27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախի և Ադրբեջանի միջև դեռեւս զոհվածների աճյունների և ազատազրկվածների փոխանակում տեղի չի ունեցել և չի ունենում

Արցախի և Ադրբեջանի միջև դեռեւս զոհվածների աճյունների և ազատազրկվածների փոխանակում տեղի չի ունեցել և չի ունենում։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Գործողությունը չի սկսվել, ամսաթիվը և ժամը պետք է որոշեն հակամարտության կողմերը, ոչ թե մենք։ Հակառակը, տվյալ պահին ես միայն կարող եմ արձանագրել, որ մենք ստանում ենք շփման գծում հրետակոծությունների մասին հաղորդագրություններ, որը վկայում է, որ քաղաքացիականները շարունակում են վնասներ կրել և զոհվել։ Այս առումով կարող եմ ասել, որ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն չի կարող սկսել որևէ մարդասիրական գործողություն մինչ այն պահը, երբ որ հումանիտար հրադադարը կողմերի կողմից հստակ պահպանվի։ Եվ դա պետք է պահպանվի ամբողջ գործողության ընթացքում, և մինչ մեր թիմերը, որ աշխատելու են տեղում, ունենան անվտանգության բոլոր երաշխիքները, որ կարողանան աջակցել այդ գործողությանը։ Մինչև այդ երաշխիքները չլինեն՝ երկու կողմերից էլ պահպանված, մենք որևէ գործողությունների չենք անցնելու»,- նշեց Ամատունին։

«Հրապարակը» դիտարկում արեց, որ Արցախի Հանրապետությունը հայտարարում է, որ չի խախտում հայտարարված հրադադարի ռեժիմը, և ամեն անգամ ադրբեջանական կողմն է հրետակոծում, և մեր կողմը պատրաստ է հրադադարին, որ միայն ետ է մղում հակառակորդի հարձակումները։ Բացի այդ «Հրապարակը» հարցադրում արեց, թե ադրբեջանական կողմը պատրաստակամություն հայտնե՞լ է այս ուղղությամբ, որովհետև Ադրբեջանի արտգործնախարարը երեկ հայտարարել էր, որ հրադադարի համար պայմաններ չկան, բայց հայկական կողմը հայտնել էր, որ պատրաստ է սկսել։

Ի պատասխան «Կարմիր խաչի» ներկայացուցիչն ասաց. «Դուք հիմա հարցեր եք նշում, որոնք շատ կարևոր են, բայց ես հարկ եմ համարում ընդգծել նորից, որ մեր կազմակերպությունը չի ընդգրկվել և չի ընդգրկվում ընդհանրապես հրադադարի կապակցությամբ քաղաքական բանակցությունների մեջ, այսինքն՝ մենք կողմ չենք, բացառապես մարդասիրական է մեր դերը»։

Ամատունու խոսքերով՝ հրադադարի հետ կապված բոլոր բանակցությունների և ձեռքբերումների մեջ «Կարմիր խաչն» ընդգրկված չէ։ Կազմակերպությունը, ըստ նրա, պատրաստակամություն հայտնել է և կոնտակտի մեջ է ներգրավված բոլոր իշխանությունների հետ, որպեսզի առաջին հերթին վերահաստատի, որ կազմակերպությունը իր տեղում է, որ պատրաստ է տեխնիկական աջակցություն տրամադրել, երբ որ խոսքը վերաբերում է զոհվածների աճյունների դուրսբերմանը, ճանաչմանը։ «Մենք պատրաստ ենք աճյունների փոխանակմանը աջակցել, որովհետև դա մարդասիրական գործողություն է, բայց այն հարցերը, որոնք վերաբերում են հրադադարի պահպանմանը, բանակցություններին, դրանցում մենք ներգրավված չենք, դա մեր դերը չէ։ Բայց մենք էլ ունենք մեր չափանիշները, որ կարողանանք այդ գործընթացն իրագործել։ Դա, իհարկե, մեր քննարկումների ընթացքում մենք շատ հստակ փոխանցել ենք ներգրավված բոլոր իշխանություններին»,- հավելեց «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը։

Դիտարկմանը, որ երեկ «banak.info» կայքը տեսանյութ տարածեց, որում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական կողմը զոհվածների դի տանում մարտի դաշտից, նաև որ սպիտակ դրոշ էր երևում, և հարցին՝ «Կարմիր խաչի» ուղեկցությա՞մբ է այդպիսի բան եղել, պատասխանեց, որ կազմակերպության ուղեկցությամբ որևէ գործողություն չի կատարվել. «Ոչ մի բան «Կարմիր խաչը» չի արել և չի մասնակցել որևէ նման բանի։ Մենք ոչ մի նման բան դեռ չենք արել։ Կարող եմ պաշտոնապես հայտարարել»։

Հարցին, թե կարո՞ղ է երկու կողմի մասով աճյունների, ազատազրկվածների թիվ նշել, պատասխանեց, որ դեռևս նման մանրամասներ կազմակերպությունը չունի։ «Մի քիչ վաղ է խոսել դրա մասին, մանրամասները, որ որոշարկվելու են կողմերի հետ, հիմնականում տեխնիկական բնույթի են լինելու՝ կապի հաստատում, լոգիստիկ աջակցություն, նաև աջակցություն դուրսբերման և հետագա իդենտիֆիկացիայի, ինչպես նաև փոխանակման հարցերում, բայց, այսպես ասած, որևէ վիճակագրական տվյալի մենք չենք տիրապետում։ Նույնիսկ եթե դա լինի մեր ձեռքի տակ, մենք դրանով չենք կիսվելու՝ որպես մարդասիրական կազմակերպություն խուսափելու համար որևէ քաղաքական ինտերպրետացիայից»- ընդգծեց Ամատունին։

Հարցին՝ արդյո՞ք կազմակերպությունը որևէ կողմում գտնվող որևէ քաղաքացուց
երրորդ երկիր տեղափոխվելու դիմում ստացել է, «Կարմիր խաչի» ներակայացուցիչը պատասխանեց, որ ոչ, որ նման բան չի կարող հաստատել։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ