Վարորդները “Ծառուկյան” հիմնադրամի դեմ. մտադիր են փակել Երեւան-Աբովյան ճանապարհը /վիդեո/
Այսօր` հուլիսի 11-ին, անժամկետ գործադուլ են հայտարարել “Քինգ Դելյուքս” ընկերության ավտովարորդները, մասնավորապես` Երեւան-Աբովյան թիվ 259 երթուղու, Աբովյանի ներքաղաքային թիվ 1, թիվ 2, Երեւան-Չարենցավան թիվ 275 երթուղիների վարորդները պահանջում են հանել “Ծառուկյան” բարեգործական հիմնադրամի ավտոբուսները, որոնք խանգարում են իրենց աշխատանքին:
Ըստ վարորդների` զարմանալի է, որ բարեգործություն ասվածը հենց “Քինգ Դելյուքս”-ի կողմից սպասարկվող երթուղիների վրա է դրված: Եթե հարցը չլուծվի, վարորդները կփակեն Երեւան-Աբովյան ճանապարհը:
Աբովյան-Երեւան 259 համարի երթուղու վարորդների խոսքով, նրանք չեն կարող գիծ դուրս գալ, քանի որ այլեւս հնարավորություն չկա ուղեւոր փոխադրելու Երեւան: ԱԺ ընտրություններից առաջ “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամը մոտ 15 անվճար “ՊԱԶ” մակնիշի ավտոբուս է շահագործում այդ նույն երթուղով:
Վարորդները չեն կարող ըմբռնել, եթե մարդ բարեգործություն է անւոմ ինչու է մյուսի գործին վնասում, եւ բարեգործություն անողը այլ երթուղիների վրա էլ կդներ: Երեւան-Չարենցավան 275 համարի երթուղու վարորդները նշեցին, որ , որ այս ամենը կազմակերպված է “գծի տիրոջ` Արթուր Հարությունյանի դեմ”:
Ի դեպ Չարենացավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր իրավասության տակ չէ հարցին լուծում տալը, բարձր ատյանների խնդիր է: “Բայց ես չեմ կարող սեփականատիրոջը ասել աշխատի, բարեգործին էլ չեմ կարող` ասել մի արա”,-ասաց քաղաքապետը: Աբովյանի քաղաքապետը հրաժարվեց լրագրողների հետ հանդիպել:
“Քինգ դե լյուքս” ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի խոսքով, ինքը կմիանա իր վարորդներին, սակայն դեմ է, որ փակեն մայրուղին: “Ուզում եմ օրենքով բոլոր հարցերին լուծում տրվի, բայց ես չեմ ակրող վարորդին, որ ընտանիք է պահում` ասեմ համբերի, սպասի:Նույնիսկ վառելիքի փողը չեն հանում”,-ասաց Դալլաքյանը:
Հարցազրույցի մանրամասները տեսանյութում: