Կարծում եմ, որ այս դժվարին պատերազմում Ղարաբաղն ամեն դեպքում կհաղթի». Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին.

Հարց- Սկսենք հումանիտար զինադադարից: Ավելի քան մեկ շաբաթ է անցել Մոսկվայի բանակցություններից: Կարո՞ղ ենք ասել, որ այդ նախաձեռնությունը ձախողվել է:

– Նախաձեռնությունը, որի շուրջ համաձայնեցում էր եղել արտաքին գործերի նախարարների (Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի՝ Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի – «Կոմերսանտ») միջև, շատ կարևոր է: Ցավոք, ադրբեջանական կողմը հրադադարի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո `շաբաթ օրվա կեսօրին, սկսեց ռմբակոծել Ստեփանակերտը: Այս իմաստով, ցավոք, մարդասիրական հրադադար չկա, և Արցախի Հանրապետության մայրաքաղաքը, գյուղերը, քաղաքները շարունակվում են ռմբակոծվել։

Բայց ես դա ձախողում չէի անվանի այն իմաստով, որ կան պայմանավորվածություններ և փաստաթուղթ, որը հնարավոր է կիրառել (եթե լինի կողմերի ցանկությունը) և պայմանավորվել հրադադարի մասին, ասենք, վաղը կեսօրից սկսած: Փաստաթուղթն ինքնին արժեքավոր է: Եվ դրա համար ես կցանկանայի շնորհակալություն հայտնել արտաքին գործերի նախարար Լավրովին և, իհարկե, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին: Գիտեմ, որ Ռուսաստանի նախագահը նույնպես մասնակցել է բանակցություններին՝ «հեռակա կարգով» հեռախոսազանգերի միջոցով:

Հարց- Լիովին գո՞հ եք Ռուսաստանի դերից, թե՞ նա կարող էր ավելին անել: Օրինակ՝ ռազմական մասով:

– Ռուսաստանն արդեն իսկ շատ բան է անում, քանի որ այս տարիների ընթացքում եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ի դեպ, ակտիվ համանախագահը: Այն փաստը, որ 26 տարիների ընթացքում քիչ թե շատ մեծ պատերազմներ չեն եղել նույնպես Ռուսաստանի Դաշնության վաստակն է։ 26 տարի շարունակ մարդիկ խաղաղ կառուցել են իրենց կյանքը և երազել, որ հարցը կլուծվի բանակցությունների միջոցով, որ կգա մի օր, երբ կողմերը կհամաձայնեցնեն Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը, և կսկսվի երկու կողմերի հարաբերությունների կարգավորման գործընթացը: Բանակցություններն ուղղված են ոչ միայն ընդհանուր լուծում գտնելուն: Այդ գործընթացն ինքնին շատ կարևոր է և վստահության ձևավորման ուղին է:

Ղարաբաղյան խնդրի լուծման գործում խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա: Ենթադրենք՝ նույնիսկ եթե Ադրբեջանին հաջողվի պատերազմի ինչ-որ պահին հաջողություն ունենալ կամ տարածքներ գրավել, միևնույն է, այդքանով այս ամենը չի ավարտվի: Մտքերի պատերազմը, պատմությունների պատերազմը, մարդկային հույզերի պատերազմը կշարունակվեն: Հայաստանում մարդիկ կմտածեն, որ սա հերթական ցեղասպանությունն է: Պատերազմը չի ավարտվի: Այսպիսով, կա միայն մեկ ճանապարհ՝ երբ բոլոր կողմերը պայմանավորվեն, թե ինչպես շարունակել ապրել:

Հարց- Սակայն Մինսկի խումբը գոյություն ունի 1992 թվականից, բայց առաջխաղացումներ չկան: Միգուցե ինչ-որ կերպ պետք է բարեփոխե՞լ ձևաչափը:

– Չեմ համաձայնի ձեզ հետ: Նախ, սա «ամենաբարձր» ձևաչափերից մեկն է՝ ԵԱՀԿ-ի և համանախագահներ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի, ի դեմս Ֆրանսիայի ներգրավմամբ: Որտե՞ղ կարող եք ավելի լավ տարբերակ գտնել: Երկրորդ, Մինսկի խումբը շատ բան է արել: Կան հարյուրավոր փոքր և միջին խնդիրներ: Այնպես որ, այս բոլոր տարիների ընթացքում Մինսկի գործընթացի մասնակիցներն աշխատում էին կողմերի միջև վստահություն ձևավորելու ուղղությամբ, ինչի մասին արդեն նշել եմ։ Քայլեր արվել էին, որոնք ցույց էին տվել, որ վստահությունն աճում է: Օրինակ՝ կազմակերպվում էին այցելություններ՝ Հայաստանից մի խումբ մտավորականներ և լրագրողներ այցելեցին Բաքու և հակառակը՝ մտավորականներ ու լրագրողներ Ադրբեջանից եկան Հայաստան, իսկ հետո բոլորը միասին գնացին Ղարաբաղ: Այսինքն՝ մինչև սեպտեմբերի 27-ը շատ հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք էին բերվել: Մնացել էին մի քանի սկզբունքային մեծ հարցեր, որոնք միշտ էլ քաղաքական փոխզիջման մաս են կազմում: Այնպես որ, ասել, թե Մինսկի գործընթացը ոչինչ չի տվել՝ մեծ սխալ է:

Հարց- Ադրբեջանական կողմը ցանկություն է հայտնել, որ Թուրքիան ավելի ակտիվ դերակատարություն ունենա Մինսկի գործընթացում: Հայաստանի տեսանկյունից ինչպիսի՞ սպառնալիք կա այս հարցում։

– Թուրքիան չի կարող միջնորդ լինել, նա բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին, ինչը անում է շատ կոպիտ և, սկզբունքորեն, արդեն իսկ հակամարտության կողմ է դարձել: Թուրքական զինուժը և տեխնիկան մասնակցում են այդ գործողություններին (ադրբեջանական բանակի – «Կոմերսանտ»): Թուրքական անօդաչու թռչող սարքերն ամեն օր թռչում են այդ սարերի վրա: Թուրքական ռազմական ինքնաթիռներն ամեն օր թռչում են: Ինչպե՞ս կարող են թուրքերը միջնորդ լինել:

Երբ խոսում ենք ներկայիս պատերազմի մասին, չպետք է մոռանանք, որ այն տարբերվում է առաջինից: Ռազմական գործողությունների ինտենսիվությունը շատ ավելի բարձր է, փոխվել է հակամարտության բնույթը: Ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 27-ին՝ ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու պատրվակով: Բայց իրականում, եթե նայեք ադրբեջանա-թուրքական կողմի նպատակներին, ապա ակնհայտ է, որ խոսքը միայն Ղարաբաղի մասին չէ:

Թուրքիան իբր թե եկել է օգնելու «եղբայրական Ադրբեջանին»՝ ասելով, թե՝ «տղաներ, չեք կարող ինքնուրույն լուծել Ղարաբաղի հարցը, եկեք ցույց տանք, թե ինչպես պետք է հարցը լուծել»: Մենք լսում ենք տարբեր արհեստական պատրվակներ՝ «եղբայրական հանրապետության» մասին, իբր հայկական կողմում կռվող քուրդ զինյալների մասին … Նրանք ասում են նաև, թե անհրաժեշտ է «ապահովել էներգետիկ երթուղիների անվտանգությունը»: Բայց սա բացարձակ անհեթեթություն է, քանի որ եթե հայերը ցանկանային կրակել էներգետիկ խողովակաշարերի վրա, ինչպիսիք են նավթի կամ գազի խողովակները, ապա դա կարող էին անել 20 տարի առաջ: Բայց ոչ մի կրակ չի արձակվել: Մինչդեռ, Ադրբեջանը Կասպից ծովից գազ ու նավթ է ստացել, միլիարդավոր դոլար վաստակել ու դրանցով զենք գնել: Եվ հիմա այդ զենքն օգտագործում է հայերին սպանելու համար:

Կարիք չկա ձեւացնել և ասել, թե իբր «մենք այստեղ ենք՝ ադրբեջանցիներին պաշտպանելու համար»: Թուրքիան այնտեղ է, քանի որ ցանկանում է կառավարել այդ խողովակաշարերը (նավթատար, գազատար – «Կոմերսանտ»): Եվ որքան հակամարտությունը երկար ձգվի, այնքան խորը կլինի Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում: Եվ դա կփոխի ամբողջ տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը: Թուրքիան կդառնա Ռուսաստանի հարևանը, որի հետ, ըստ էության, կունենա ցամաքային սահման: Թուրքիան կկառավարի դեպի Եվրոպա ձգվող նավթատարներն ու գազատարները: Սա նշանակում է, որ Թուրքիան հսկայական ազդեցություն կունենա Եվրոպայի էներգետիկ անվտանգության վրա: Նա նաև հսկայական ազդեցություն կունենա Կենտրոնական Ասիայի և կասպիական տարածաշրջանի վրա, քանի որ գազի և նավթի մի մասն այնտեղից է գալիս: Այսինքն՝ կհայտնվի մեջտեղում և կորոշի՝ «կուզեմ ձեզ նավթ կմատակարարեմ, չեմ ուզի՝ չեմ մատակարարի»: Կամ եվրոպացիներին կասի՝ «եթե ձեզ լավ պահեք, այնպես կանեմ, որ գազն ու նավթը ձեզ կհասնեն»: Այսինքն՝ Թուրքիան կկառավարի գազն ու նավթը, որոնք իրեն չեն պատկանում: Եթե նա նախկինում եղել է սպառող, այդ ժամանակ կդառնա կառավարող։ Դա նաև ժամանակակից Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության ավելի ընդարձակ մասն է կազմում: Եթե ձեզ հետաքրքրում է, կարող եմ նաև դրա մասին խոսել:

Լրագրող- Եթե կարճ, այո, իհարկե:

– Նայեք Թուրքիային: Եթե մի կողմ թողենք այն, ինչ ասում են իրենց «էթնիկ եղբայրների» մասին, այժմ ամենուր ոտնահարում են ստատուս քվոն և ստեղծում անկայունության օջախներ: Նրանք Եգիպտոսում ներգրավված էին հակամարտության մեջ «Մահմեդական եղբայրների» հետ: Նրանք այժմ Լիբիայում են: Որտե՞ղ է Թուրքիան, իսկ որտե՞ղ է Լիբիան, նրանց «էթնիկ եղբայրները» այնտե՞ղ են: Թուրքերն այնտեղ են առնվազն երկու նպատակով ՝ վերահսկողություն հարուստ էներգետիկ ռեսուրսների վրա և վերահսկողություն Աֆրիկայից դեպի Եվրոպա միգրացիոն դարպասի վրա: Թուրքիան ցանկանում է Եվրոպան պահել իր տնտեսական և հումանիտար տեսադաշտում: Այժմ այնտեղ մեծ թվով միգրանտներ են ապրում, ինչն իր մեջ այսպիսի ազդանշան ունի՝ «Ահա, պարոնայք Եվրոպայում, դուք խոսում եք մարդասիրական արժեքների մասին, և մենք մի քանի միլիոն միգրանտներ կուղարկենք ձեր երկրներ»: Թուրքերը ցանկանում են նաև վերահսկել Կասպից ծովի և Հյուսիսային Աֆրիկայից էներգետիկ հոսքերը: Այսինքն՝ սա մեծ խաղ է:

Եվ երբ Թուրքիան ասում է, թե ինքն այնտեղ է (հակամարտության գոտում – «Կոմերսանտ»)՝ օգնելու Ադրբեջանին լուծել տարածքային ամբողջականության հարցը … Դե, կներեք, խնդրեմ։ Թուրքիան գրավում է Իրաքի մի մասը, իսկ ու՞ր մնաց Իրաքի տարածքային ամբողջականությունը: Թուրքիան գրավում է Սիրիայի մի մասը, իսկ ի՞նչ կասեք Սիրիայի տարածքային ամբողջականության մասին: Թուրքիան մեծ ակտիվություն է ցուցաբերում Հունաստանին պատկանող Միջերկրական ծովի հատվածում նավթահորերի շահագործման գործում: Նույնն անում է Կիպրոսում: Թուրքիան, ըստ էության, գրավեց Կիպրոսի կեսը: Ոչ ոք այն չճանաչեց (Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն – «Կոմերսանտ»): Երբ նրանք խոսում են չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, իսկ ի՞նչ կասեն Կիպրոսի թուրքական մասի մասին, այն ճանաչվա՞ծ է: Ինչու՞ է այնտեղ գտնվում թուրքական բանակը: Այնպես որ, ասել, որ սա զուտ ղարաբաղյան հակամարտություն է՝ իրական խնդրի պարզունակեցում է:

Եվ կրկին վերադառնալով ձեր հարցին՝ կա խնդրի լուծման միայն մեկ ճանապարհ՝ Մինսկի խմբի և բանակցությունների միջոցով: Հրադադարին հասնելու, իսկ հետո կողմերի միջեւ վստահությունը մեծացնելու համար (ապա, թերևս, նրանց միջև խաղաղապահներ կանգնեցնելու, օրինակ ՝ ռուսական), պետք է արվի մեկ բան ՝ բացառել Թուրքիային այս պատկերից: Նրա ներկայությունը բարդացնում և արմատապես փոխում է ամբողջ հակամարտությունը: Եթե Թուրքիան դուրս բերվի, ապա հակամարտությունը դառնում է հենց ղարաբաղյան՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Բայց Թուրքիայի ներկայությունը արմատապես փոխում է ամեն ինչ:

Հարց- Եվս մեկ հարց՝ Թուրքիային վերաբերող: Այս սրացման աղմկահարույց դրվագներից մեկը՝ հայկական Սու-25-ի խոցումն է: Երևանը հայտարարեց, որ ինքնաթիռը խփել է թուրքական F-16 կործանիչը: Բայց մինչ օրս դրա վերաբերյալ ոչ մի ապացույց չի ներկայացվել, օրինակ՝ հրթիռների բեկորներ: Ինչո՞ւ։

– Ինչու ապացույցներ չեն ներկայացվել … Դա չի արվում լրագրողական կամ հասարակական մակարդակում: Հատկանշական է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իսկ ի՞նչ է անում ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Ադրբեջանում, և ինչու՞ է կռվում Ղարաբաղում: Հարց՝ ՆԱՏՕ-ն Թուրքիային կանաչ լույս տվե՞լ է դրա համար: ՆԱՏՕ-ի կանոնադրությունը թույլ տալի՞ս է դաշինքի անդամներին՝ օգտագործել դաշինքին պատկանող կամ երրորդ երկրներում ՆԱՏՕ-ի օժանդակությամբ ստեղծված զենքեր և տեխնոլոգիաներ, ներգրավել ՆԱՏՕ-ի շրջանակում վերապատրաստված մարդկանց։

Եթե խոսում ենք F-16-ի մասին, ապա առաջին փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՆԱՏՕ: Մենք պետք է պարզաբանում ստանանք, թե արդյո՞ք դաշինքի ղեկավարությունը Թուրքիային կանաչ լույս ցույց տվել է, որ նա անի այն, ինչ հիմա է անում: Խոսքը միայն F-16- ի մասին չէ: Թուրքական արտադրության ՝ Bayraktar ԱԹՍ-ները, ամեն օր ինտենսիվորեն օգտագործվում են ոչ միայն ռազմաճակատում, այլ նաև խաղաղ բնակիչների դեմ: Այդ ԱԹՍ-ները ՆԱՏՕ-ի արտադրանք են, քանի որ դրանց առանձին բաղադրիչները ստեղծվել են ՆԱՏՕ-ի տարբեր երկրներում ՝ Ավստրիայից մինչ Կանադա:

Հարց- Այդ դեպքում, հիմա Երևանի և ՆԱՏՕ-ի կառույցների միջև կա՞ն որոշակի շփումներ։ Այս հարցերն ուղղե՞լ եք Բրյուսելին։

– Որպես նախագահ՝ ես նման հարցադրում եմ անում, երբ հարցազրույց եմ տալիս ձեզ կամ, ենթադրենք, CNN-ին։ Այսինքն, ես նման հարցադրումներ անում եմ ոչ թե գաղտնի, այլ հրապարակայնորեն։ Այս հարցերը, բնականաբար, տալիս են ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունը։ Հայաստանը շատ երկրների նման գործընկերային հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ։ Այդ մակարդակով հարցադրումներ են արվում։ Ես գործում եմ հանրային քաղաքականության գործիքների օգնությամբ։

Հարց- Տարածաշրջանային մեկ այլ խաղացող է Իրանը։ Օրերս այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Թեհրանը չի հանդուրժի ղարաբաղյան հակամարտության գոտուց նոր հարվածներն իր տարածքին։ Այս միջադեպերի առնչությամբ խորհրդատվություններ վարվո՞ւմ են իրանական կողմի հետ։ Եվ առհասարակ, ինչպիսի՞ դերակատարում կարող է ունենալ Իրանը խաղաղարար ջանքերում։

– Մենք վերադառնում են խաղաղապահների ու բանակցային գործընթացի վերաբերյալ Ձեր հարցին։ Ես հստակ ասացի, որ հաշտության և բանակցությունների տանող ճանապարհը հայտնի է, այլ ճանապարհներ հորինելու անհրաժեշտություն չկա, պետք չի ասել, թե՝ «թող Թուրքիան այստեղ մտնի»։ Եթե Թուրքիան մտնի, ամեն բան կկործանվի։ Եվ Իրանին նույնպես ոչ ոք չի հրավիրում դառնալ Մինսկի խմբի անդամ։ Սակայն այս ամենը տեղի է ունենում Իրանի հետ սահմանին, և բնական է, որ նրանք լուրջ մտահոգվելու առիթ ունեն։ Իսկ թե’ Իրանի, թե’ Ռուսաստանի, թե’ Կենտրոնական Ասիայի և թե’ Հայաստանի համար ամենատհաճն իսլամիստ ահաբեկիչների ներկայությունն է։ Ահաբեկիչները, որոնք գործողություններ էին իրականացրել ՍԻրիայում, քոչում են՝ նրանց ինչ-որ կերպ ինքնաթիռով ՍԻրիայից փոխադրեցին Լիբիա, իսկ հետո արդեն՝ Ադրբեջան։ Գուցե կա ինչ-որ զբոսաշրջային գործակալություն, որը զբաղվում է դրանով։ Չգիտեմ, թե այդ գործակալությունն ինչպես է կոչվում, սակայն այն ակնհայտ թուրքական է։ Եվ ամենուր, որտեղ այդ ահաբեկիչներին փոխադրում են, ծագում է անկայունության մեծ-մեծ օջախ։ Այսքանից հետո կարծում եք՝ Իրանին հաճելի կլինի՞ իր հյուսիսում տեսնել ահաբեկիչների։ Իսկ Ռուսաստանին հաճելի կլինի՞ տեսնել այդ ահաբեկիչներին, որոնք այդտեղ են մնալու։ Թե՞ կարծում եք, որ երբ այս ամենն ավարտվի, նրանք պարզապես կհավաքեն ճամպրուկներն ու ինչ-որ տեղ կհեռանան։ Իսկ գուցե մնան ու անկայունություն առաջացնելու մեկ ա՞յլ հանձնարարություն ստանան։ Այնպես որ, Իրանի զգուշավորությունը ճիշտ է և օբյեկտիվ։ Թեհրանը կարող է իր դերակատարումն ունենալ, եթե բոլոր հնարավոր միջոցներով խոսի թուրքական և ադրբեջանական կողմերի հետ, որպեսզի նրանք դադարեցնեն ռազմական գործողություններն ու բռնեն խաղաղ բանակցությունների ճանապարհը։

Հարց- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ՌԻԱ Նովոստի»-ին տված վերջին հարցազրույցում հայտարարել էր, թե «ապագայում Լեռնային Ղարաբաղի տարածքում պետք է խաղաղ ապրեն ու գոյություն պահպանեն հայկական ու ադրբեջանական համայնքները»։ Սա առհասարակ հնարավո՞ր է։

– Չգիտեմ, թե ում է նախագահ Ալիևը հասցեագրել իր խոսքերը…Ադրբեջանցիներն ու հայերը խորհրդային իշխանության ներքո ապրել են նույն պետությունում։ Բայց, նախ և առաջ, այն ժամանակ Ղարաբաղն ուներ ուժեղ ինքնավարություն։ Երկրորդն, այդ ինքնավարության երաշխավորը Խորհրդային Միությունն էր։ Եվ նույնիսկ նման երաշխավորի ու շատ մեծ ինքնավարությամբ, միևնույնն է, չկար վստահություն, քանի որ Ադրբեջանը փորձում էր էթնիկ զտում իրականացնել։ Այլ ճանապարհով՝ փակելով դպրոցները, թույլ չտալով երիտասարդներին բարձրագույն կրթություն ստանալ, հայկական գյուղերը բնակեցնելով ադրբեջանցիներով… Չկար վստահություն։ Եվ ինչպե՞ս է Ադրբեջանի նախագահը պատկերացնում, որ անվստահության այդքան տարիներից ու ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, երբ այդքան մարդ մահացավ, այն բանից հետո, երբ ռմբակոծում են գյուղեր, դպրոցներ, մահանում են տարեցներ, երեխաներ … Եթե լիներ վստահություն, գուցե և հայերը Լեռնային Ղարաբաղում 1991 թվականին հանրաքվեի չգնային։ Մարդիկ ուղղակի կասեին՝ եկեք միասին ապրենք։ Սակայն չկար վստահություն։ Իսկ հիմա այն առհասարակ բացակայում է։ Ինչպե՞ս եք պատկերացնում։ Նորմալ մարդկային հարաբերություններ չկան այն անձանց հետ, ովքեր ավերում են ամեն ինչ, այդ թվում և՝ եկեղեցիները։ Իսկ հայերը, ընդհակառակը, օրինակ,Շուշիում վերականգնել են մզկիթը։ Սրանք երկու տարբեր մոտեցումներ են։ Կարելի է տարբեր բաների մասին խոսել, բայց կյանքի իրականությունը լրիվ այլ է։

Հարց- Հակամարտությունում ի՞նչ է հաղթանակն ադրբեջանցիների և ի՞նչ՝ է հայերի համար։

-Ադրբեջանցիներն ասում են, թե կռվում են Ղարաբաղի ազատագրման համար։ Ազատագրում ումի՞ց։ Ղարաբաղցիներն այդտեղ են բնակվել հազարավոր տարիներ, տարածքն ազատագրում են մարդկանցից, ովքեր հազարավոր տարիներ այնտե՞ղ են բնակվել։ Ղարաբաղը մշտապես պատմական Հայաստանի մաս է կազմել, իսկ Հայաստանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է։ Ղարաբաղը հիանալի վայր է, գեղեցիկ մի երկիր։ Աստված տա, մի օր լինեք այնտեղ և ինքներդ կհամոզվեք, որ այնտեղ շատ եկեղեցիներ և այլ շինություններ կան, որոնք կառուցվել են 3-4-րդ դարերում։ Հայկական կողմի համար հաղթանակը նշանակում է պահպանել տունը։ Ադրբեջանի համար հաղթանակը Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելն է։ Ադրբեջանական կողմն ի սկզբանե պատրաստ չի եղել հրադադարի։ Նրանք հաշտեցում չեն ուզել, քանի որ մտածում էին՝ կարող են խնդիրը լուծել ուժի՝ պատերազմի միջոցով։ Այս պատճառով էլ նրանք սեպտեմբերի 27-ին սկսեցին նոր ղարաբաղյան պատերազմը։ Հայաստանը չէ այն սկսել։

Հարց- Վաղուց քննարկվում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու հնարավորությունը։ Ո՞ր դեպքում կարող է դա լինել։

– Սա հեշտ և, միաժամանակ, բարդ հարց է։ Խորհրդային Միության վերջին օրերին, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ հայտարարեց ազատ ապրելու ու սեփական կյանքը, պատմությունը, ժառանգությունն ու մշակույթը կառավարելու իր ցանկության մասին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը քվեարկեց դրա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման) օգտին։ Սակայն հետո գործընթացը կասեցվեց։ Տրամաբանությունը շատ պարզ էր։ 1994 թվականին կնքվեց զինադադար, և սկսվեց Մինսկի գործընթացը։ Հայկական կողմը հայտարարել էր. «Գործընթացը չբարդացնելու նպատակով մենք կասեցնում են Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, կխոսենք և, արդյունքում, կպայմանավորվենք Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ»։ Այսինքն, Հայաստանի կողմից անկախությունը չճանաչելը կապված է միայն այն բանի հետ, որ հայկական կողմը ցանկանում է հարցը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Սա նման է թունելի, և եթե դրա վերջում կա լույս՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական խաղաղ կարգավորման լույսը, ապա կարելի է մի փոքր էլ սպասել։ Իսկ եթե լույս չկա (այսինքն, եթե պարզ լինի, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ոչ մի դեպքում չի գնա բանակցությունների), ապա, բնականաբար, Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը։

Հարց- Այսինքն, դեռևս լույս կա՞։

-Ես պատրաստ եմ ինձնից հասանելիք ամեն բան անել, որպեսզի սկսվի հաշտության գործընթացը։ Համաձայնությունները, որոնց հասել էին Մոսկվայում, կարող են աշխատել, եթե երկու կողմերն էլ դա ցանկանան։ Կարիք չկա ապացուցելու, որ հայկական կողմը պատրաստ է գնալ այդ ճանապարհով։ Իսկ եթե ադրբեջանական կողմը հայտարարի, որ պատրաստ են հրադադարի և բանակցությունները շարունակելու, այդ դեպքում հույս կլինի։ Ես շատ կուզեի, որպեսզի թունելի վերջում գտնվող լույսը չհանգչի։ Հակառակ դեպքում՝ Աստված պահապան բոլորին, քանի որ այս պատերազմը կարող է վերածվել բոլորովին այլ պատերազմի։ Օրինակ, այնպիսի պատերազմի, ինչպիսին Սիրիայում է։ Դա կլինի շատ ավելի ողբերգական ու ծավալուն պատերազմ։

Հարց- Եվ վերջին հարցը․ հաշվի առնելով տեղի ունեցող իրադարձությունները՝ ի՞նչ խոսքերով կդիմեք Ադրբեջանի ժողովրդին, ոչ թե ղեկավարությանը, այլ՝ հասարակ մարդկանց։

– Չեմ սիրում դիմել այլ երկրների քաղաքացիներին, քանի որ ես Հայաստանի Հանրապետության նախագահն եմ և կարող եմ դիմել Հայաստանի քաղաքացիներին, ոչ թե Ռուսաստանի, Ֆրանսիայի կամ Ադրբեջանի։ Դրա համար այդ երկրներն իրենց նախագահներն ունեն։ Ուստի կդիմեմ իմ հայ ժողովրդին։ Ես խորհրդարանական հանրապետության նախագահ եմ և ինչ-որ առումով նաև բոլոր այն հայերի նախագահն եմ, ովքեր ապրում են աշխարհով մեկ։ Եվ ԱՄՆ-ում, և’ Արգենտինայում, և’ Բրազիլիայում, և’ Ֆրանսիայում, և’ Ռուսաստանում նրանք մեծաթիվ են։ Կարող եմ դիմել իմ համերկրացի հայերին և ասել, որ հաղթանակը պետք է մերը լինի։ Քանի որ հաղթանակը կնշանակի շատ պարզ մի բան՝ պաշտպանել սեփական տունը, այլ ոչ թե խլել ուրիշինը։ Մեր պայքարն արդար է։ Սա ազնիվ պայքար է սեփական տունը, մշակույթը, հավատը պաշտպանելու համար։ Պաշտպանելու այն երկիրը, որտեղ բնակվել ենք հազարամյակներ, երբ գոյություն չունեին Ադրբեջանն ու Թուրքիան։ Որպես հայեր՝ մենք պաշտպանում ենք մեր քաղաքակրթությունը։ Սա առաջին։ Երկրորդը, ես կարող եմ իմ քաղաքացիներին ասել, որ պատրաստ եմ անել ամեն բան, որ հնարավորինս շուտ հրադադար հաստատվի։ Ամեն օր մենք լսում ենք ճակատում նոր կորուստների մասին, երիտասարդների մահվան մասին։ Հասկանալի է՝ ոչ միայն հայկական կողմից։ Եվ լսում ենք նաև խաղաղ բնակիչների մահվան մասին, ովքեր, հասկանալի չէ, թե ինչու պետք է տուժեն։ Եվ երրորդը, հաշվի առնելով իմ դիվանագիտական ու քաղաքական փորձառությունը, իմ կապերը, ես պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ, որ խնդիրը լուծվի քաղաքական ճանապարհով։ Մարդկային ճանապարհով, քանի որ պատերազմն անմարդկային բան է, և չկա աշխարհում որևէ բացատրություն պատերազմ մղելու համար։ Հողերի ազատագրում, էթնիկ զտում այս ամենն ավերածություններ առաջացնելու պատճառաբանություններ են։ Ղարաբաղում մարդիկ կռվում են սեփական տունը պաշտպանելով։ Այդ իսկ պատճառով նրանք ուղղակի զինվորներ չեն։ Այդ իսկ պատճառով փոքր Ղարաբաղը հաղթեց առաջին պատերազմում։ Մարդիկ քիչ զենք ունեին, փոքրաթիվ էին, սակայն հաղթեցին։ Ուստի կարծում եմ, որ այս դժվարին պատերազմում Ղարաբաղն ամեն դեպքում կհաղթի՝ մարդիկ կրկին պաշտպանում են իրենց տունը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ