«Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ», – ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ են մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում:
«Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով»,- ասել է վարչապետը:
Նա ակնկալում է, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար:
Փաշինյանի խոսքով՝ սա կնշանակի, որ ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում. «Այո՛, ես համարում եմ, որ կա հնարավորություն դա անելու, և Հայաստանն ասել է, որ մենք պատրաստ ենք լինել մաքսիմալ կառուցողական»:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը հերքել էր է, որ խորհրդական աշխատելու ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի անունից գաղտնի բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ ադրբեջանական հաքքին.ազ կայքը հայտնել էր, որ 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Արսեն Խառատյանը դիմել է Ադրբեջանի կառավարական աղբյուրին, առաջարկելով սկսել ուղիղ բանակցություններ։ Ադրբեջանական կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել եվրոպական երկրներից մեկում, Արսեն Խառատյանը նշել է, որ ներկայացնում է Փաշինյանին, որը հետաքրքրված է բանակցությունների նոր ֆորմատով։ Նա ասել է, որ Հայաստանի նոր կառավարությունը պատրաստակամ է ապագա բանակցությունների համար ընդունել փուլային կարգավորման պլանը, մասնավորապես, առաջին փուլում Ղարաբաղին կից երեք շրջանների «դեօկուպացիա», այնուհետև՝ ևս երկու շրջանի «հանձնում», մասնավորապես, գրել էր ադրբեջանական կայքը։