22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի». Էդվարդ Նալբանդյան

2008-2018 թթ․ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Sputnik Армения» գործակալությանը հոդված է տրամադրել իր պաշտոնավարման տարիներին Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք թարգմանաբար։

Ադրբեջանը բանակցային գործընթացում տարիներ շարունակ զբաղեցրել է մաքսիմալիստական դիրքորոշում։ Կիսո՞ւմ էին արդյոք Բաքվի նման մոտեցումը ԵԱՀԿ Մինսկի համանախագահները։ Իհարկե ոչ։

«Բոլոր աշխատանքային փաստաթղթերը ենթադրել են հակամարտության փաթեթային լուծում»

Համանախագահների առաջարկած և կողմերի միջև բանակցությունների առարկա դարձած բոլոր աշխատանքային փաստաթղթերը ենթադրել են լեռնայինղարաբաղյան հակամարտության փաթեթային լուծում փուլային իրականացմամբ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցվածությամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը քվեարկության միջոցով՝ ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտումն արտացոլող և միջազգային իրավական պարտադիր բնույթ ունեցող։ Ի դեպ, ֆիքսվում էր, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումը չի սահմանափակվելու ոչնչով՝ նախատեսելով ցանկացած կարգավիճակ ընտրելու հնարավորություն։

«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»

Հայկական կողմն այս ողջ ընթացքում չի քննարկել հակամարտության կարգավորման որևէ աշխատանքային փաստաթուղթ, որը չի նախատեսում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում։ Եվ պատահական չէ, որ ՀՀ ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Այս փուլում տեղի են ունեցել ԼՂ հակամարտության նկատմամբ վերաբերմունքի կոնցեպտուալ փոփոխություններ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունները, որոնք ընդունվել էին Լ’Աքվիլում (2009), Մուսքոկում (2010), Դովիլում (2011), Լոս-Կաբոսում (2012) и Էնիսկիլենում (2013)՝ որպես ԼՂ խնդրի կարգավորման համար կարևոր հիմք, հստակորեն ամրագրում էին ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը երկար տարիների ընթացքում եղել է Երևանի դիրքորոշման անկյունաքարը։

Այդ հայտարարություններում ընդգծվում էր այն, ինչ դրված էր համանախագահների կողմից առաջարկված բոլոր աշխատանքային փաստաթղթերում՝ Արցախի կարգավիճակը պետք է հստակեցվի ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտության ճանապարհով։

Դիրքորոշումը, որով հանդես էր գալիս Հայաստանը տարիներ շարունակ, վայելում էր միջազգային հանրության աջակցությունը։

Եթե տարիների ընթացքում Ադրբեջանը պնդում էր, որ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, հայտարարում էր, որ հակամարտությունը պետք է կարգավորվի իրենցից մեկ ամբողջություն ներկայացնող միջազգային իրավունքի 3 սկզբունքների հիման վրա՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, իրավահավասարություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք, և, որ փորձերը՝ այդ սկզբունքներից մեկին հաղորդել գերակա նշանակություն, կխզեն խաղաղ կարգավորումը։

Բանակցությունների ընթացքում ավելի քան երեք տասնյակ էական փոփոխություններ մտցվեցին ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներում, որոնք առաջարկվել էին կողմերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007թ․ Մադրիդում:

Հայաստանը մեկ անգամ չէ, որ ընդգծել է՝ առանց ԼՂ մասնակցության՝ համապարփակ և երկարաժամկետ կարգավորում հնարավոր չէ։

Եվ դա արտացոլվում էր բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում։

Հակամարտության կարգավորման հարցում իր մոտեցումներով Ադրբեջանը պրակտիկորեն հակադրվում էր ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին՝ հրաժարվելով համանախագահների առաջարկած բոլոր աշխատանքային փաստաթղթերից։

1․ 2008թ․ ապրիլից մինչ 2008թ. նոյեմբերի 2-ը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Մայնդորֆյան հռչակագրի ընդունումը, Բաքուն փաստացիորեն հրաժարվում էր բանակցություններ վարել Մադրիդյան փաստաթղթի հիման վրա՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնարար սկզբունքներ»

2. 2008թ․ դեկտեմբերից մինչև 2011 թվականի հունիսի 24 (Կազանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողով) կողմերը Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ բանակցում էին Հիմնարար սկզբունքները համաձայնեցնելու շուրջ։ Կայացել են 12 երկկողմ (Հայաստան և Ադրբեջան) և եռակողմ (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան) նախագահների հանդիպումներ, երեք տասնյակ արտաքին գործերի նախարարների հանդիպումներ։

Ադրբեջանն ամեն անգամ ետքայլ էր անում ձեռքբերված պայմանավորվածություններից։ Կազանը դարձավ գագաթնակետը, երբ, ի հակառակ միջնորդների ակնկալիքների, Ադրբեջանը փաստորեն հրաժարվեց հիմնականում արդեն համաձայնեցված տեքստից՝ առաջադրելով 12 փոփոխություն։

3. 2011 թվականի հուլիսից (Ս․ Լավրովի այց Երևան և Բաքու) մինչև 2012 թվականի հունվարի 23-ը՝ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը, Ռուսաստանը և համանախագահները փորձում էին համոզել կողմերին շարունակել բանակցային գործընթացը, վերադարձնել այն կառուցողական հուն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների և ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում ներառված դրույթների հիման վրա։ Սակայն Ադրբեջանը հրաժարվեց նաև դրանից։

4. 2012-2013 թթ. Չնայած Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ համանախագահ երկրների, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների կոչերին՝ շարունակել, արագացնել և ավարտել «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցումը, Ադրբեջանը մերժեց բոլոր տարբերակները՝ առաջարկված համանախագահների կողմից, հայտարարելով դրանք համաձայնեցնելն անօգուտ, և առաջարկեց անցնել ուղղակիորեն խաղաղ համաձայնագրի մշակմանը։ Համանախագահները և հայկական կողմը կասկած հայտնեցին նման համաձայնագիր ձևավորելու հնարավորության վերաբերյալ, երբ չի հաջողվում համաձայնեցնել նույնիսկ կարգավորման հիմնարար սկզբունքները։

Աշխատանքային փաստաթղթերը, որոնք համանախագահները պատրաստել են 2007թ․ նոյեմբերից մինչև 2011թ․ հունիս (որպես առաջին քայլ, հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքները, նպատակով, որ դրանց համաձայնեցումից հետո այդ հիմքի վրա մշակվելու է խաղաղ համաձայնագիր, որը պետք է ունենար իրավական պարտադիր բնույթ), հանձնվել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին՝ Վիեննայում պահելու համար:

«Ոչ մի Լավրովի պլան էլ չի եղել և չկար»

5. 2014-2016թթ. մարտ:

Ռուսաստանն ու համանախագահները փորձում էին «բարձրաձայն մտորումների մակարդակում» խնդրի հանգուցալուծման ջանքերը վերականգնել: Կազանի գագաթաժողովում քննարկված «Հիմնական սկզբունքների» նախագծից հետո բանակցությունների սեղանին չկար աշխատանքային որևէ փաստաթուղթ, որը կարող էր դառնալ կողմերի միջև բանակցությունների առարկա: ԵԱՀԿ-ի վերջին դեպոնացված փաստաթուղթը Կազանի փաստաթուղթն էր: Ոչ մի «Լավրովի կամ որևէ այլ մեկի փաստաթուղթ» չի եղել և չկա…

…Կատարվում է փնտրտուք, «մտագրոհ»՝ գաղափարների մակարդակում (սա 2016թ. հունվարի 27-ի Լավրովի հայտարարությունն է):

Սակայն Ադրբեջանը չընդունեց նաև հանգուցալուծման այս գաղափարները: (Ըստ երևույթին, աշխատանքային նոր փաստաթուղթ կարելի է համարել Ս.Վ. Լավրովի կողմից հիշատակված փաստաթուղթը՝ /2020թ. ապրիլի 21-ի հայտարարություն/, որը կողմերին է տրամադրվել 2019թ. ապրիլին, և որը, նրա խոսքով, այդ ժամանակից ի վեր էլ դարձել է բանակցությունների առարկա: Բացառված չէ, որ դրանից հետո առաջարկվել են նաև այլ մոդիֆիկացիաներ):

6. 2016-2018թթ. ապրիլ:

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցություններում տապալվելով՝ Ադրբեջանը 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ագրեսիվ գործողություններ սանձազերծեց՝ փորձելով ուժային մեթոդներով պարտադրել իր մոտեցումները բանակցային գործընթացի շրջանակում: Ռազմական գործողությունները սկսվելուց 3.5 օր անց՝ ապրիլի 5-ին, Մոսկվայում բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց կրակի դադարեցման ռեժիմի վերականգնման մասին՝ 1994-1995թթ.՝ եռակողմ անժամկետ համաձայնագրերի հիման վրա, ինչից հետո համանախագահները մի քանի հայտարարություններ արեցին այդ համաձայնագրերին անվերապահ հետևելու մասին:

Բաքվին չհաջողվեց հասնել իր առջև դրված ոչ ռազմական, և ոչ էլ քաղաքական նպատակներին: Վիեննայի (2016թ. մայիսի 16), Սանկտ Պետերբուրգի (2016թ. հունիսի 20) գագաթաժողովների արդյունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ դրանց հաջորդած բազմաթիվ, այդ թվում՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունները 2016թ. դեկտեմբերին և 2017թ. դեկտեմբերին Վիեննայում դրա ապացույցն են:

7.1. Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ողջունել է Լեռնային Ղարաբաղի հարցով 2008-2017թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունները՝ Հելսինկի՝ 2008թ, Աթենք՝ 2009թ., Ալմա-Աթա՝ 2010թ., Վիլնյուս՝ 2011թ., Դուբլին՝ 2012թ., Կիև՝ 2013թ., Բազել՝ 2017թ., Բելգրադ՝ 2015թ., Համբուրգ՝ 2016թ., Վիեննա՝ 2017թ.:

Հայաստանը ողջունել է նաև ԵԱՀԿ գագաթաժողովի՝ 2010թ. Աստանայում ընդունված հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հարցով: Բաքուն հրաժարվել է ընդունել այդ հայտարարությունները կամ հետագայում հետքայլ է կատարել դրանցից:

7.2. Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է բանակցությունների հիմք ընդունել համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ 5 հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հարցով, որոնք կատարվել են Լ՚Աքվիլում (2009թ. մայիսի 10), Մուսքոքում (2010թ. հունիսի 26), Դովիլում (2011թ. մայիսի 26), Լոս-Կաբոսում (2012թ. հունիսի 19), Էննիսքիլենում (2013թ. հունիսի 18):

Ադրբեջանը գործնականորեն կարգավորման մոտեցումներում իրեն հակադրության մեջ է դրել ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության հետ:

7.3. Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներից՝

  • շփման գծից դիպուկահարների դուրսբերում
  • միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծում
  • ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման հնարավորության ստեղծում
  • բացառապես հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պարտավորությունների հաստատում
  • կրակի դադարեցման ռեժիմի վերականգնման մասին՝ 1994-1995թթ.՝ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարում և դրա կոնսոլիդացիա
  • համանախագահների կողմից առաջարկված կարգավորման 3 սկզբունքներին հետևելու հաստատում, այն է՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառության բացառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք:

Մեր թողած ժառանգությունը

Առաջին անգամ կարգավորման 3 սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման սկզբունքը, հայկական դիվանագիտության ջանքերով ներառվեցին համանախագահ 3 երկրների արտգործնախարարների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարությունների մեջ: 2009թ. դեկտեմբերին Աթենքում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ (այսինքն՝ 3 սկզբունքների տակ իր ստորագրությունն է դրել նաև Ադրբեջանը), սակայն հետագայում Բաքուն հրաժարվեց դրանից:

Համանախագահ երկրները հետագա բոլոր տարիների ընթացքում իրենց հայտարարություններում բազմիցս ընդգծել են հենց այդ 3 սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման կարևորությունը:

Իլհամ Ալիևը 2016թ. հոկտեմբերի 18-ին նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում Ադրբեջանի վրա ճնշում են գործադրում, որ իր կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համաձայնություն ստանան: Չկարողանալով բանակցային պրոցեսի շրջանակում պարտադրել իր առավելապաշտական մոտեցումները՝ Ադրբեջանը սկսեց սուր քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ջանքեր գործադրել բանակցությունների ձևաչափը փոխելու համար:

Միջազգային հանրությունը և Հայաստանը սկսեցին խոսել գործնականում միևնույն լեզվով, այն է՝ խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը, հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչման և նրա անվտանգության երաշխիքների վրա, այլընտրանք չունի:

Հենց վերոշարադրյալն ենք մենք որպես «ժառանգություն» թողել 2018թ. ապրիլից հետո բանակցությունները շարունակելու համար:

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի անթաքույց աջակցությամբ ու տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտորեն կապված վարձկան գրոհայինների ներգրավմամբ սանձազերծված այսօրվա լայնածավալ պատերազմը հարվածում է խաղաղ կարգավորմանը, լրջագույն սպառնալիք է հանդիսանում ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար և ապտակ է համանախագահ երկրների գործադրած ջանքերին:

Ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ հենց Ադրբեջանն է նոր պատերազմ սանձազերծել Արցախի դեմ: Համանախագահ երկրները չպետք է Բաքվին թույլ տան ուժային մեթոդներով իր մոտեցումները պարտադրել կարգավորման գործընթացում, ինչն ուղիղ հակասության մեջ կմտնի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների (2009, 2010, 2011, 2012, 2013, 2020թթ.) հայտնի հայտարարությունների հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ կարգավորման հետ: Միջազգային հանրության առաջնահերթ խնդիրը պետք է լինի՝ աջակցել Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ջանքերին՝ կրակի դադարեցման վերականգնման ու ամրապնդման, բանակցային պրոցեսի վերսկսման համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցում:

Շնորհիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ արդյունավետ փոխգործակցության՝ 2008-2018թթ. մշակվել է բավականին ազդեցիկ բազա, որում ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համակարգային մոտեցումը:

Կարևոր է շարունակել ջանքեր գործադրել այն ամենի պահպանման, ամրապնդման ու հետագա կատարելագործման համար, ինչը մշակվել է այս տարիների ընթացքում բանակցային գործընթացում այն բանի համար, որ խաղաղ կարգավորումն իրականություն դառնա:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ