22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նպատակը հաղթանակի դափնիներին տիրանալը չէ, այլ օգտագործել մարդկանց պոտենցիալը՝ պետությունը փրկելու համար․ ՀՀԿ խոսնակ

Այս ժամանակաշրջանում կրավորական կեցվածք ընդունել և ասել՝ իշխանությունն է միակ պատասխանատուն, թող գնա ոնց ուզում է տակից դուրս գա, ճիշտ չէ։ Դրանով է պայմանավորված 16 կուսակցություններիի հայտարարությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով արտախորհրադարանական կուսակցությունների հայտարարությանը` ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին ստեղծելուն։

«Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն իրենց հրապարակային հայտարարություններում մեկ անգամ չէ, որ նշել են՝ իրավիճակը մտահոգիչ ու ծանր է։ Բոլորի կողմից անհրաժեշտություն է հնչել  համազգային ռեսուրսները համախմբել։ Այս իրավիճակում, երբ մենք հայտարարում ենք, որ սա Սարդարապատ է, Հայրենական մեծ պատերազմ է, մենք կարծում ենք, որ անհրաժեշտություն է մեկտեղել բոլորի մտավոր, քաղաքական, դիվանագիտական, ռազմաքաղաքական գիտելիքները, փորձառությունը, կապերը և պոտենցիալը»,- ասաց Շարմազանովը։

Արտախորհրդարանական տասնյակից ավել կուսակցությունների հայտարարությունը միանշանակ չընդունվեց։ Տեսակետներ կան, որ օրենքը չի նախատեսում նման մարմնի ստեղծումը։ Էդուարդ Շարմազանովը հակադարձում է այս քննադատություններին։

«Իրավաբան գործընկերներս քննարկումների ժամանակ նշել են, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով  նմանատիպ բան նախատեսված է, բայց, միևնույն ժամանակ, եթե տեսականորեն էլ նման բան նախատեսված չլիներ, կա Կառավարություն, Ազգային ժողով, որոնք ռազմական դրության պայմաններում կարող են օրենքներ փոխել։ Չկան մշտական օրենքներ, դրանք ինչի՞ համար են, նրա համար, որպեսզի հարմարացվեն այս իրավիճակին։ Սրա նպատակը մեկն է, բոլորիս ներուժը, պոտենցիալը օգտագործել, որովհետև սա մեր հայրենիքի պատերազմն է, վաղը եթե հաղթի, հաղթելու է Արցախն ու Հայաստանը։ Աստված չանի, եթե անհաջողություն լինի, դա լինելու է  բոլորինս, անկախ նրանից՝ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը,  թե Հրանտ Բագրատյանը»,- նկատեց նա։

Շարմազանովի խոսքով՝ իրենց նպատակն իշխանությունը կիսելը չէ, ինչպես նշում են նախաձեռնության քննադատները։

«Մենք պետք է մեկտեղենք ուժերը, էսօր մեր հայրենիքն է վտանգի առաջ, մենք փառապանծ գեներալներ ունենք, որոնք ընդգրկված չեն, մեծ փորձ ունեցող պետական նախկին ղեկավարներ  ունենք, որոնք կարող են օգտակար լինել հայրենիքին։ Կարծիքներ եմ լսում, թե ո՞վ է իրենց խանգարել, գիտեք, գնալ կողքից նայել ու խորհուրդ տալը մի բան է, լիազորություններ, որոշումների վրա ազդեցություն ունենալը լրիվ այլ բան է։ Մենք չենք ասում՝ խորհրդատվական մարմին ստեղծենք, մենք ասում ենք՝ պետական մարմին, որն ըստ իրավաբանների՝ օրենքով նախատեսված է, եթե նույնիսկ նախատեսված էլ չի, կարելի է դա նախատեսել։ Հասկանալի է, որ շրջանակներ կլինեն, որոնք սա սվիններով կընդունեն կամ քննադատաբար, բայց սրա նպատակը իշխանության կիսելը չէ, այլ բարձրացնել արդյունավետությունը պատերազմական այս իրավիճակում, օգուտ բերել Հայաստանին ու Արցախին»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

Հարցին, թե իշխանությունները իրավիճակն օրհասական են գնահատում, գուցե եթե պետք լիներ, իշխանությունները կնախաձեռնե՞ին նման բան, ՀՀԿ խոսնակն արձագանքեց․

«Մենք հիմա ռազմական դրության պայմաններում ենք, ես չեմ ոզում կանոնները խախտել և ինչ մտածում եմ, ասել, բայց մի բան նշեմ,  որն ընդհանուր է՝ իշխանությունն ինչ ուզի և ինչ ճիշտ գտնի, կարող է անել իր տանը, ընտանիքում, սա բոլորիս հայրենիքն է։ Հասկացանք, որ պատասխանատուն իշխանությունն է, բայց սա ինչ-որ ռեֆորմ չէ, որ  իրականացնեն, հետո դա տապալվի, կանգնենք, ասենք, թե ռեֆորմի տապալման մեղավորը սա կամ նա է։ Սա հայրենիքի ճակատագիրն է, որի մասին նաև իրենք են ասում և եթե էդ իշխանությունը չի նախատեսում նման բան, ուրեմն էն մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրաբերել են Արցախի ու Հայաստանի կայացմանը, չպիտի ոչ մի բան անե՞ն, իրենց ծառայությունները չպիտի՞ առաջարկեն։ Էդ մարդկանց համար էլ է շատ բարդ, իրենք էլ են դա հասկանում, նույն Հրանտ Բագրատյանը, որ 90-ականների սկզբին եղել է վարչապետ, էդ մարդու ներուժը կարելի՞ է օգտագործել, թե՞ ոչ, նախկին  նախագահներինը, դիվանագիտական կապեր ունեցող ներկայացուցիչներինը, փառապանծ գեներալների կապերը կարելի՞ է օգտագործել, թե՞ ոչ»։

Էդուարդ Շարմազանովը անկախ Հայաստանի պատմության ընթացքում երբևե մի դեպք չի հիշում, որ  նման ծանր իրավիճակներում ՀՀ ընդդիմությունը նման պետականամետ կեցվածք և ազգային միասնություն ու համերաշխություն դրսևորեր։ 

«Մարդիկ հո չեն ասում՝ մենք կողքից նայենք, տեսնենք ոնց է օր օրի վատանում վիճակը, մարդիկ ասում են՝ մենք պատրաստ ենք մեր ներուժը ներդնել, եթե դա մի փոքր բանով կօժանդակի  և կօգնի մեր հայրենիքին, սա է մեր նպատակը։ Սա այն պարագայում, երբ Կառավարությունն էլ է ասում, որ իրավիճակը բարդ է, և էդ ռեսուրսից չօգտվելը ճիշտ չէ։ Սա հաղթանակի դափնիները  կիսելու խնդիր չէ, ռազմական դրություն է, չեմ ուզում խոսել, բոլորս գիտենք, չէ՞, ինչ վիճակ է։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում, փաստն ենք արձանագրում, դրա մասին պաշտոնական տեղեկատվությունն է խոսում, սպասենք մինչև ավելի վատանա՞, հետո էլ ասեն, բա ինչի՞ նախկին նախագահներ, վարչապետեր, մի բանով կարող էիք օգնել, բայց չօգնեցիք»,- ասաց նա։

Հարցին, թե իշխանության կողմից արձագանքներ ստացե՞լ են արդեն, և եթե չստանան, ինչպե՞ս կգնահատեն,  պարոն Շարմազանովն ասաց, որ տեսել է միայն վարչապետի խոսնակի արձագանքը։

«Երբ պաշտոնական արձագանք կլինի իշխանությունների կողմից, այն ժամանակ էլ կուսակցությունները կքննարկեն և  գնահատական կհնչեցնեն։ Կրկնում եմ՝ նպատակը ոչ թե հաղթանակի դափնիներին տիրանալն է, այլ օգնել ամեն կերպ, օգտագործել մարդկանց պոտենցիալը՝ պետությունը փրկելու համար»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը ու հավելեց․

«Ես չեմ հասկանում էն մարդկանց, որոնք փորձում են էլի ներքաղաքական սլաքներ ուղղել։ Հայաստանում չեմ ճանաչում որևէ մարդու, որը կարող է միայնակ ճիշտ որոշումներ կայացնել, ով ուզում է լինի՝ ինձանից սկսած մինչև նախկին, էսօրվա ու վաղվա իշխանություն։ Չի կարելի նման բան ասել՝ մեր վարչապետը գիտի՝ ինչ անի, դուք վարչապետին հարցրել եք՝ էդ մարդը օգնության կարի՞ք ունի, թե՞ ոչ, ո՞նց կարող է չունենալ»։

news.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ