Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին. 13 կուսակցությունների հայտարարությունը
Ադրբեջանի և Թուրքայի կողմից սանձազերծված պատերազմի 20-րդ օրն է:
Համայն հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու մեր երկու պետականությունների դեմ ուղղված գոյապահպանական սպառնալիքը:
Ադրբեջանաթուրքական ագրեսիան՝ միջազգային ահաբեկաչական տարբեր խմբավորումների ներգրավմամբ, վերածվել է գլոբալ անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքի:
Հայության համար հայրենականի վերածված պատերազմը նոր ծավալներ է ստանում՝ հանգեցնելով մեծաթիվ անդառնալի կորուստների: Պատերազմը սանձազերծած ագրեսորները՝ Ադրբեջանն ու Թուրքիան անհաղորդ են միջազգային հանրության՝ անհապաղ հրադադար հաստատելու և ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծումը բացառելու պահանջներին: Ավելին, առաջին իսկ պահից Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի հաստատման համաձայնությունը:
Օրհասական այս իրավիճակում՝ ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում բեկում մտցնելը հրամայական է: Ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական և աննախադեպ զորաշարժ է պահանջում:
Դիմում ենք ՀՀ կառավարությանը և պահանջում.
1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:
2. Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:
«Ազատություն» կուսակցություն
«Ազգային օրակարգ» կուսակցություն
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«Համերաշխություն» կուսակցություն
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»
«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
«Հայրենիք» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Մեկ Հայաստան» կուսակցություն
Հայտարարությունը բաց է ստորագրման համար:
17.10.2020 թ.