Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բացվել է հերթական բակը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի հերթական բարեկարգ բակի հանդիսավոր բացմանը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորաստեղծ հանգստյան գոտու կառուցումը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է:
Հերթական անգամ մայրաքաղաքի բակերի բարեկարգման գործին իր մասնակցությունն է ունեցել Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը: Տասնյակ տարիներ անխնամ ու անհրապույր բակային տարծքն այսօր բնակիչների առջեւ իր դռներն է բացել գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով ու մանուկների համար խաղահրապարակներով կահավորված: Բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին եւ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությանը բակը բարեկարգելու համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորելով քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունն ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ բաց եւ պատրաստակամ է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների եւ անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց լուման ունենալ Երեւանի բարեկարգման գործում. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում եւս մեկ բակ հանձնեցինք մեր երեխաներին ու բնակիչներին: Այս բակի կառուցման հիմնական ներդրողը Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունն է: Մենք եւս մեկ անգամ փաստում են, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը բերում է նմանատիպ արդյունքների, ինչպես մեր բնակչության, այնպես էլ Երեւան քաղաքի բարեկարգման համար: Այս ընկերությունից բացի մենք ունենք մի շարք գործընկեր կազմակերպություններ, որոնք եւս հայտ են ներկայացրել նման ներդումներ իրականացնելու համար եւ վստահ եմ, որ հաջորդ տարիների ընթացքում գործընկերների թիվը կընդլայնվի:»,-նշել է քաղաքապետը:
Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանն իր հերթին նշել է, որ համայնքների զարգացումը ընկերության առաջնահերթ ուղղություններից մեկն է եւ որ այս խաղահրապարակի բացումը դրա վառ օրինակներից մեկն է. “Երեխաների առողջ ապրելակերպը եւ ֆիզիկական զարգացումը մեր ընկերության սոցիալական պատասխանատվության առաջնայնություններից է եւ մեր հաջողված համագործակցությունը Երեւանի քաղաքապետարանի հետ կլինի շարունակական ու կընդգրկի այլ ոլորտներ եւս”,-նշել է Գագիկ Դանիելյանը:
Բակի հանդիսավոր բացման արարողությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաեւ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գործարանի տարածքով, այցելել արտադրամաս եւ պահեստ: Ընկերության տնօրենը քաղաքապետին է ներկայացրել ըմպելիքների արտադրման գործընթացը, ինչպես նաեւ ընկերության նոր՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, հոսքագիծը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն