29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տերը՝ մեր Աստվածը, պիտի կործանի նրանց՝ ըստ իրենց չարության

Բարբարոս և սրբապիղծ թշնամին Աստծո Սրբարանն է փորձում կործանել։ Այս արարքը ոչ թե մարդկանց դեմ է ուղղված, այլ երկնքի և երկրի Արարչի, մարդկանց սրտերը քննող և դատող ամենազոր և ամենակալ Աստծո դեմ։ Սրբապիղծ ահաբեկիչները զենք են վերցրել և ուզում են հարձակվել Աստծո փառքի և Նրա զորության դեմ։ «Տերը պիտի հատուցի նրանց՝ ըստ իրենց անօրենության, Տերը՝ մեր Աստվածը, պիտի կործանի նրանց՝ ըստ իրենց չարության»։ (Սաղմոս 93:23)

Այսօր ողջ հայության սիրտը ցավում է ոչ թե նյութական վնասի համար, այլ որովհետև Սուրբ Ամենափրկիչ մայր եկեղեցին ուրիշ արժեքի ունի մեզ համար։ Այն Աստծո տաճարն է, որտեղ աստվածային ներկայությունն է բնակվում, սրբալույս Մյուռոնով օծված վայրը, որի խորանի առաջ շատերն են խոստովանել իրենց հավատքը և մկրտել իրենց զավակներին այդ հավատքով։ Այն սրբալույս Խորանն է, որի առաջ հոգևորական և աշխարհական, տղամարդ և կին, ծեր ու մանուկ կողք կողքի ծնկի են եկել հաղորդվելու մեր Փրկչի սուրբ մարմնին և արյանը, խնկաբույր Խորանը, որից Աստծո Խոսքն է քարոզվել և ի խորոց սրտից աղոթք հնչել աշխարհի խաղաղության համար։

Արդարև, սգում ենք ավերածությունների համար և աղոթում մեր նահատակ հերոսների համար, սակայն՝ ոչ հուսահատ և անօգնական։ Քանզի վստահում ենք Տիրոջ արդարությանն ու զորությանը և հավատում, որ Աստված պիտի հատուցի նրանց՝ ըստ իրենց չարության։ Վստահում ենք մեր Տեր Աստծուն, որ Նա մեզ կրկին ուժ և կորով պիտի պարգևի վերականգնելու Իր Սուրբ Տաճարը և կրկին հաղթական աղոթք հնչեցնելու այդ սրբազան կամարների ներքո։

Ուրեմն, սիրելիներ, զորանանք Տիրոջով և Նրա զորության ուժով և մղենք մեզ պարտադրված պատերազմը մինչև վերջ, մինչև կատարյալ հաղթանակ։ Աստծո զորության գահին մոտենանք հավատարմության ուխտով և սրտաբուխ աղոթքով՝ մեր քաջարի բանակի հաղթանակի, մեր երկրի խաղաղության, մեր ժողովրդի բարօրության և Աստծո Սուրբ Եկեղեցու անսասանության համար։

Մեսրոպ վարդապետ Պարսամյան 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ