30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ նախագահի ելույթը ջախջախիչ եւ սպառիչ պատասխանն էր ադրբեջանական կեղծ պրոպագանդային . Հ. Նաղդալյան

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 60-րդ նստաշրջանում կարելի է համարել ՄԱԿ-ի՝ որպես 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված ազգերին միացնող նոր առաքելություն ունեցող , քաղաքակրթական միջավայր և մշակույթ ձևավորող այդ բարձր ամբիոնին հարիր առաջնորդի ելույթ, որովհետև այն խնդիրները, այն հարցադրումներն ու մեսիջները , որոնք բարձրացված էին այդ ելույթի մեջ , ոչ միայն Հայաստանին և հայությանը, այլ  համամարդկային արժեքներին, իղձերին ու երազանքներին էին վերաբերում:

     Դրանցում, նախևառաջ, կցանկանայի նշել ցեղասպանության հանցագործության դեմ պայքարը, որովհետև Հայաստանն ու հայերս այսօր այդ առաջնագծում ենք կանգնած, և մեր պայքարը լոկ Թուրքիայի կամ աշխարհի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը ընդունելու պայքար չէ, այլև պայքար է ՝ ընդդեմ ցեղասպանություն հանցագործության, ընդդեմ մարդկության դեմ ոճիրի:  Այդ իմաստով շատ կարևոր է, որ նախագահը հականե- հանվանե, մեկ առ մեկ նշելով՝ շնորհակալության ու երախտիքի խոսք հայտնեց այն երկրներին ու ժողովուրդներին, բոլոր այն գործիչներին , պետական մարմիններին ու տարածքային միավորներին, որոնք միասնական են այդ պայքարի մեջ և նաև հայերի ցեղասպանությունը ճանաչելու ճանապարհով՝ մասնակցում են այդ համամարդկային պայքարին: Կարևոր է նախագահի շեշտադրումը՝ ժխտումը ցեղասպանության հանցագործության փուլերից մեկն է: 

     Հաջորդ թիրախային մեսիջը, որը նույնպես համամարդկային է և տեղ գտավ ՀՀ նախագահի ելույթում՝  ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարն է, որովհետև ազատ Արցախը և Արցախի ժողովուրդը իսկապես այդ պայքարի առաջամարտիկներն են: Այսօր մեր աչքի առաջ փոխվում է մարդկությունը, փոխվում է մոլորակը, նրա քաղաքական քարտեզը, փոխվում են այն իրականությունն ու ընկալումները, որոնցով մենք դատում ենք այս կամ այն երևույթի վերաբերյալ, և եթե 20-25 տարի առաջ Արցախի ժողովրդի օրինավոր և օրինական  ռեֆերենդումին Ադրբեջանը պատասխանեց վայրագություններով և մարդկանց ջարդերով, այսօր դրան դիմադրում է աշխարհը, վառ ապացույց՝ Շոտլանդիայի օրինակը, երբ բրիտանական պետությունը քաղաքակիրթ միջոցներ գտավ և կիրառեց հակազդելու համար: Պարզ է, որ որևէ պետություն չի ցանկանում մաս կորցնել, ոչ մի իշխանություն չի ցանկանում թուլանալ տարածքով կամ բնակչությամբ , բայց Շոտլանդիայի հանրաքվեի օրինակը ցույց տվեց , որ միմիայն քաղաքակիրթ, լեգիտիմ միջոցներով ժողովրդին օրինական նախապատվություններ և պայմաններ առաջարկելով կարելի է պահպանել սեփական պետության սահմաններում, այլ քայլեր՝ բռնություն, վայրագություն, թույլատրված չեն ո՛չ միջազգային օրենսդրության նորմերով, ոչ էլ քաղաքակիրթ աշխարհի մշակույթով: Մենք նույնպես միանում ենք ու շնորհավորում Շոտլանդիայի և Մեծ Բրիտանիայի ողջ ժողովրդին, որ այս փորձությունից քաղաքակիրթ ձևով դուրս եկան, կարևոր չէ այստեղ արդյունքը՝ այո-ն, թե ոչ-ը, այլ այն, որ պետությունն ու ժողովուդը կարողացան միասնականությունը և իրար նկատմամբ հարգանքը  պահպանելով՝ որոշման գալ:   Այս հակադրումն իսկապես բացառիկ օրինակ է աշխարհի համար, թե ինչպիսին  կարող է լինել քաղաքակիրթ պետությունը և ինչպիսին՝ բարբարոս իշխանությունը:

    Մյուս համամարդկային առանցքը, որն արծարծվեց նախագահի խոսքում ՝ քրիստոնեական աշխարհի, նրա արժեքների նկատմամբ հարգանքի ու պաշտպանվածության թեզն էր: Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու հանդեպ բարբարոսությունը գնահատվեց որպես անաստվածություն, որը չի կարող կապ ունենալ որևէ հավատքի հետ, և որևէ կրոնում՝ այդ թվում և Իսլամի մեջ , չի կարող խրախուսվել կամ ընդունելի լինել:

     Շատ կարևոր եմ համարում, որ նախագահը ՄԱԿ-ի՝ իր բնորոշմամբ ՝պատվո և պատասխանատվության այդ բարձր ամբիոնից, ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարների ներկայությամբ բարձրաձայնեց ադրբեջանական պրոպագանդայի կողմից տարիներ շարունակ շեփորվող Ղարաբաղին առնչվող 4 բանաձևերի թեման, որը Ադրբեջանի կողմից խեղաթյուրվում , դիտավորությամբ ու կեղծիքով է ներկայացվում աշխարհին: Սա նույնպես, կարծում եմ, Ադրբեջանի իշխանությունների ստի և կեղծիքի մեջ թաղված լինելու մասին բացահայտում էր համաշխարհային հանրության աչքի առջև: Նախագահ Սարգսյանը մանրամասն բացատրեց, թե ինչպես և ինչու են ընդունվել այդ բանաձևերը և ինչ պարտավորություններ է ստանձնել ու չի կատարել հենց ինքը՝ Ադրբեջանը, որ հիմա օգտագործում է այդ բանաձևերն իբրև գործիք: Համոզված եմ, որ սա արժանապատվություն ունեցող երկրի համար այնպիսի ջախջախիչ և սպառիչ պատասխան էր, որ պետք է այլևս վերջ դնի այդ թեմայի բարձրացմանն ու օգտագործմանը: 

Հերմինե Նաղդալյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ