28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Շատ լավ հասկանում են, թե ինչ դաժան հարցեր են իրենց առաջ դրվելու․ Հրապարակ

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն է։

– Տիկին Սեյրանյան, Արցախում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին հակառակորդի կողմից թիրախավորելու դեպքերի վերաբերյալ Ժուռնալիստների միությունը դիմե՞լ է միջազգային կառույցներին։

– Մենք քանի օր շարունակ կոչեր ենք հրապարակում տարբեր լեզուներով, որոնք տեղադրված են նաեւ Հայաստանի ժուռնալիստների միության ֆեյսբուքյան էջում, եւ տրամադրել ենք լրատվամիջոցներին։ Դրանք ուղղված են հիմնականում միջազգային հանրությանը, ոչ միայն լրագրողական կազմակերպություններին, միության գործընկեր կազմակերպություններին, կոնֆեդերացիային եւ այլն, այլ նաեւ մարդասիրական կազմակերպություններին։

Մենք գրեթե ամեն օր միջանկյալ զեկույցներ ենք պատրաստում դեպքերի վերաբերյալ, թե ինչպիսի հարձակումների եւ ոտնձգությունների են ենթարկվել թե՛ արտասահմանցի եւ թե՛ տեղացի լրագրողները։ Դրանց կից ներկայացնում ենք նաեւ փաստեր՝ տեսանյութեր, լուսանկարներ եւ միջազգային լրատվամիջոցներից հղումներ, որպեսզի մերկապարանոց չլինի մեր տեղեկատվությունը, ինչպես այս օրերին արել է ադրբեջանական եւ թուրքական մեդիան։

Ներկայացնում ենք տեղեկատվություն ու նաեւ կոչ, որպեսզի դատապարտեն՝ հատկապես նկատի ունենալով, որ վերջին օրերին նաեւ Արցախի ԱԳՆ-ն է հայտարարություն տարածել, որ դեպքեր են նկատել, երբ ադրբեջանական կողմը կազմակերպված կերպով թիրախավորում է քաղաքացիական բնակչության շրջանում տեղակայված կամ ոչ շատ թեժ պատերազմական գոտում աշխատող լրագրողական խմբերին, որոնք կրում են «Press» տարբերանշանով զրահաբաճկոններ եւ հագուստ։ Այսինքն՝ իրենք կոնկրետ աշխատում են այդ ուղղությամբ։ Ծանուցում ենք, պարբերաբար կոչով ենք հանդես գալիս՝ ոչ թե միայն դատապարտելու, այլեւ գործուն քայլեր իրականացնելու։

– Ինչպե՞ս եք գնահատում այս օրերին հայկական լրատվամիջոցների գործունեությունը։

– Նախ պետք է ֆիքսենք եւ չմոռանանք, որ երկրում գործում է ռազմական դրության ռեժիմը, որն ունի իր կանոնները, եւ մենք աշխատում ենք այդ պայմաններում, որպեսզի չվնասենք ռազմական ղեկավարության եւ զինվորականների գործողություններին։ Սա ամենակարեւորն է, քանի որ՝ ամեն ինչ մի կողմ, բայց մարդկային կյանքերի հետ գործ ունենք եւ մենք պետք է, ինչպես միշտ եւ հատկապես հիմա, առաջնորդվենք չվնասելու սկզբունքով։

Բնականաբար, տեղական լրատվամիջոցները բավականին շատ տեղեկություններ ունեն, ստանում են իրենց աղբյուրներից, ստանում են քաղաքացիներից եւ տարբեր պաշտոնյաներից, որոնք այս օրերին գտնվում են այնտեղ, եւ առանձին քաղաքական-հասարակական գործիչներից, բայց մենք դրանք չենք հրապարակում՝ պայմանավորված ռազմական դրությունով։ Համագործակցում ենք միասնական տեղեկատվական հարթակի հետ, կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ի հետ, պաշտպանության նախարարություն, ԱԱԾ: Այսինքն՝ փորձում ենք բոլոր գերատեսչությունների եւ պատկան մարմինների հետ համագործակցել, որքան  հնարավոր է։ Հասկանալի է, որ սա ոչ միայն իրական պատերազմ է սահմանագծին, այլեւ տեղեկատվական պատերազմ ոչ միայն հայաստանյան տիրույթում, այլեւ առաջին հերթին դրա սահմաններից դուրս։

– Որքանո՞վ են մամուլին ուղղված սահմանափակումները ողջամիտ, կա՞ն սահմանափակումներ, որոնք Դուք ավելորդ եք համարում եւ համաձայն չեք դրանց հետ։

– Իհարկե՝ կան, բայց «ողջամիտ» ձեւակերպումը սուբյեկտիվ ընկալման տիրույթում է, որովհետեւ ամեն մեկը «ողջամիտ»-ը կարող է իր ձեւով հասկանալ, բայց մենք հիմա սուբյեկտիվ ընկալումներով չենք առաջնորդվում։ Այստեղ անհանգստացնողն այն է, որ այդ սահմանափակումներին տեղական լրատվամիջոցները հնարավորինս ենթարկվում են, մինչդեռ կան լրատվամիջոցներ, որոնք դրսի ֆինանսավորմամբ են գործում Հայաստանի տարածքում, օրինակ՝ «Ազատություն» ռադիոկայանը, եւ որոշ դեպքերում չեն պահպանում այդ սահմանափակումները, եւ դա արդարացիորեն մտահոգում է բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին եւ աշխատակիցներին։

Այդ հարցը մենք բարձրացրել ենք, օրինակ, ինչո՞ւ չի կարելի թաղման արարողություններ նկարահանել կամ որոշ տեսանյութեր պատրաստել զոհված հերոսների մասին կամ նրանց հարազատների հետ զրուցել, իսկ որոշ լրատվամիջոցների դա թույլատրվում է։ Կամ՝ ինչո՞ւ է թույլատրվում միջազգային որոշ լրատվամիջոցների, տելեգրամային որոշ հարթակներում գործող առանձին բլոգերների եւ լրագրողների գործել ճակատում, իսկ տեղացի լրատվամիջոցներին չի թույլատրվում։ Այնպես որ, իհարկե, կան այդպիսի սահմանափակումներ, բայց սա մեր ներքին խոհանոցով փորձում ենք կարգավորել։

– Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Ժուռնալիստների միությունն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի եւ Քրիստինե Պողոսյանի վարքագծի վերաբերյալ, մասնավորապես, որ նրանք խոչընդոտել եւ վիրավորել են «5-րդ ալիքի» լրագրողին, ապա սպառնացել։

– Մենք այդ կապակցությամբ շատ կոշտ հայտարարություն արեցինք։ Չէինք կենտրոնանա այս դեպքի վրա, եթե սրան չնախորդեին որոշ պատգամավորների գրառումները, որոնք փոխանակ խորհրդարանական դիվանագիտությամբ զբաղվեն կամ որեւէ ռեալ օգնություն ցույց տան, բացի ասմունքի ժանրին բնորոշ ելույթներից, անցնեն իրական գործուն քայլերի, բայց տեսնում ենք՝ ասմունքի ժանրը փոխարինվում է հայհոյախառն բառամթերքով կամ սպառնալիքներով։

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, որը նախկինում ինչ-որ հաղորդավար է եղել հայտնի կայքերից մեկում, իրեն իրավունք է վերապահում էթիկայի դասեր տալ։ Դա անթույլատրելի է, մանավանդ, որ իր պահվածքը, սոցիալական ցանցում իր գրառումները կամ խորհրդարանում իր պահվածքը լրագրողների նկատմամբ ընդհանրապես չեն տեղավորվում պաշտոնյայի կամ պատգամավորի էթիկայի վարքականոնի մեջ։ Ինչ վերաբերում է Քրիստինե Պողոսյանին, ապա նրա պահվածքը կարելի է դասագրքային կանոն դարձնել, թե ինչպիսին չպիտի լինի պատգամավորը։ Մենք զարմանում էինք, որ նման բառապաշար գործածում էին մհերսեդրակյանները, շմայսները եւ այլք, ինքն ընդհանրապես տվել-անցել է։

Ես զարմանում եմ, թե ինչու են նրան թույլ տալիս այդ հագուստով ընդհանրապես մտնել Ազգային ժողով, դա նշանակում է հարգանք չունենալ այդ շենքի, այդ ինստիտուտի նկատմամբ։ Նա սպառնալիքներ է հնչեցնում, եւ ճիշտ է արել «5-րդ ալիքի» ղեկավարությունը, որ դիմել է իրավապահներին եւ ՄԻՊ գրասենյակին։

Մենք էլ մեր կոչով դիմել ենք եւ այժմ նամակ ենք պատրաստում Արարատ Միրզոյանին՝ ճիշտ նույն նամակը, որը 2012 թվականին մի խումբ լրատվամիջոցներ ստորագրեցին եւ ուղղեցին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին, երբ Մհեր Սեդրակյանն ու Սամվել Ալեքսանյանը կոպիտ, փողոցային բառապաշարով էին արտահայտվել լրագրող Մհեր Արշակյանի հասցեին։ Նույն տեքստը, ուղղակի փոխել ենք անունները եւ շուտով կուղղենք Արարատ Միրզոյանին, որպեսզի կարգի բերեն այդ պատգամավորներին։ Շատ հետաքրքիր էր նաեւ Հայկ Կոնջորյանի պահվածքը, որն ասում է՝ «սադրում եք»։ Շատ հետաքրքիր է՝ մարդիկ, որոնք առնչվել են մամուլին, հիմա ի՞նչ պահվածք ու վերաբերմունք են ցուցաբերում լրագրողի աշխատանքի նկատմամբ։

Սա անհանդուրժելի է։ Ինձ վախեցնում է այս պատգամավորների եւ շատ-շատերի պահվածքը, որոնք հիմա գրառումներ են անում իրենց իրական եւ ֆեյք էջերով, այո, ֆեյք էջերով, որոնք շուտով կներկայացվեն ԱԱԾ։ Աստված տա՝ պատերազմը շուտ ավարտվի, Աստված տա՝ քիչ զոհերով դուրս գանք, ես վախենում եմ, որ այդ ատելությունը, այդ սեւ-սպիտակի, մերոնքական-ձերոնքականի բաժանելը պատգամավորներն ու նրանց շրջապատը կշարունակեն մեր կյանք ներմուծել, որովհետեւ, բնականաբար, ե՛ւ լրատվամիջոցների, ե՛ւ հասարակության կողմից, ե՛ւ քաղաքական-հասարակական տարբեր ուժերի կողմից իրենց հարցեր են ուղղվելու, շատ հարցեր՝ կոնկրետ եւ դաժան։ Այդ նախահարձակ լինելն ինձ վախեցնում է, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են, թե ինչ հարցեր են իրենց առաջ դրվելու։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ