Կիսիլյովից հետո Դուք Ռուսաստանի soft power ներկայացուցիչն եք. Թ. Պողոսյանը` Պուտինի ներկայացուցչին
”Լսելով Ձեզ, ինձ մոտ տպավորություն է, որ Կիսիլյովից հետո Դուք Ռուսաստանի soft power ներկայացուցիչն եք: Գաղափարը նույնն է, դուք խոսում եք ռուսերեն լեզվի մասին:
Տարբերությունը այն է, որ նա մեծ քլունգով էր եկել, իսկ դուք ավելի մեղմ եք ասում”,-այսօր Ազգային ժողովում հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստի ժամանակ ասաց ”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը` դիմելով ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, ով իր ելույթում խոսեց ռուսերենի, երկու երկրների հարաբերությունների մասին:
”Ես հասկանում եմ, որ լեզուն լավ բան է, բայց եթե մենք ուզում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները, բարեկամությունը, ընդհանուր հետաքրքրությունները իրականան, ապա պետք է շեշտն այլ տեղ դնեք: Որպեսզի ես սովորեմ ֆիզիկա, պետք է այն սովորեմ հայերենով:
Եթե ես հայերենով ֆիզիկա չսովորեմ, ես չեմ դառնա ֆիզիկայի լավ մասնագետ: Իսկ ռուսերենը ինձ միայն կարող է օգնել մի քանի գիրք ավել կարդալ ֆիզիկայի մասին, որոնք կհարստացնեն իմ գիտելիքները”,-նկատեց պատգամավորը:
Վերջինս նշեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկու երկների հետաքրքրությունները միմյանց նկատմամբ նվազել են, ՌԴ-ը նայում է, ասում է, թե նավթը ինչպես շատ վերցնի: ”Ասում եք, Հայաստանին ճնշելու համար Ադրբեջանի հետ կխաղամ, Ադրբեջանին ճնշելու համար Հայաստանի հետ կխաղամ:Նորմալ է, միայն Ռուսաստանը սա չէ անում, նորմալ է:
Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ օրինակներ ենք բերում, բայց դրանց հետևել չենք ուզում: Այն ժամանակ, երբ հազարավոր ռուսներ կգան Հայաստան ծանոթ լինելով Ցեղասպանությանը, իսկ հազարավոր հայեր կմեկնեն Ռուսաստան, իմանալով ռուսերեն, այն ժամանակ հարաբերությունները նորմալ կդառնան”:
Ըստ պատգամավորի` հարաբերությունները կարելի է բերակաման անվանել, երբ ռուս պատմաբանները կհրաժարվեն տպագրել ու կարդալ այն գրքերը, որտեղ 10 հազար տարի առաջ ադրբեջանցիները ապրում էին, և որտեղ այդ ժամանակ հայեր չկային: ”Հանուն պատմական ճշմարտության նման բան պետք է ասվեր, բայց… դուք նախկին նախարար եք, հիմա էլ շատ մոտ եք նախագահին, խորհրդական եք, կարող եք չէ նրան հուշել, ատոմային զենք տալ և Հայաստանին և Ադրբեջանին, որ խաղաղությունը միանգամից հաստատվի: Կամ էլ կարող եք օրենք մշակել, որ ով Կովկասում զենք վաճառի, սանկցիաների կենթարկվի: Ես վստահ եմ, որ այդ ժամանակ ոչ մեկ զենք չի վաճառի, այդ թվում և Ռուսաստանը”: